Ռուսաստանի խաղաղարար նախաձեռնությունները

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում խաղաղ կարգավորման ուղիներ զուգահեռաբար փնտրում էին մի շարք միջնորդներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Իրանը, Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ): Ամենաակտիվներից էր Ռուսաստանը, որն իր միջնորդական գործունեությունն իրականացնում էր ինչպես միակողմանի կարգով, այնպես էլ ԱՊՀ և ԵԱՀԽ/ԵԱՀԿ շրջանակներում:

Առաջին փուլում Ռուսաստանի խաղաղարար նախաձեռնություններն իրականացվում էին «Ժելեզնովոդսկի գործընթացի» շրջանակներում՝ Ղազախստանի հետ համատեղ: Նրանից հետո, երբ «Ժելեզնովոդսկի գործընթացն» աստիճանաբար սպառեց իրեն, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման նպատակով 1992 թ. մայիսի 5-ին Ռուսաստանում ստեղծվեց միջնորդական առաքելություն, որը գլխավորեց ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Սակայն մինչև հատուկ միջնորդական առաքելության ստեղծումը Ռուսաստանը հանդես էր եկել մի շարք նախաձեռնություններով: Մասնավորապես, 1992 թ․ ապրիլի 13-ին ռուսական կողմն առաջ է քաշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկփուլ ծրագիր՝ ներկայացնելով այն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին և ԵԱՀԿ գործող նախագահ Իրժի Դինստբիրին, ապա նաև՝ հակամարտող կողմերի ղեկավարներին1: Սակայն Ռուսաստանի առաջարկն այդպես էլ չիրագործվեց:

ՌԴ ԱԳՆ-ին զուգահեռ զինված հակամարտության դադարեցմանն ուղղված միջնորդական գործունեություն էր ծավալել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: 1992 թ. սեպտեմբերի 19-ին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությամբ Սոչիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Վ. Սարգսյանի և Ռ. Ղազիևի հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց համաձայնագիր՝ սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը երկու ամիս ժամկետով բոլոր տեսակի զենքերից կրակի ժամանակավոր դադարեցման մասին: Սակայն կրակի դադարեցմանը հասնել այդպես էլ չհաջողվեց: 1992 թ. ամռանը Խորհրդային բանակի ունեցվածքի բաժանման արդյունքում ձեռք բերելով մեծաքանակ մարտական տեխնիկա և սպառազինություն2 և ռազմական ճնշող գերազանցություն ապահովելով՝ Ադրբեջանը նախընտրում էր հարցը լուծել ռազմական ճանապարհով:

1993 թվականից Ռուսաստանը սկսեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԽ-ից ավելի ինքնուրույն դեր խաղալ: Ռուսական կողմի նախաձեռնությամբ կարգավորման գործընթացի մեջ ներգրավվեցին ԱՊՀ նոր ձևավորված կառույցները, մասնավորապես, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ):

1994 ապրիլի 15-ին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ Հռչակագիր ընդունեց կրակի դադարեցման մասին՝ հստակ սահմանելով որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհետաձգելի անհրաժեշտություն:

1994 թ. մայիսի 4-5 ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի խորհրդարանի, Ռուսաստանի ԱԳՆ և Դաշնային ժողովի առաջարկով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում խորհրդարանների նախագահների մակարդակով տեղի ունեցավ եռակողմ (Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան) հանդիպում: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, ղարաբաղյանը՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, ադրբեջանականը՝ ԱՀ Միլլի մեջլիսի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովը3: Հանդիպման ընթացքում միջնորդները կողմերի քննարկմանը և ստորագրմանը ներկայացրեցին արձանագրության նախագիծ, որը կոչ էր անում կողմերին 1994 թ. մայիսի 8–ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը:

Մայիսի 5-ին Բիշքեկյան արձանագրությունը ստորագրեցին Հայաստանի և ԼՂՀ պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վ. Շումեյկոն, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Մ. Շերիմկուլովը, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը և ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի քարտուղար Մ. Կրոտովը: Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվեց ստորագրել արձանագրությունը:

1994 թ. մայիսի 8-ին Վ. Կազիմիրովի միջնորդությամբ ադրբեջանական կողմը՝ ի դեմս Միլլի մեջլիսի խոսնակ Ռ. Գուլիևի, այնուամենայնիվ, ստորագրեց Բիշքեկյան արձանագրությունը Բաքվում: Այս ուշացման պատճառով կրակի դադարեցումն ուժի մեջ մտավ 1994 թ. մայիսի 12-ի կեսգիշերին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարը և Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները:

1994 թ. հուլիսի 26-27 ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ղեկավարները հաստատեցին «կրակի դադարեցման մասին ստանձնած պարտավորությունները՝ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը»:

