Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն է միացել կազմակերպությանը Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունից (Պրահա, 1992 թ. հունվարի 30) անմիջապես հետո:
1992 թ. փետրվարին ԵԱՀԽ հատուկ առաքելությունը` Միջազգային հելսինկյան ֆեդերացիայի նախկին նախագահ, այն ժամանակ Չեխոսլովակիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կառել Շվարցենբերգի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։ Այցի արդյունքներով կազմվել է զեկույց, որը քննարկման առարկա է դարձել ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի (ԱՊԿ)1 7-րդ և 8-րդ նստաշրջաններում՝ 1992թ. փետրվարի 27-28 և մարտի 13-14։ Փետրվարի 28-ին ԱՊԿ-ն որոշում է ընդունել, որի կարևորագույն բաղադրիչներն էին կրակի դադարեցումը, մարդասիրական միջանցքների ստեղծումը և հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարման էմբարգոն։
Սակայն այս առաջարկություններն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով այդպես էլ մնացին թղթի վրա. չիրականացվեցին ո՛չ կրակի դադարեցման մասին որոշումը, ո՛չ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անարգել մարդասիրական օգնություն հասցնելու համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հանձնարարականները։
Դեռ ավելին, իր տարածքում գտնվող նախկին Խորհրդային Միության զինապահեստներ մուտք գործելու հնարավորություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը սկսեց զանգվածային հրետակոծության ենթարկել ԼՂՀ բնակավայրերը՝ կիրառելով նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ)։
1992 թ. մարտի 24-ին ԱՊԿ առաջարկությամբ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց տարածաշրջան ուղարկել ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իրժի Դինստբիրին։ 1992 թ. ապրիլի 7-ին Ի.Դինստբիրը Մինսկի խորհրդաժողովի նախագահ նշանակեց իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆաելիին։ Սկսվեցին 1992 թ. հունիսի 23-ին նախանշված խորհրդաժողովի գումարման նախապատրաստական աշխատանքները։ Նույն թվականի մայիսի 1-ին ԱՊԿ 10-րդ նստաշրջանի ժամանակ որոշում ընդունվեց խորհրդաժողովի ընթացակարգի կանոնների վերաբերյալ։
Սակայն Պրահայում և Հելսինկիում ընթացող ակտիվ քննարկումները որևէ ազդեցություն չունեին տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա։ Որոշումներից և ոչ մեկը չկատարվեց. Լեռնային Ղարաբաղը շարունակում էր շրջափակված մնալ բոլոր կողմերից և մշտական հրթիռահրետանային գնդակոծությունների և սովի պատճառով դատապարտված էր կործանման։ Հանրապետության և նրա բնակչության լիովին ոչնչացման վտանգը ԼՂՀ իշխանություններին ստիպեց կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի հիմնական կրակակետերը ճնշելու և շրջափակումը ճեղքելու համար, առանց որի անհնար էր ապահովել հանրապետության բնականոն կենսագործունեությունը։ Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակն ազատագրեց Շուշի քաղաքը և ճնշեց ադրբեջանական կրակակետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը, իսկ մայիսի 18-ին Լաչինի (Բերձորի) շրջանում ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցք բացվեց:
Այս պայմաններում ադրբեջանական կողմը հայտարարեց, որ առանց 1992 թ. ապրիլի դրությամբ գործող ստատուս-քվոյի վերականգման Մինսկի խորհրդաժողովի անցկացումն անհնարին է։
Հակամարտ կողմերի միջև տարաձայնությունները հաղթահարելու և երկխոսությունը վերականգնելու նպատակով 1992 թ. հունիսի 1-5 Իտալիայի հրավերով Հռոմում տեղի ունեցավ Մինսկի խորհրդաժողովի 11 մասնակից պետությունների հանդիպումը, որին հետևեցին ևս չորս հանդիպումներ (1992թ. հունիսի 15-20, հունիսի 29-ից հուլիսի 6-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը, սեպտեմբերի 7-10)։
Արդյունքում, ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի մասնակից պետությունների ներկայացուցիչների արտակարգ հանդիպումը վերածվեց հանդիպումների մի ամբողջ շարքի և հանգեցրեց օժանդակ կառույցի՝ Մինսկի խմբի կազմավորմանը2։ Հռոմում քննարկումների ընթացքում առանցքային հարցերից էր մնում Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կարգավիճակն ու մասնակցության ձևաչափը։ Չնայած 1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում ընդունված «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ» ձևակերպումը թույլ էր տալիս պաշտոնական Ստեփանակերտին մասնակցել բանակցային գործընթացին, այնուամենայնիվ, փակուղային իրավիճակ էր ձևավորվել. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշեր Մինսկի խորհրդաժողովը, իսկ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության ձևը կախված էր նրա կարգավիճակից3։
