Տեղեկություններ զբոսաշրջիկների համար

Մուտք գործելու կարգը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու համար օտարերկրյա պետությունների քաղաքացիները պետք է ունենան վավերական արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ և ԼՂՀ մուտքի արտոնագիր՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ։

Օտարերկրյա քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։ 

Ինչպես այցելել Արցախ

Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սահմանակից է երեք պետությունների՝ Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը, այնուամենայնիվ ներկայումս զբոսաշրջիկների համար Արցախ տանող միակ հասանելի ուղին անցնում է Հայաստանի տարածքով։

Երևանը Ստեփանակերտին կապող մոտ 350 կիլոմետր երկարությամբ ճանապարհն անցնում է Հարավային Հայաստանի բնակավայրերով՝ Եղեգնաձոր, Վայք, Գորիս քաղաքներով։ Մայրուղին պահվում է բարվոք վիճակում և գործում է ամբողջ տարին։ Ուղևորությունը, կախված տրանսպորտային միջոցի տեսակից, տևում է 4-ից 6 ժամ։

Արցախ այցելելու համար կարելի օգտվել ինչպես հասարակական տրանսպորտից, այնպես էլ տաքսիներից։ Ամեն օր՝ սկսած առավոտյան ժամը 8։00-ից, մոտ 1 ժամանոց ընդմիջումներով Երևան քաղաքի Կենտրոնական ավտոկայանից դեպի Ստեփանակերտ են ուղևորվում ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, որոնք Արցախ են հասնում մոտավորապես 6 ժամում։

Լեզու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Պաշտոնական գործավարությունը, նամակագրությունը, դատավարությունը և այլ ընթացակարգեր իրականացվում են հայերենով։ Առօրյա կյանքում և ոչ պաշտոնական միջավայրում բնակչությունը շփվում է հայերենի արցախյան բարբառով։

Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։

Տուրիստական գործակալությունների և հյուրանոցների աշխատակիցները, որպես կանոն, ռուսերենից բացի տիրապետում են նաև անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Հասարակական վայրերում ցուցանակներն ու գովազդները հիմնականում եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ճանապարհային նշանները գրեթե ամենուր երկլեզու են՝ հայերեն և անգլերեն։

Արժույթը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում դրամական միավորը հայկական դրամն է (Armenian Dram - AMD):

Թույլատրվում է Արցախ բերել անսահմանափակ քանակությամբ կանխիկ գումար՝ ինչպես տեղական արժույթով, այնպես էլ արտարժույթով։ Ցանկացած ազատ փոխարկելի արտարժույթ կարելի է Արցախ ժամանելուն պես փոխանակել ՀՀ դրամով բանկերում, հյուրանոցների մեծ մասում կամ Ստեփանակերտում և շրջկենտրոններում գտնվող արտարժույթի փոխանակման լիցենզավորված կետերում։

ԼՂՀ տարածքում ընդունվում և սպասարկվում են «VISA», «MASTERCARD», «MAESTRO» և այլ միջազգային վճարային քարտեր։

Հաղորդակցություն

ԼՂՀ հեռախոսային կոդը +374 47 է, բջջայինի համար՝ +374 97։

Արցախից արտերկիր կարելի է զանգահարել հավաքելով` 00, երկրի կոդը, քաղաքի կոդը և հեռախոսահամարը:

Հանրապետության գրեթե ողջ տարածքում հասանելի է բջջային հեռախոսակապը, որն ապահովում է «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը։ Բջջային կապի և ծառայությունների սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ընկերության կայքից։

Երկրի բոլոր քաղաքներում կան փոստային բաժանմունքներ։ Կենտրոնական փոստային բաժանմունքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Հակոբ Հակոբյան փողոց 30 հասցեում։

ԼՂՀ-ում փոստային բաժանմունքները գործում են երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9։00-ից մինչև 17։00-ը՝ մեկժամյա ընդմիջումով (ժամը 13։00 - 14։00)։ Կենտրոնական փոստը բաց է նաև շաբաթ օրերին՝ ժ. 9։00-ից մինչև 13։00-ը։ Տոն օրերին փոստը չի աշխատում։

Փոստային ինդեքսն է՝ 375000։

Կլիմա

Արցախի կլիման մեղմ և բարեխառն է։ Հանրապետության զգալի տարածքում դիտարկվում է չոր մերձարևադարձային կլիմա։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը +10,5˚C է։ Ամենաշոգ ամիսներն են հուլիսն ու օգոստոսը, որոնց ընթացքում միջին ջերմաստիճանն է +21,7˚C և +21,4˚C։ Ցածրադիր և նախալեռնային վայրերում առավելագույն ջերմաստիճանը հասնում է +40˚C-ի, միջին լեռնային և լեռնային վայրերում՝ +32˚C-ից +37˚C-ի։ Ցուրտ ժամանակահատվածում՝ հունվար և փետրվար ամիսներին, միջին ջերմաստիճանը տատանվում է -2˚C ­ -9˚C սահմաններում։ Ցածրադիր գոտում ջերմաստիճանն իջնում է մինչև -16˚C, նախալեռներում՝ մինչև -19˚C, բարձրադիր գոտում՝ -20˚C-ից մինչև -23˚C։ Գարնան և ամռան ամիսներին հաճախակի են ուժեղ ամպրոպները։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը, ըստ գոտիների, տատանվում է 480-700 մմ-ի սահմաններում։ Տեղումների մեծ մասը լինում է մայիս-հունիս ամիսներին, հաճախակի են հորդառատ անձրևներն ու կարկուտը։ Տարվա մեջ 100-125 օր ամպամած է լինում։

Ժամային գոտին՝ GTM +4:

Աղբյուրը՝ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն

 

 

Print Friendly, PDF & Email