Օտարերկրյա վարձկանները Արցախի դեմ պատերազմում

Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում խախտելով միջազգային իրավունքի նորմերը, իր զինված ուժերի կազմում ընդգրկում էր օտարերկրյա վարձկանների և միջազգային ահաբեկչական խմբավորումներ1։

1992-1994 թթ. հազարավոր վարձկաններ, հիմնականում չեչեններ և աֆղաններ, ադրբեջանական բանակի կողմից պատերազմել են Լեռնային Ղարաբաղի դեմ։

Ադրբեջանը սկսեց հարաբերություններ զարգացնել Չեչնիայի հետ 1990-ականների սկզբներին, երբ Ադրբեջանի «Ազգային ճակատի» առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյն այցելեց Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի և բարեկամական կապեր հաստատեց գեներալ Ջոհար Դուդաևի հետ2։ 1992 թ. ապրիլին Չեչնիա այցելեց Ադրբեջանի մահմեդական առաջնորդների պատվիրակությունը։ Մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ այդ պատվիրակության կազմում գաղտնի ընդգրկված են եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Բացի արարողակարգային բնույթի հարցերի (երկու պետությունների և ժողովուրդների միջև կապերի հաստատում, իսլամի վերածննդին ուղղված ջանքերի միավորում և այլն) քննարկումներից, երկկողմ հանդիպումների ժամանակ արծարծվել է նաև ռազմական համագործակցության հարցը։ Մասնավորապես, քննարկվել է դեպի Չեչնիա զենքի մատակարարման համար սեփական տարածքը օգտագործելու Ադրբեջանի համաձայնության դիմաց Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում չեչեն վարձկանների մասնակցության հնարավորության հարցը3։

Ադրբեջան ժամանած չեչեն վարձկանների առաջին խումբը գլխավորում էր դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, ով հետագայում մի շարք դաժան ահաբեկչական գործողություններ կազմակերպեց Ռուսաստանի Դաշնության տարածքում և ընդգրկվեց ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետքարտուղարության և Եվրոպական Միության կողմից կազմվող ահաբեկիչների ցուցակներում։

1992 թ. հուլիսի դրությամբ ղարաբաղյան ճակատում ադրբեջանական ուժերի կազմում արդեն իսկ ընդգրկված էր մոտ 300 չեչեն զինյալ4։ ԼՂՀ Պաշտպանության բանակի դեմ մի քանի ամիս մղված մարտերում կրելով զգալի կորուստներ, այդ թվում տալով գերիներ, չեչենական ջոկատների մեծ մասը լքեց ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը և վերադարձավ Չեչնիա։ Միևնույն ժամանակ Ստեփանակերտ ժամանեցին Չեչնիայի ներկայացուցիչները՝ գերեվարված չեչեն զինյալներին ազատելու նպատակով ԼՂՀ իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար, որոնց արդյունքներով գերիների հանձնման մասին համաձայնություն ձեռք բերվեց:

Սակայն Ադրբեջանի և Չեչնիայի միջև համագործակցությունն այդքանով ոչ միայն չավարտվեց, այլև հետագա զարգացում ստացավ, մասնավորապես, զենքի առևտրի բնագավառում5։ Ադրբեջանը դարձավ տարանցիկ երկիր՝ չեչեն զինյալներին զենք, ինչպես նաև նյութական օժանդակություն մատակարարելու համար6։

Վարձկաններ օգտագործելու Ադրբեջանի առաջին փորձի անպատժելիությունը դրդեց ադրբեջանական իշխանություններին նոր խմբերի հավաքագրմանը՝ այս անգամ արդեն աֆղան զինյալներից7։

1993 թ. ամռանը, երբ ադրբեջանական զորքերը անհաջողություններ էին կրում ղարաբաղյան ճակատներում, պաշտոնական Բաքուն դիմեց Աֆղանստանի ղեկավարության օգնությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ ռազմական գործողություններում աֆղան մոջահեդներին ներգրավելու համար։

1993 թ. հուլիսին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ ժամանեց Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովը, ով հանդիպեց Աֆղանստանի վարչապետ, աֆղանական «Հեզբ-ի Իսլամի» (Մահմեդական կուսակցություն) կուսակցության ղեկավար Գ. Հեքմաթիարի հետ՝ աֆղան զինյալներին Ադրբեջան ուղարկելու հարցի շուրջ բանակցելու համար8։

Զանազան աղբյուրների համաձայն՝ 1993-1994 թթ. տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական ուժերի կազմում աֆղան մոջահեդների թիվը տատանվում էր 1000-3000 միջև9։

Ադրբեջանի կողմից աֆղան մոջահեդների մասնակցությունը հաստատվել է բազմաթիվ ապացույցներով։ 1993 թ. գարուն-ամառ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հարավում և հարավ-արևելքում մղված մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմի ձեռքն են ընկել Աֆղանստանում հրատարակված գրականություն, տետրեր, քարտեզ-գծագրեր, աֆղանական և պակիստանյան հասցեներով անձնական նամակներ՝ դարի և փուշթու լեզուներով, ադրբեջանական քաղաքներում աֆղան զինյալների նկարներ, ինչպես նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հրամաններ և փաստաթղթեր։ Արդեն 1993 թ. օգոստոսի վերջին մարտի դաշտում հայտնաբերվեցին աֆղան մոջահեդների դիակներ՝ ավանդական ազգային հանդերձանքով: 1994 թ. ապրիլի 20-ին ռազմաճակատի հարավարևելյան հատվածում գերեվարվեց աֆղան վարձկան Բախտիոր Վերբալլահ Բաբերզային՝ Մազարի-Շարիֆից, ով պատմեց Ադրբեջանում իր հայտնվելու և ադրբեջանական բանակում օտարերկրացի վարձկանների համար ստեղծված պայմանների մասին:

