
- Պարոն Մայիլյան, նախարարի կարգավիճակում Ձեր առաջին մեծ հարցրազրույցը Դուք տվել եք իրանական «Շարղ» թերթին, ինչն աննախադեպ է։ Կարելի է արդյո՞ք դա գնահատել որպես յուրահատուկ շրջադարձ Իրանի կողմը և հնարավոր է արդյո՞ք, որ ԼՂՀ արտաքին քաղաքականության մեջ իրանական ուղղությունը դառնա առաջնային։
- Արցախն ու Իրանը անմիջական հարևաններ են, և փոխադարձ հետաքրքրությունը միանգամայն բնական է։ Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը բոլոր պետությունների, այդ թվում նաև հարևան Իրանի հետ, մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունն է հանդիսանում։ Արցախը բաց է երկխոսության և փոխշահավետ համագործակցության համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։
- Դուք երկար ժամանակ հանդես էիք գալիս որպես ղարաբաղյան հարցով փորձագետ, ճիշտ է, 1993-2007 թթ․ աշխատել եք Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ում։ Ինչու՞ եք որոշել հեռանալ փորձագիտական դաշտից և ղեկավարել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։
- Կցանկանայի նշել, որ մինչև արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, գրեթե մեկ տարի աշխատել եմ որպես Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան։ 2017 թ․ սեպտեմբերին ընդունել եմ Նախագահ Բակո Սահակյանի առաջարկությունը՝ ղեկավարել ԱԳՆ-ն, քանի որ կարծում եմ, որ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում իմ աշխատանքով ավելի մեծ օգուտ կբերեմ իմ երկրին՝ միաժամանակ կիրառելով անկախ փորձագետի նախկին փորձս։ ԱԳՆ վերադառնալու որոշումն ընդունվել է պատասխանատվության մեծ զգացումով։
- Ցանկացած պետության արտաքին գործերի նախարարի փոփոխությունը, առնվազն ենթադրում է որոշակի շտկումներ նաև արտաքին քաղաքական կուրսում։ Ակնկալվում է արդո՞ք որևէ փոփոխություն ԼՂՀ արտաքին քաղաքական կուրսում։ Արցախի ղեկավարությունը Ձեր՝ որպես նախարարի առջև դրել է արդյո՞ք նոր խնդիրներ։ Եթե այո՝ որո՞նք են դրանք։ Նշեք, խնդրեմ, Արցախի արտաքին քաղաքականության առջև ծառացած այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Դուք աշխատելու եք։
- Արտաքին քաղաքական կուրսի, և ոչ միայն, որոշակի վերանայում տեղի է ունեցել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական ագրեսիա արդյունքում։ Լայն իմաստով, արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական գործառույթը երկրի անվտանգ զարգացման համար բարենպաստ արտաքին պայմաններ ապահովելն է, արտաքին քաղաքական հարթակում նրա շահերի ներկայացումն ու պաշտպանությունը, ինչպես նաև դիվանագիտական միջոցներով պետության շահերին հակասող հնարավոր գործընթացների չեզոքացումը։
Առավել կոնկրետ արտաքին քաղաքական օրակարգը ձևավորում է պետության ղեկավարը: Հենց Արցախի նախագահն է նախանշում այն նպատակներն ու խնդիրները, որոնց իրականացման ուղղությամբ էլ աշխատում է ԱԳՆ-ն: Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններն առաջիկա տարիների համար նշված են Արցախի նախագահի ծրագրում, որը հրապարակվել է 2017թ. հոկտեմբերի կեսին:
Արցախի ԱԳՆ կարևորագույն խնդիրներն են. շարունակել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնմանը, միջազգային գործընթացներին նրա ինտեգրմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովմանը:
ԱԳՆ-ն, մասնավորապես, ակտիվացնում է ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչման հարցում վերջին տարիների դրական միտումների զարգացմանը և տարբեր բնագավառներում համագործակցության շրջանակների ընդլայնմանը: Այսօրվա դրությամբ, ԱՄՆ ութ նահանգների, Ավստրալիայի նահանգներից մեկի, ինչպես նաև Բասկերի երկրի/Իսպանիա/ օրենսդիր մարմինները բանաձևեր են ընդունել` ի սատարումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի: ԱՄՆ, Ֆրանսիայի, Բասկերի երկրի և Բրազիլիայի 16 քաղաքներ բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի տարբեր քաղաքների հետ: Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության` 2015թ. Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Դրոմի դեպարտամենտի /Ռոնա-Ալպեր շրջան/ և Արցախի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր: 2017թ. հոկտեմբերին Բելգիայում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության շրջանակ և բարեկամության խումբ: Ընդ որում, մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այս բոլոր կապերին հաղորդվեն գործնական բնույթ:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեր նպատակն է ապահովել հակամարտության լուծումը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի վրա: Ավելի քան քառորդ դար առաջ Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը` ապրել անկախ պետությունում, և մենք հասնելու ենք միջազգային կառույցների կողմից այդ ընտրության արդյունքների ճանաչմանը:
Նախագահի ծրագրում Արցախի արտաքին քաղաքականության երկու կարևոր ուղղությունների` հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ մեկտեղ, ԱԳՆ առջև դրված են նաև այլ խնդիրներ, որոնց իրականացման համար քիչ ջանք չի պահանջվելու: Դրանցից, առաջին հերթին, կնշեի Արցախի և արտաքին աշխարհի միջև տնտեսական կապերի ստեղծումն ու խորացումը, և օտարերկյա ներդրումների խրախուսումը: Արցախը մեկուսացնելու` Ադրբեջանի շարունակական ապակառուցողական քաղաքականության լույսի ներքո, մեր հանրապետության իշխանություններն ակտիվ աշխատանքներ են տանում` Արցախ ներգրավելու օտարերկյա կապիտալը, ինչը հանրապետության տնտեսական աճի և նրա քաղաքացիների բարեկեցության ապահովման բազկացուցիչ մասն է:
Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ նաև հայկական սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը: Ընդ որում, մեր փոխգործակցությանը նոր լիցք է հաղորդվելու, որն արտահայտվելու է տարբեր երկրների հայ համայնքների ազգային ինքնության պահպանման գործում Արցախի ակտիվ մասնակցությամբ:
- ԱԳՆ գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության իրական պատկերը հասցնելն է: Այս ուղղությամբ հաջողություններ գրանցվե՞լ են:
- Արցախի արտաքին քաղաքական գործունեության բաղադրիչներից է Արցախում իրականացվող պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառների և էության մասին միջազգային հանրությանը օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև երկրի դրական իմիջի ապահովումը:
Վերջին միտումները վկայում են այն մասին, որ Արցախի դիրքորոշումը ավելի մեծ ըմբռնումով է սկսել ընկալվել միջազգային հանրության կողմից: Արցախի նկատմամբ աճող օժանդակության վերջին օրինակներից կարելի է առանձնացնել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի նախաձեռնած բանաձևը, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի համանախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը Ֆրանսիայի ղեկավարությանը, Եվրախորհրդարանի պատգամավորների` Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի նախագահ Ֆրանկ Էնգելի և արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնի նախաձեռնությունները` ուղղված Արցախի ղեկավարության հետ ուղիղ շփումներ հաստատելուն:
- Իրական քաղաքականության մեջ, այսինքն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ի՞նչ է տալու որևէ առանձին երկրի կամ մի խումբ երկրների կողմից Արցախի ճանաչումը, եթե Բաքուն հայտարարում է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ:
- Արցախի միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է, այն ընթանում է խաղաղ գործընթացին զուգահեռ և չի կարող կախված լինել Ադրբեջանի քմահաճույքից: Արցախի պետականության միջազգային ճանաչումը, քաղաքական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը հանրապետության անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման լավագույն միջոցն են, որը թույլ կտա նրա յուրաքանչյուր քաղաքացուն հավասարապես օգտվել միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված բոլոր իրավունքներից ու ազատություններից, ազատ իրացնել իր ներուժը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Արցախի միջազգային ճանաչումը նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին և նոր ադրբեջանական ագրեսիայի բացառման ամենաարդյունավետ միջոցներից մեկը կդառնա, ինչը կօգնի պահպանել տարածաշրջանային կայունությունը: Այսօր Արցախի միջազգային ճանաչման ձգձգումը Ադրբեջանի մոտ միայն ուժեղացնում է ուժ կիրառելու գայթակղությունը, ինչի վկայությունն է նաև 2016 թ. ապրիլի 2-5 Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան:
- Անցած տարի Ժնևում տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական հայտարարության համաձայն՝ բանակցությունների արդյունքներով կողմերը պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ։ Ինչպե՞ս է Ստեփանակերտը գնահատում վերոնշյալ հանդիպման արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
- Արցախի իշխանությունները բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հաստիքների ավելացման հետ կապված պայմանավորվածություններին և դեռևս 2011 թ․ համաձայնեցված՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման վերաբերյալ առաջարկություններին։ Նշված միջոցառումների իրականացումը, Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի կողմից ԵԱՀԿ հովանու ներքո 1995 թ․ փետրվարի 6-ին ձեռք բերված պայմանավորվածության գործնական կիրառման հետ մեկտեղ, թույլ է տալու նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում և բարենպաստ մթնոլորտ է ստեղծելու բանակցությունների համար։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ սահմանված նպատակներին հասնելու համար անընդունելի է, որ այդ քայլերը ձևական բնույթ կրեն։ Դրանք պետք է արդյունավետ գործիք դառնան շփման գծում իրավիճակի կայունացման համար։
- Ինչպես հարևան տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում նոր պետական կազմավորումների ձևավորման գործընթացներ են տեղի ունենում։ Խոսքը Իրաքյան Քրդստանում և Կատալոնիայում անկախության հանրաքվեներին է վերաբերում։ Ինչպե՞ս է Ստեփանակերտը գնահատում այդ գործընթացները։
- Իրաքյան Քրդստանի, ինչպես նաև Կատալոնիայի անկախության հանրաքվեների անցկացումը մենք դիտարկում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համատեքստում, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերում։
- Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
- Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիայի հետ մեկտեղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է։ Չնայած տարբեր միջազգային հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այս երեք երկրներն ունեն միասնական դիրքորոշում և համակարգում են միջնորդական ջանքերը՝ վերջնական կարգավորման հասնելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, միակ համաձայնեցված ձևաչափն է, որն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական գործունեության միջազգային մանդատ։