Օտարերկրյա լրագրողների հավատարմագրում
Միջազգային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լրագրողական գործունեություն ծավալել Արցախում, պետք է նախապես դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտքի արտոնագիր (վիզա) և հավատարմագրում ստանալու համար։
Մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. http://www.nkr.am/hy/visa
Արցախի ԱԳՆ-ում հավատարմագրվելու համար անհրաժեշտ է այցից առնվազն 10 աշխատանքային օր առաջ press@mfa.nkr.am էլեկտրոնային հասցեին ուղարկել առցանց լրացված հավատարմագրման հայտը՝ կցելով.
1.Գործակալության ղեկավարի կամ գլխավոր խմբագրի կողմից ստորագրված, պաշտոնական կնիքով նամակը՝ ուղղված Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ ներառելով.
- լրատվական կազմակերպության կամ լրատվամիջոցի անվանումը,
- Թիմի բոլոր անդամների անունները, ազգանունները և պաշտոնները,
- Արցախ մուտքի և ելքի ստույգ ամսաթվերը։
2.Թիմի բոլոր անդամների անձնագրերի պատճենները (.pdf կամ .jpg ձևաչափով)։
3. Լուսանկարներ (51x51 մմ .jpg ձևաչափով)՝ հավատարմաքարտերի համար։
4. Համառոտ ինքնակենսագրություն (.pdf կամ .jpg ձևաչափով, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով)։
5. Այցի ծրագիրը, նկարահանումներ կատարելու դեպքում՝ նկարահանումների վայրերը՝ ըստ նախատեսվող օրերի, նկարահանման միջոցը (անօդաչու թռչող համակարգ՝ դրոն, տեսախցիկ և այլն), հայցվող հարցազրույցներն ու հանդիպումները:
Ազատ լրագրողները (ֆրիլանսեր) կարող են ներկայացնել իրենց իսկ կողմից ստորագրված նամակ` նույնանման բովադակությամբ:
Հավատարմագրման մերժման հիմքերը.
Արցախի ԱԳՆ ներկայացված հավատարմագրման դիմումների հայտերը կարող են մերժվել, եթե.
- մերժվել է Արցախ մուտքի արտոնագիր ստանալու դիմումը,
- չեն պահպանվել դիմումը ներկայացնելու համար նախատեսված ժամկետները,
- ներկայացվել են անձնական ոչ ճշգրիտ տվյալներ,
- ներկայացվել է պարտադիր փաստաթղթերի ոչ լիարժեք փաթեթ
- տվյալ լրագրողը նախկինում ոչ օբյեկտիվ տեղեկատվություն է տարածել Արցախի մասին
! ՀՀ արտաքին գործերի նախարարության հավատարմագրումն Արցախ մուտքի թույլտվություն չի ենթադրում։