ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը

1988-1991 թվականներին՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում, ՄԱԿ-ը հանդես էր գալիս հօգուտ ԽՍՀՄ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։ Չնայած 1991 թ. վերջերին Խորհրդային Միության փլուզումը ՄԱԿ-ին հնարավորություն ընձեռեց առավել ակտիվ ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այնուամենայնիվ ՄԱԿ-ը նախընտրեց զերծ մնալ ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ ի սատարումն Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) ջանքերի։

Սակայն 1992 թ., մտահոգված լինելով տարածաշրջանում իրավիճակի վատթարացմամբ և խաղաղության ու անվտանգության նկատմամբ ի հայտ եկած սպառնալիքներով, ՄԱԿ-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկեց չորս փաստահավաք առաքելություն1։ Առաջին փաստահավաք խումբը, որը գլխավորում էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը, Լեռնային Ղարաբաղ ժամանեց 1992 թ. մարտին։ Ս. Վենսի առաքելության նպատակներից մեկն էր սատարել ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական ջանքերին։ Նմանատիպ երկու այլ առաքելություններ ժամանեցին Լեռնային Ղարաբաղ, համապատասխանաբար, 1992 թ. մայիս և հոկտեմբեր ամիսներին: 1992 թ. հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտության գոտի ուղարկեց ևս մեկ փաստահավաք առաքելություն, որի նպատակն էր ստուգել ադրբեջանական կողմի պնդումներն իր դեմ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության համաձայն՝ «քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց խմբին չի ներկայացվել»2:

ԵԱՀԽ հովանու ներքո Հռոմում ընթացող նախնական խաղաղ բանակցությունները սկսելու պահից բանակցային սեղանի շուրջ ներկա էր ՄԱԿ-ի դիտորդը։

1992 թ. մայիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունվում էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից առաքելության անհապաղ ուղարկումը Լեռնային Ղարաբաղ՝ բացահայտելու փաստերը և ուսումնասիրելու խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերին օգնելու համար ԵԱՀԽ շրջանակներում գործադրվող ջանքերին անհապաղ աջակցելու ուղիներն ու միջոցները3։ Հետագայում Անվտանգության խորհուրդը մշտապես իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԽ ջանքերին։

1993 թ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունեց չորս բանաձև՝ 822 (1993 թ., ապրիլի 30), 853 (1993 թ., հունիսի 29), 874 (1993 թ., հոկտեմբերի 14), 884 (1993 թ., նոյեմբերի 12)։ Դրանց առաջնահերթ և կարևորագույն պահանջն էր՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումը։

Բոլոր չորս բանաձևերի հենց այդ հիմնական պահանջն է, որ պարբերաբար խախտվել է Ադրբեջանի կողմից և առ այսօր լիովին իրագործված չէ։ Արդեն իսկ բանաձևերի ընդունումից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունները (ինչի մասին հստակ նշված է 884 բանաձևում) և մերժել հրադադար հաստատելու կամ այն երկարաձգելու վերաբերյալ առաջարկությունները։

Հրադադարի մասին համաձայնությունը ձեռք բերվեց ՄԱԿ-ի ԱԽ առաջին բանաձևի ընդունումից միայն մեկ տարի անց։ Ադրբեջանը դիմեց անժամկետ հրադադարին ոչ թե նշված բանաձևերի հիման վրա, որոնք այդ ընթացքում համառորեն անտեսում էր, այլ ռազմական ձախողումների պատճառով։

Ինչպես հետագայում նշում էր Մինսկի խմբում Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը, արդեն 1994 թ. սկզբին գրեթե անհնար էր ապավինել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, քանի որ դրանք անկիրառելի էին դարձել: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի քաղաքական և դիվանագիտական հիմքը դարձան ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, այլ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թվականի ապրիլի 15-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների Բիշքեկյան արձանագրությունը4:

Սակայն նույնիսկ հրադադարի հաստատումից հետո ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի՝ բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցման հիմնական պահանջը լիովին չի իրագործվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, հրաժարվում միջազգային միջնորդների կողմից առաջարկվող հրադադարի ամրապնդման միջոցներից, մշտապես սպառնում ռազմական գործողությունների վերսկսմամբ, շարունակում ԼՂՀ-ի և Հայաստանի շրջափակումը:

Ադրբեջանական կողմը անտեսել է ոչ միայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիմնական պահանջը, այլև մի շարք այլ պահանջներ.

  • զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորմանը (822, 853): Զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից մշտական սադրանքները, ռազմական գործողությունների վերսկսման շարունակական սպառնալիքները, վստահության ամրապնդման և լարվածության թուլացման միջոցների կիրառման մերժումը, այլատյացության և հայատյացության քարոզչությունը, աշխարհի հայերին Ադրբեջանի թիվ մեկ թշնամի հայտարարելն ավելի են բարդացնում հակամարտության կարգավորման գործընթացը:
  • շարունակել բանակցությունները կողմերի միջև ուղղակի շփումների միջոցով (853)։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում որպես հակամարտության կողմեր նշվում են Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը։ Հակառակ ՄԱԿ-ի ԱԽ պահանջներին և կոչերին, Ադրբեջանը 1993 թ. հոկտեմբերից դադարեցրեց երկկողմ ուղիղ շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, իսկ 1997 թ. ապրիլին հրաժարվեց Ադրբեջան-Հայաստան-ԼՂՀ ձևաչափով եռակողմ բանակցություններից։ Հարկ է նշել, որ հենց երկկողմ շփումների արդյունքում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ձեռք բերվել շուրջ տաս երկկողմ պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման շուրջ, որոնք ճանապարհ հարթեցին 1994 թ. մայիսին անժամկետ հրադադարի մասին համաձայնության ձեռք բերման համար։
  • ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի հրատապ գումարում՝ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով (874): 1992 թ. մայիսին Ադրբեջանը արգելափակել է Մինսկի խորհրդաժողովի գումարումը՝ առաջադրելով ակնհայտորեն անիրագործելի նախապայմաններ։ Չնայած ՄԱԿ-ի ԱԽ կոչերին, հետագայում ադրբեջանական կողմը շարունակել է պահպանել տվյալ դիրքորոշումը, ինչն անհնար դարձրեց Մինսկի խորհրդաժողովի անցկացումը։
  • տարածաշրջանում վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը (853): Հակամարտության ամենասկզբից, փորձելով այն լուծել ուժի միջոցով, Ադրբեջանը դիմեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շրջափակմանը, որը շարունակվում է առ այսօր։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ամբողջական մեկուսացումը Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարվել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը5։
  • ապահովել մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել իրականացում (822, 853, 874)։ Մասնավորապես, զինված հակամարտության սկզբից առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով մասնագիտացված միջազգային կազմակերպությունների այցերը Լեռնային Ղարաբաղ՝ հանրապետությունում բնակվող Ադրբեջանից հայ փախստականներին և ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու համար։

Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի պահանջների անտեսումը և նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են արժեզրկել և անկիրառելի դարձրել սույն բանաձևերը։

 


 

Ref

1. Report of the Secretary-General on the work of the Organization, September 1992, A/47/1; Report the Secretary-General on the work of the Organization, September 1993, A/48/1

2. Olivier Paye and Eric Remacle. UN and OSCE Policies in Transcaucasia. Contested Borders in the Caucasus, by Bruno Coppieters (ed.)

3. Note by the President of the UN Security Council, May 12, 1992 S/23904

4. Владимир Казимиров. Резолюции Совета Безопасности ООН и перемирие в Карабахе
    www.regnum.ru/news/polit/1730416.html

5. 2012 թ. սեպտեմբերի 21-ին կայացած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների 4-րդ հանդիպման ժամանակ։

Print Friendly, PDF & Email