Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը News.am գործակալությանը

13.06.2018

Հարց. Պաշտոնական Երևանը հայտարարում է բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր: Ներկայացրեք, խնդրեմ, այս հարցի շուրջ Արցախի դիրքորոշումը:

Պատասխան. Բանակցային գործընթացին Արցախի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումների հետ: Բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից՝ ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես բարձրացրել է այս հարցը: Եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնման հնարավորության մասին խոսել են նաև միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Մի քանի տարի առաջ որպես անկախ փորձագետ՝ մամուլին տրված հարցազրույցում իմ կողմից ՀՀ և Արցախի իշխանություններին առաջարկ էր արվել հստակ կերպով բաշխել երկու հայկական պետությունների դերերն ու պարտականություններն Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող էր հրաժարվել Ադրբեջանի և միջնորդների հետ քննարկել կարգավորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանավորվածության, կվերապահվեին Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավասությանը: Այդ պարագայում միջնորդներին և երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնա, քան բանակցային սեղանի շուրջ հրավիրել Արցախի պաշտոնական պատվիրակությանը:

Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բացառապես Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտում և Հայաստանի Ազգային Ժողովում արված հայտարարություներն արդիական են դարձնում լիարժեք եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման մեխանիզմ փնտրելու անհրաժեշտությունը:

Հարց. Ինչու՞ է ադրբեջանական կողմը հակադրվում լիարժեք բանակցային ձևաչափի վերականգմանը, և ի՞նչ է տալու Արցախի մասնակցությունը բանակցություններին:

Պատասխան. 1992 թ․ ամռանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի Կոնֆերանցի նախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: 1993 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Հետագայում, ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Մասնավորապես, 1995 թ. մարտին ԵԱՀԿ գործող նախագահն իր Պրահայի եզրակացության մեջ հաստատել է «ԵԱՀԿ կողմից նախկինում ընդունված որոշումները՝ կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այսինքն, ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ՝ Մինսկի կոնֆերանսում, հակամարտության մեջ երկու ներգրավված մասնակից-պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»: Հարկ է նշել, որ մինչև 1994 թ․ դեկտեմբերը Մինսկի գործընթացին զուգահեռ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության միջնորդությամբ։ Եռակողմ բանակցություններից բացի 1993 թ․ տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունների մի ամբողջ շարք, ներառյալ՝ 1993 թ. սեպտեմբերին ամենաբարձր մակարդակով հանդիպումը Մոսկվայում: Որոշ բանակցությունների արդյունքում Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրվել են փաստաթղթեր:

1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից ու 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ և անժամկետ հրադադարի Համաձայնագրից բացի կարելի է բերել պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ ճանաչելու բազմաթիվ այլ օրինակներ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը լեգիտիմ է և անվիճելի:

Մինչև 1997 թ. ապրիլ կայացած եռակողմ բանակցությունները դրսևորվել են որպես առավել օպտիմալ ձևաչափ՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերից յուրաքանչյուրը բանակցել է իր իրավասության տիրույթում գտնվող հարցերի շուրջ և պատասխանատվություն ստանձնել դրանց իրագործման համար: Հենց այդ ձևաչափում են արձանագրվել առավել շոշափելի արդյունքներ` 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանավորվածությունները:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում վերադառնալ կարգավորման եռակողմ ձևաչափին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մոտեցումը կարևոր է նաև խաղաղության պայմանագրի իրականացման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից: Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը:

Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն կամք՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, և, որ այդ երկրին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, որը թույլ է տալիս նրան ժամանակ շահել՝ ինքնիշխան Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա պատրաստելու համար: Այդ մասին է վկայում նաև ադրբեջանական իշխանությունների դժկամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում (մայիսի 16, 2016 թ.), Սանկտ-Պետերբուրգում (հունիսի 20, 2016 թ.), Ժնևում (հոկտեմբերի 16, 2017 թ.) և Կրակովում (հունվարի 18, 2018 թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար՝ ուղղված կարգավորման գործընթացում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծն օրինաչափ հարց է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանավորվածությունները հարգելու ունակության վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից նախաձեռնված 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին աշխարհի ուժային կենտրոնները, հեղինակավոր միջազգային կառույցների և առանձին պետությունների ղեկավարները կոչ են արել կողմերին պահպանել զսպվածություն և վերադառնալ հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին: Ակնհայտ է, որ այդ կոչերը բավարար չէին և բացահայտորեն անտեսվեցին Բաքվի իշխանությունների կողմից:

Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլեր, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և տարածաշրջանային անվտանգությունը:

Print Friendly, PDF & Email