1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի (Կիրովաբադում տեղակայված 23-րդ դիվիզիան) ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողություն:
ԼՂԻՄ և հարակից շրջանների մի շարք հայաբնակ գյուղերի բնակիչների տեղահանման որոշումներն ընդունվեցին Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարության կողմից 1991 թ. ապրիլին՝ Ադրբեջանի Պաշտպանության խորհրդի 1991 թ. ապրիլի 10-ի, Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության 1991 թ. ապրիլի 11-ի նիստերին և 1991 թ. ապրիլի 16-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի մոտ հանրապետության ԱԱԿ, ՆԳՆ, Դատախազության ղեկավարության հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ1: Տեղահանման գործողությունների ղեկավարությունը հանձնարարվեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մ. Ասադովին2:
Սակայն ԼՂԻՄ հարակից գյուղերից հայ ազգաբնակչության «դուրս մղումը» շատ ավելի վաղ էր սկսվել: Մասնավորապես, 1989-1990 թթ. Հյուսիսային Արցախի երեք գյուղերի (Կուշչի Արմավիր, Ազատ, Կամո) բնակիչներն իրենց դեմ չդադարող զինված հարձակումների, շրջանային իշխանության մարմինների ճնշումների պատճառով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը3:
1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է հեռացվեն Ղարաբաղից, եթե նրանք համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: Դեռևս 1991 թ. փետրվարի սկզբին Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար, «Լեռնային Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեի» ղեկավար Վ. Պոլյանիչկոն, ելույթ ունենալով Բաքվում, հայտարարեց. «1991 թ. կհայտարարվի Ղարաբաղի տարի: Այս տարին կլինի Ադրբեջանի դժվարությունների վերջին տարին: Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է գրավենք այն մեր երեխաների համար»4։
1991 թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում հատուկ ընդգծվում է հայ փախստականների աղետալի դրությունը և կոչ արվում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ինչպես Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակումը, այնպես էլ կանխամտածված և բռնի տեղահանության ենթարկվող Ղարաբաղի ու հարակից հայկական անկլավների հայ բնակչության անվտանգության նկատմամբ ոտնձգությունները5:
1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծության ենթարկել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին Բաքվի պահանջով արգելվեցին Երևանից-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները6:
Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:
Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին նշված գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով7։
Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:
Հյուսիսային Արցախի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պահանջեց հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումար, սակայն Կրեմլը անտեսեց այդ կոչը:
1991 թ. մայիսին ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց, որը դատապարտում էր «հարձակումներն անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա», «ուժի անխտիր կիրառումը՝ ներառյալ քաղաքացիական տարածքների գնդակոծությունները Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում» և կոչ էր անում «վերջ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված շրջափակմանը և ուժի կիրառման ու ահաբեկման այլ մեթոդներին»8:
Ադրբեջանի ղեկավարությունը «Կոլցո» գործողությունը դիտարկում էր որպես Լեռնային Ղարաբաղի մնացած հայկական մասի լայնածավալ տեղահանության սկիզբ: 1991 թ. մայիսի 22-ին, ելույթ ունենալով Մոսկվայում հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի գաղափարախոսության բաժնի պետ Ա. Դաշդամիրովը հայտարարեց. «Մոտ ժամանակներս անհրաժեշտ կլինի Ղարաբաղից արտաքսել ևս 32 հազար մարդ»9: Անդրեյ Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ա. Դաշդամիրովն ու Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը արդարացնում էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանումը և չէին բացառում դրա շարունակությունը10: Սակայն օգոստոսյան պուտչի11 ձախողումը, որից հետո Մոսկվան դադարեց աջակցել Ադրբեջանին, վերջ դրեց տեղահանություներին:
Իր դաժանությամբ ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Կոլցո» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:
Ref
2. Հենց Մ. Ասադովը՝ լինելով Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի վարչական մարմինների բաժնի պետ, 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ կուսակցական ակտիվի ժողովի ժամանակ սպառնացել է, որ «100 հազար զինված ադրբեջանցիներ» կներխուժեն ինքնավար մարզ: Դրանից մի քանի ամիս առաջ՝ դեռևս ԱԽՍՀ Շամխորի շրջանի ղեկավարի պաշտոնում, Մ. Ասադովը ջարդ էր կազմակերպել հայկական Չարդախլու գյուղում:
4. Виктор Кривопусков, Мятежный Карабах. Издание второе, дополненное. – М.: Голос-Пресс, 2007г. – с. 202
6. Заключение Комитета ВС РСФСР по правам человека, июнь 1991г.
7. «Կոլցո» գործողության մասին են վկայում բազմաթիվ փաստաթղթեր, որոնց թվում են ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների կոմիտեի եզրակացությունը և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ լեդի Քերոլայն Քոքսի գլխավորած՝ Անդրեյ Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի փորձագիտական խմբի զեկույցը: Caroline Cox and John Eibner. Ethnic Cleansing in Progress: War in Nagorno Karabakh
8. Resolution of the US Senate. S.RES.128
9. Арсен Мелик-Шахназаров «Нагорный Карабах: факты против лжи». Москва: Волшебный фонарь, 2009. С. - 593 10. Caroline Cox and John Eibner. Ethnic Cleansing in Progress: War in Nagorno Karabakh
11. Օգոտոսյան պուտչ. Միխայիլ Գորբաչովին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից հեռացնելու և նրա կողմից վարվող քաղաքական ուղեգիծը փոխելու փորձ, որը ձեռնարկվել է 1991 թ. օգոստոսի 19-ին Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի (ГКЧП), ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ կառավարության, բանակի և պետական անվտանգության կոմիտեի՝ պահպանողական տրամադրված մի խումբ գործիչների կողմից։ Պուտչն ավարտվեց օգոստոսի 22-ին՝ արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի անդամների մեծամասնության ձերբակալումով։