Ադրբեջանը պնդում էր, որ հիմնական խնդիրների լուծման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը չի պահանջվում։ Առավելագույնը, ինչին համաձայնվում էր ադրբեջանական կողմը, աշխատանքային խմբերի շրջանակներում խորհրդակցական ձայն տրամադրելն էր։ Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը բանակցային գործընթացում մասնակցությունը պայմանավորում էր իր կարգավիճակի և մասնակցության ձևաչափի հստակեցմամբ։ Եվ քանի որ նման պարզաբանումներ չէին տրամադրվել, ԼՂՀ պատվիրակությունը չմասնակցեց առաջին երկու հանդիպումներին։ Ղարաբաղյան պատվիրակությունը Հռոմ ժամանեց միայն 3-րդ փուլի վերջում։
Հռոմում բանակցությունների հինգ փուլերի ավարտից հետո ակնհայտ դարձավ, որ բազմաթիվ հարցերի շուրջ հակամարտ կողմերի միջև խիստ տարաձայնությունների պատճառով Մինսկի խորհրդաժողովը չի գումարվելու։ Ավելին, Ադրբեջանը երկու անգամ, ըստ էության, ընդհատեց Մինսկի բանակցային գործընթացը. 1992 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը հրաժարվեց 60 օրով ռազմական գործողությունների դադարեցմանը համաձայնություն տալ, իսկ 1993 թ. ապրիլին Ժնևում ադրբեջանական կողմը լքեց Մինսկի խմբի խորհրդակցությունները և հրաժարվեց մասնակցել Մինսկի գործընթացին՝ մինչև ղարաբաղյան ուժերը դուրս չգան Քարվաճառից (Քելբաջար):
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և բանակցային գործընթացում նրա մասնակցության ձևաչափի հարցում հստակության բացակայությունը շարունակում էր մնալ իրական առաջընթացի հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը։ Չնայած զուտ հակամարտության ընթացքը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է հանդիսանում, ինչի մասին են վկայում 1993 թ. ուղղակիորեն ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված ավելի քան 10 համաձայնագրերը՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման վերաբերյալ: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը միայն 1993 թ. ճանաչեց տվյալ փաստը, ինչը հետագայում իր արտացոլումը գտավ 1994 թ. ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում և հաստատվեց 1995 թ. մարտի 31-ին ԵԱՀԿ գործող նախագահի Պրահայի ռեզյումեում։
Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի տեղապտույտի պայմաններում Ռուսաստանը բազմապատկեց իր միջնորդական ջանքերը, և մեծապես դրանց շնորհիվ 1994 թ. մայիսին կնքվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Ռուսաստանի և ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերը համախմբելու համար ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովում (1994 թ. դեկտեմբեր) Մինսկի գործընթացի և Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտ հիմնելու որոշում ընդունվեց4։ Առաջին համանախագահները դարձան Ռուսաստանն ու Շվեդիան (1996 թ. ապրիլից Շվեդիային այդ պաշտոնում փոխարինելու եկավ Ֆինլանդիան)։
1995 թ. հունվարին վերսկսվեցին բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, որոնք, Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն, անց էին կացվում երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Սակայն, արդեն 1997 թ. սկզբին դրանք ձախողվեցին։ Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ 1996 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովի ամբողջ եզրափակիչ փաստաթղթի վրա վետո դնել սպառնացող ադրբեջանական պատվիրակության շանտաժի ներքո5 ԵԱՀԿ Գործող նախագահը հանդես եկավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ հայտարարությամբ։ Այդ սկզբունքները, փաստորեն, կանխորոշում էին բանակցությունների արդյունքները, և այդ պատճառով էլ մերժվեցին և՛ Հայաստանի, և՛ ԼՂՀ կողմից։ Լիսաբոնյան գագաթաժողովից հետո կողմերը միայն մեկ անգամ հանդիպեցին խորհրդակցությունների համար՝ 1997 թ. ապրիլին։
1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։ 1997-1998 թթ. համանախագահները բանակցությունները վերսկսելու համար որպես հիմք կողմերին առաջարկեցին հակամարտության կարգավորման երեք նախագիծ՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր» (1997 թ. հունիս), «Ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիր» (1997 թ. սեպտեմբեր), «Ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր» (1998 թ. նոյեմբեր)։ Առաջին երկու առաջարկությունները մերժվեցին Լեռնային Ղարաբաղի, իսկ երրորդը՝ Ադրբեջանի կողմից։ Հետագայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խոստովանեց, որ երեք առաջարկություններից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէր, իսկ առաջին երկու առաջարկությունների ընդունումը մարտավարական բնույթ էր կրում6։
