Մարաղա ավանում հայ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունը ադրբեջանական բանակի կողմից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղեկցվում էր խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ հանցագործություններով։ Ադրբեջանական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա1 հայկական ավանի բնակիչների՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը։

1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին ավան։ Տեղի աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին հաջողվեց Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին։ Սակայն մոտ 118 հոգի` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, մնացին ավանում։ Նրանցից շատերն անողոքաբար սպանվեցին ադրբեջանական բանակի զինվորների կողմից։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ2, այդ թվում՝ 30 կին։

Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանց մի մասին, այդ թվում բոլոր երեխաներին, հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Երկու շաբաթ անց ավանը կրկին գրոհի ենթարկվեց, իսկ իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհը դարձան։

Ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։ Մարաղայի ոճրագործությունը շարունակեց 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում հայկական ջարդերի ու տեղահանությունների շարքը, որոնց նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը և զրկել իրենց հայրենիքից` Ադրբեջանի ու Արցախի հայ բնակչության էթնիկ զտման և ահաբեկման ճանապարհով։

Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար։

 


 

Ref

1. Մարաղան քաղաքատիպ ավան է, որը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ Ադրբեջանի Թերթերի (Միրբաշիր) շրջանի հետ սահմանին։ Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի` ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է ադրբեջանական բանակի օկուպացիայի ներքո։ Մարաղայի փախստականների մի մասը բնակություն է հաստատել Նոր Մարաղա գյուղում։

2. Amnesty International. «Azerbaydzhan: Hostages in the Karabakh conflict: Civilians Continue to Pay the Price», April 1993 (POL 10/01/93), p.9. 
Human Rights Watch/Helsinki (1994). «Azerbaijan: Seven years of conflict in Nagorno Karabakh». New York: Human Rights Watch. p.6. ISBN 1-56432-142-8.

 

Print Friendly, PDF & Email