Չեչեն և աֆղան վարձկաններից բացի ադրբեջանական կողմում կռվում էին նաև թուրք ռազմական խորհրդականներ և թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության զինյալներ: Բացի ղարաբաղյան ճակատներում մարտական գործողություններին թուրքական առանձին ջոկատների անմիջական մասնակցությունից, թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան սպա, այդ թվում՝ 10 պաշտոնաթող գեներալ, 1992 թ. սկզբին ակտիվորեն մասնակցում էին մարտական գործողությունների մշակմանը և ադրբեջանական բանակի դիվերսիոն ու գրոհային ստորաբաժանումների վարժեցմանը10: Պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան համակողմանի ռազմական օժանդակություն էր ցուցաբերում Ադրբեջանին ինչպես բանակաշինության, այնպես էլ ռազմանյութական ապահովման հարցերում:

Արցախի դեմ ռազմական գործողություններում ադրբեջանական ուժերի կազմում կռվում էին նաև վարձկաններ ԱՊՀ երկրներից, որոնց միջոցով հիմնականում համալրվում էին ադրբեջանական բանակի մարտական տեխնիկայի անձնակազմերը:

Ղարաբաղի ռազմական գործողություններում վարձկանների, հատկապես` չեչեն և աֆղան զինյալների ներգրավումը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում նրանց հաստատվելը ժամանակի ընթացքում լուրջ խնդիր դարձան ադրբեջանական իշխանությունների համար։ Նրանց որոշ մասը ռազմական գործողություններին մասնակցելու փոխարեն ներգրավվում էին քրեական հարաբերությունների մեջ կամ շատ բարձր վարձատրություն էին պահանջում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Հակամարտության գոտում աֆղան մոջահեդների ներգրավումը դարձավ այն գլխավոր գործոնը, որի պատճառով Ադրբեջանը վերածվեց դեպի Եվրոպա և Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկրի11, ինչպես նաև ահաբեկիչների ու ահաբեկչական գործողությունների փոխաբեռնման և դրանց սուբսիդավորման կետի12։

 


 

Ref

1. Համաձայն «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիայի» 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Մասնակից պետությունները չեն հավաքագրում, չեն օգտագործում, չեն ֆինանսավորում և չեն վարժեցնում վարձկաններին ազգերի՝ միջազգային իրավունքով ընդունված ինքնորոշման անքակտելի իրավունքի օրինական իրականացմանը հակազդելու նպատակով և միջազգային իրավունքին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում այդ նպատակի համար վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և վարժեցումը կանխելու համար»։

2. С.Шерматова. Ислам на постсоветском пространстве: взгляд изнутри.

3. Демоян Гайк: "Турция и Карабахский конфликт в конце XX – начале XXI веков. Историко-сравнительный анализ". Ер.: Авторское издание, 2006. Д 310, էջ 182, 184

4. Ioannis Charalampidis: «Sponsored to Kill։ Mercenaries and Terrorist Networks in Azerbaijan». Moscow. "MIA" Publishers, 2013։ էջ 4

5. 1997 թ․ Հեյդար Ալիևի և իսլամիստների միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ իսլամիստները ստացան Ադրբեջանի տարածքով վարձկանների և զենքի ազատ տեղաշարժի իրավունք՝ Ադրբեջանի իշխանությունների դեմ հեղաշրջման և ռազմական ընդվզման փորձեր չձեռնարկելու խոստումի դիմաց։

6. Ариф Юнусов. Ислам в Азербайджане.- Баку: «Заман», 2004. էջ 260

7. Ioannis Charalampidis: «Sponsored to Kill։ Mercenaries and Terrorist Networks in Azerbaijan». Moscow. "MIA" Publishers, 2013։ էջ 6

8. Joseph A. Kechichian, and Theodore W. Karasik: «The Crisis in Azerbaijan: how clans influence the politics of an emerging republic»

9. Bitter Afghanistan Struggle Helps Fuel Asian Conflicts, The Daily telegraph, November 10, 1993;
Azerbaijan Throws Raw Recruits Into Battle. Desperate “Human Wave” Tactics Reportedly Cost 4.000 Lives in Winter Offensive, The Washington Post, April 21, 1994;
Afghan “Wild Goose” In a Karabakh Cage, Moscow News N23, June 5-12, 1994;
Afghan Fighters Joined Azeri-Armenian War in 1993. Christian Science Monitor, By Daniel Sneider, November 16, 1993;
Будущее за профессиональной армией. Лейла Юнус, Зеркало, 10 августа 2002 г.

10. Демоян Гайк: "Турция и Карабахский конфликт в конце XX – начале XXI веков. Историко-сравнительный анализ". Ер.: Авторское издание, 2006. Д 310, էջ. 111

11. 1990-ականների կեսերից Ադրբեջանի տարածքը հանդիսանում է թմրադեղերի միջազգային շրջանառության հիմնական տարանցիկ ուղիներից մեկը, ինչը ևս իր արտացոլումն է գտել ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան հաշվետվություններում։

12. Демоян Гайк: "Турция и Карабахский конфликт в конце XX – начале XXI веков. Историко-сравнительный анализ". Ер.: Авторское издание, 2006. Д 310, է. 201, 202, 209 1999 թ.

Համաշխարհային ահաբեկչության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը ծառայում է որպես «մատակարարման կենտրոն ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող միջազգային մոջահեդների համար»։ Patterns of Global Terrorism, Eurasia Overview, US Department of State, 1999.

Print Friendly, PDF & Email