Ժելեզնովոդսկի գործընթաց

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փորձերից մեկը ձեռնարկվել էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ 1991 թ. օգոստոսյան պուտչի1 ձախողումից հետո՝ ձևականորեն դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի շրջանակներում։ Ռազմական գործողությունների և Արցախի բնակչության դեմ բռնաճնշումների թեկուզ ժամանակավորապես դադարեցումը պայմաններ ստեղծեցին երկխոսության և միջնորդության համար։

1991 թ. սեպտեմբերի 20-23 Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների գլխավորած միջնորդական առաքելությունն այցելեց Բաքու, Ստեփանակերտ և Երևան։ Այցի արդյունքներով սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում ստորագրվեց կոմյունիկե, որը նպատակ էր հետապնդում պայմաններ ստեղծել բանակցային գործընթաց սկսելու համար։ Կոմյունիկեն նախ և առաջ բարի մտադրությունների հռչակագիր էր՝ առանց դրանց իրագործման որևէ մեխանիզմի։

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների այցից անմիջապես հետո սկսված բանակցություններն ընդհատումներով անցկացվում էին Իջևանի (Հայաստան) և Ղազախի (Ադրբեջան) սահմանամերձ շրջաններում, սակայն բանակցային գործընթացն արագ փակուղի մտավ։

Առանցքային հարցը, որի շուրջ կողմերը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեին, բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության և նրանց կարգավիճակի հարցն էր։ Ադրբեջանական պատվիրակությունը կտրականապես դեմ էր հանդես գալիս ցանկացած ձևաչափով նրանց մասնակցությանը՝ թե՛ որպես առանձին պատվիրակություն, թե՛ Հայաստանի պատվիրակության կազմում, թե՛ աշխատանքային խմբերում (Ռուսաստանի առաջարկությունը)2։ Երկրորդ սկզբունքային հարցը, որի շուրջ կողմերը չկարողացան համաձայնության գալ, դարձավ Ժելեզնովոդսկի կոմյունիկեի դրույթների իրականացման կարգը։

1991 թ. դեկտեմբերին՝ ԽՍՀՄ գոյության իրավաբանական դադարեցումից հետո, Ելցին-Նազարբաև նախաձեռնությունը մարեց։ Միաժամանակ կտրուկ աճեց լարվածությունը, որը վերածվեց Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ լայնածավալ ագրեսիայի։

 


 

Ref

1․ Օգոտոսյան պուտչ. Միխայիլ Գորբաչովին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից հեռացնելու և նրա կողմից վարվող քաղաքական ուղեգիծը փոխելու փորձ, որը ձեռնարկվել է 1991 թ. օգոստոսի 19-ին Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի (ГКЧП), ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ կառավարության, բանակի և պետական անվտանգության կոմիտեի՝ պահպանողական տրամադրված մի խումբ գործիչների կողմից։ Պուտչն ավարտվեց օգոստոսի 22-ին՝ արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի անդամների մեծամասնության ձերբակալումով։

2․ С. Золян, Нагорный Карабах: Проблема и конфликт.– Ереван. Изд. «Лингва», 2001

Print Friendly, PDF & Email