1994 թ. օգոստոսի 29-ին ԼՂՀ-ն, Ադրբեջանը և Հայաստանը հանդես եկան հայտարարություններով՝ հաստատելով կողմերի ռազմական ղեկավարությունների հրամանները՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հրադադարի ռեժիմի խախտմանը։ Հայտարարություններում ընդգծվում էր, որ հրամանները նախատեսում են նաև հրադադարի խախտման համար մեղավոր անձանց նկատմամբ պատժի միջոցներ։

1994 թ. դեկտեմբերին Ռուսաստանի և ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերը համախմբելու նպատակով ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովում որոշում ընդունվեց Մինսկի գործընթացի և Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հիմնադրման մասին4:

Մինսկի խմբի առաջին համանախագահներ դարձան Ռուսաստանն ու Շվեդիան, որոնց նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով 1995 թ. փետրվարի սկզբին ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր կնքվեց: Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 1995 թ. փետրվարի 6-ին, սակայն այն մինչ օրս չի կիրառվել ԼՂՀ հետ ցանկացած շփումներից հրաժարվող Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

1996 թ. Մինսկի խմբում իր գործունեությանը զուգահեռ Ռուսաստանը շարունակում էր միակողմանի կարգով միջնորդական ջանքեր գործադրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: 1996 թ. մայիսի 8-11 ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելեց Բաքու, Ստեփանակերտ ու Երևան և բանակցություններ վարեց երեք հանրապետությունների ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսվում էր համատեղ եռակողմ հայտարարության ընդունում՝ հօգուտ հակամարտության խաղաղ կարգավորման և ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Չնայած նախնական համաձայնությանը՝ համատեղ հայտարարությունն այդպես էլ չընդունվեց ադրբեջանական կողմի մեղքով, որը Ռուսաստանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի մեկնարկից հետո հրաժարվեց եռակողմ հայտարարությունից՝ պնդելով, որ այն ստորագրվի միայն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից: Համատեղ հայտարարության ընդունման հետ կապված դժվարություններն այնուամենայնիվ չխանգարեցին կողմերին ռազմագերիների ու պատանդների փոխանակում իրականացնել: ԼՂՀ-ն ու Հայաստանն Ադրբեջանին հանձնեցին 71 հոգու, իսկ ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց 39 հոգու5:

1997 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ստեղծումից հետո ռուսական կողմն իր միջնորդական գործունեությունն իրականացնում է նշյալ ձևաչափի շրջանակներում՝ մյուս երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ:

Միևնույն ժամանակ ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացավ հանդիպումների մի ամբողջ շարք, որոնց արդյունքներով ընդունվեցին հայտարարություններ՝

  • 2008 թ. նոյեմբերի 2-ի Մայնդորֆյան հռչակագիրը,
  • 2010 թ, հոկտեմբերի 27-ի Աստրախանի հայտարարությունը,
  • 2011 թ. մարտի 5-ի Սոչիի հայտարարությունը։

2011 թ. հունիսի 25-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման նպատակով, որը նույնպես արդյունք չտվեց։

2014 թ. օգոստոսի 10-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որն անցավ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության կտրուկ աճի ֆոնի վրա6։

 

Ref

1․ В.Казимиров. Мир Карабаху. Посредничество России в урегулировании нагорно-карабахского конфликта. – М.: Междунар.отношения, 2009. С. – 29

2․ Նախկին Խորհրդային բանակի մարտական տեխնիկայի ու սպառազինությունների բաժանման արդյունքում Ադրբեջանին բաժին հասավ. 325 տանկ, 344 ՀՄՄ, 78 ԴՄՄ, 38 մարտական հետախուզության մեքենա, 329 զրահափոխադրիչ ու զրահապատ քարշակ, 343 հաուբից և ինքնագնաց հրետանային հրանոթ, 63 «Գրադ» ռեակտիվ կայանք, 52 ականանետ, 35 ՄիԳ կործանիչ, 7 ճակատային ռմբակոծիչ, 1 Սու-25 գրոհային և 52 Լ-29 ուսումնամարտական ինքնաթիռ, 18 ՄԻ-24 հարվածային և 15 ռազմատրանսպորտային ուղղաթիռ, մինչև 100 զենիթահրթիռային համալիր:

3․ Ադրբեջանական Միլլի Մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևը, ով պետության երկրորդ դեմքն էր, ստիպված էր մնալ երկրում, քանի որ Ադրբեջանի նախագահն այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում:

4․1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը, ի կատարումն Բուդապեշտի գագաթաժողովի որոշման, տրամադրեց Մինսկի գործընթացի համանախագահության մանդատ։

5․ В.Казимиров. Мир Карабаху. Посредничество России в урегулировании нагорно-карабахского конфликта. – М.: Междунар.отношения, 2009. С. – 204 - 206

6․ Սոչիի հանդիպմանը հաջորդեցին ևս երկու հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ՝ 2014 թ. սեպտեմբերի 4-ին Նյու-Պորտում (Ուելս)՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ, և 2014 թ. հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։

Print Friendly, PDF & Email