1999 թ. ապրիլին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, այնուհետ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 50-ամյա հոբելյանին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի առաջին ուղղակի հանդիպումները, որոնք էլ սկիզբ են դրել ամենաբարձր մակարդակով հանդիպումների մի ամբողջ շարքի:
1999 թվականից ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և այլ պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ, Բաքու և Երևան կատարած մաքոքային այցերի ձևաչափով։
2001 թ. հունվարի 26-ին և մարտի 4-5 Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև բանակցությունների երկու փուլ: Փարիզյան հանդիպումներին հետևեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Քի-Վեսթում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ)՝ 2001 թ. ապրիլի 3-7: Քի-Վեսթի հանդիպումը բացեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Դրա նախապատրաստմանն ու անցկացմանը մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների դիվանագետները: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այնուհանդերձ, Քի-Վեսթի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործվեցին, առաջին հերթին, հետագայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի դրանցից հրաժարվելու պատճառով:
2006 թ. հունիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ ունեցան Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ ներկայացնելով հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Ընդ որում, համանախագահները նշեցին, որ «սպառել են իրենց երևակայությունն այդ սկզբունքները ճանաչելու, ձևակերպելու և վերջնական տեսքի բերելու գործում»: 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին պաշտոնապես հանձնվեց կարգավորման հիմնարար սկզբունքների տեքստը (որոնք հետագայում անվանվեցին «մադրիդյան»):
2009 թ. հուլիսի 10-ին Իտալիայի Լ՛Աքվիլա քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ բացահայտվում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիմնական դրույթները: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների կողմից համանման հայտարարություններ են ընդունվել 2010 թ. հունիսի 26-ին Մուսկոկայում (Կանադա), 2011 թ. մայիսի 26-ին Դովիլում (Ֆրանսիա), 2012 թ. հունիսի 18-ին Լոս-Կաբոսում (Մեքսիկա), 2013 թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում (Հյուսիսային Իռլանդիա) տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթաժողովների ընթացքում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների առաջին համատեղ հայտարարությունից հետո (լ՛Աքվիլա, 2009 թ.) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն 2009 թ. հուլիսի 17-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ընդգծվում էր աղավաղված բանակցային գործընթացի վերագործարկման, բանակցությունների սեղանին ԼՂՀ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի վերադարձի և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպման անհրաժեշտությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Ref
1. Ավագ պաշտոնյաների կոմիտեն ԵԱՀԽ օպերատիվ ղեկավարման մարմինն էր։
2. В. Казимиров. Мир Карабаху. Посредничество России в урегулировании нагорно-карабахского конфликта. – М.: Междунар. отношения, 2009
3. С. Золян. Нагорный Карабах: Проблема и конфликт. – Ереван. Издательство «Лингва», 2001
4. 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը, կատարելով Բուդապեշտի գագաթաժողովի որոշումները, Մինսկի գործընթացում համանախագահության մանդատ տրամադրեց
5. Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հարցազրույց հանրապետության լրագրողներին ինքնաթիռում՝ 1996 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովից վերադառնալիս։
http://lib.aliyev-heritage.org/ru/6466482.html
6. 2001 թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի ելույթը Միլի մեջլիսում։
http://lib.aliyev-heritage.org/ru/6753023.html