Լեռնային Ղարաբաղ. 1921-1988 թթ.

1921 թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն իր պատմա-աշխարհագրական սահմաններում հանձնվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ստանալով «լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով»:

Սակայն միայն երկու տարվա ձգձգումներից հետո և Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) ղեկավարության ճնշման տակ1՝ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները քայլեր ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ստեղծման ուղղությամբ:

1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ) «Լեռնային Ղարաբաղի հայկական մասում» հռչակեց ինքնավարություն, որի սահմանները հետագայում այնպես գծվեցին, որ Լեռնային Ղարաբաղի զգալի մասը մնաց այդ սահմաններից դուրս: Միայն Շահումյանի շրջանը պահպանվեց որպես առանձին վարչական միավոր, իսկ հայերով բնակեցված մյուս տարածքները բազմիցս վերաձևվեցին և 1988 թ. դրությամբ մտնում էին Ադրբեջանական ԽՍՀ տարբեր շրջանների կազմի մեջ: Ավելին, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները որոշեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը վերածել անկլավի, և այդ նպատակով Հայկական ԽՍՀ ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) միջև գտնվող տարածքներում ստեղծվեց Քրդական գավառը («Կարմիր Քուրդիստան»)՝ Լաչին (Բերձոր) վարչական կենտրոնով: Վեց տարի անց՝ 1929 թ., Քրդական գավառը լուծարվեց, իսկ այն կազմող տարածքները դարձան Ադրբեջանական ԽՍՀ առանձին վարչական միավորներ:

Խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ընթացող գործընթացների հիմնական շարժիչ ուժն էր հակազդեցությունն ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված ինքնավարության աստիճանական հայաթափմանը2։ ԼՂԻՄ-ը կազմավորվել էր հենց որպես հայկական մարզ, ինչը նշված էր նաև դրա կազմավորման մասին Ադրբեջանի ԿԳԿ 1923 թ. հուլիսի 7-ի դեկրետում: Սակայն Ադրբեջանի ղեկավարության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում հայ բնակչության քանակը կրճատվում էր:

Միջին հաշվով 1926-1979 թթ. ԼՂԻՄ-ից արտագաղթում էր տարեկան մոտ երկու հազար հայ, այն դեպքում, երբ 50-ական թվականներից սկսած ադրբեջանական բնակչության թվաքանակն ավելանում էր տարեկան մոտ հազարով: 1970 թ. և 1979 թ. անցկացված մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում հայ բնակչության բացարձակ աճը կազմեց ընդամենը 2 հազար մարդ. այդ տարիներին ԼՂԻՄ-ում մնում էր այդտեղ ծնված 10 հայից միայն մեկը, մնացած ինը ստիպված էին արտագաղթել:

Ընդհանուր առմամբ, 1926-1979 թթ. ԼՂԻՄ հայ բնակչության թվաքանակն աճեց ընդամենը 111.7 հազարից մինչև 123.1 հազար, մինչդեռ ադրբեջանցիները՝ 12.6 հազարից մինչև 37.2 հազար: 1926-1980 թթ. ընթացքում հայկական գյուղական բնակավայրերի թիվը ԼՂԻՄ-ում պակասեց 85-ով (27%-ով)3:

Հայ բնակչության մշտական արտահոսքը բնորոշ էր ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլև ողջ Ադրբեջանական ԽՍՀ-ի համար4: Միայն 1970 և 1979 թվականների մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում հայ բնակչությունը կրճատվեց 483.5 հազարից մինչև 475.5 հազար: Գործնականում ամեն տարի Ադրբեջանից հեռանում էր ավելի քան 10 հազար հայ5:

Ժողովրդագրական փոփոխություններն ընդհանուր առմամբ արտացոլում էին սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում առկա իրավիճակը, որը հայ բնակչության շահերը ոտնահարելու և հայերին մարզից «դուրս մղելու» Ադրբեջանի իշխանության քաղաքականության արդյունքն էր:

1950-ական թթ. ԼՂԻՄ-ում մեկ շնչի հաշվով կապիտալ ներդրումները տասն անգամ քիչ էին Ադրբեջանի միջին ցուցանիշից: 1969 թ. Ադրբեջանական ԽՍՀ-ում Հեյդար Ալիևի6 իշխանության գալուց հետո սոցիալ-տնտեսական քաղաքականությունը որոշակի փոփոխություններ կրեց. եթե նրանից առաջ Ղարաբաղում կապիտալ ներդրումներ չէին կատարվում, ապա նրա օրոք սկսեց խթանվել ադրբեջանական բնակավայրերի բուռն զարգացումը, ինչը հանգեցրեց վերը նշված ժողովրդագրական տեղաշարժին: Սակայն անգամ այդ պարագայում ԼՂԻՄ-ում մեկ շնչին ընկնող կապիտալ ներդրումները Ադրբեջանի միջին ցուցանիշից ցածր էր 1981-1985 թթ.` ավելի քան երկու, իսկ 1986 թ.-ից՝ 2.7 անգամ7:

Դրա հետ մեկտեղ Բաքվի ղեկավարությունը ԼՂԻՄ-ը հարակից ադրբեջանական շրջանների ենթակառուցվածքներում տնտեսապես տարրալուծելու գիծ էր որդեգրել8: ԼՂԻՄ-ը ադրբեջանական իշխանությունների կողմից հետևողականորեն վերածվում էր ծայրաստիճան թերզարգացած ենթակառուցվածքով հումքային կցորդի: Ամբողջ ԼՂԻՄ-ում, ինչպես և նրան հարակից հայկական շրջաններում չկար պատրաստի արտադրանք թողարկող ոչ մի արտադրություն:

Սակայն Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային գիտակցության մեջ առավել սուր էր ընկալվում խտրականությունը ազգային-մշակութային ոլորտում: ԼՂԻՄ տարածքում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիներից չէր գործում և ոչ մեկը9, այնինչ մարզի ադրբեջանական փոքրամասնության կրոնական պահանջմունքները բավարարելու համար մզկիթներ էին գործում:

Հայոց լեզուն գործնականում դուրս էր մղված պաշտոնական ոլորտից, ինչն իր արտացոլումն էր գտել անգամ Ադրբեջանական ԽՍՀ-ի «ԼՂԻՄ-ի մասին» օրենքում, որտեղ ոչ մի անգամ նշված չէր «հայկական» բառը:

Տարեցտարի կրճատվում էր հայկական դպրոցների քանակը, գործնականում բացակայում էին հայերեն դասագրքերը, քանի որ արգելվում էր օգտվել Հայաստանում հրատարակված դասագրքերից, իսկ Ադրբեջանում դրանք հրատարակվում էին չափազանց փոքր տպաքանակով: Ադրբեջանցի հեղինակների կողմից կազմված պատմության դասագրքերը, առաջին հերթին՝ հայոց պատմության, պարունակում էին աղավաղված, Ղարաբաղի հայերի ազգային զգացմունքները վիրավորող տեղեկություններ10:

Պատմության նենգափոխումը, ինչպես հաճախ պատահում է, բավական ակնառու քաղաքական նպատակներ էր հետապնդում: Հայկական էթնոսը Ղարաբաղում որպես եկվոր տարր ներկայացնելու ադրբեջանական քարոզչության փորձերը հետապնդում էին միանգամայն ակտուալ քաղաքական նպատակներ: Ուստի, առավել սուր արձագանք էին առաջացնում ոչ թե տնտեսական, այլ պատմամշակութային գործոնները. դրանց մեջ հայ բնակչությունը տեսնում էր և՛ իր գոյության սպառնալիք, և՛ իր մտավախությունների հիմնավորում11:

Ստեղծված իրավիճակում ԼՂԻՄ հայության բողոքի ձևը հանդիսացավ Ադրբեջանի կազմից դուրս գալուն և Հայաստանի հետ վերամիավորվելուն ուղղված երբեք չմարող շարժումը:

Դրանում էր նա տեսնում իր անվտանգ ապագայի միակ երաշխիքը և հնարավորությունը՝ խուսափելու Ադրբեջանի կազմում գտնվող մեկ այլ ինքնավարության՝ Նախիջևանի ճակատագրից, որտեղ 1979 թ. դրությամբ մնացել էր հայերի ոչ ավել, քան 2%-ը:

Հանուն պատմական արդարության վերականգնման Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարը, չնայած ադրբեջանական կողմի փորձերին ճնշել այն, ընդունում էր տարբեր ձևեր և եղանակներ: Արդեն 20-ական թվականներին Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ-ն ստիպված էր բազմիցս քննարկել Ղարաբաղյան շարժման հետ կապված հարցերը: 20-30-ական թվականներին ազգայնականության մեղադրանքով ճնշումների ենթարկվեցին մարզի ու շրջանների մի շարք ղեկավարներ, լուծարվեցին ղարաբաղյան որոշ կուսակցական կազմակերպություններ:

60-ական թվականներից սկսած՝ խրուշչովյան «ձնհալից» հետո, հասարակական կյանքի որոշակի ազատականացումը թույլ տվեց վերամիավորման շարժմանը նոր ձև հաղորդել, այն է՝ միութենական կուսակցական և պետական բարձրագույն մարմիններին ուղղված խնդրագրերի և դիմումների ստորագրահավաք: 1963 թ. «Լեռնային Ղարաբաղը և հարակից բոլոր հայկական շրջանները Հայկական ԽՍՀ հետ վերամիավորելու կամ դրանք ՌԽՖՍՀ կազմում ընդգրկելու հարցի լուծման» խնդրանքով Նիկիտա Խրուշչովին հասցեագրված նամակը ստորագրեց մոտ 2,5 հազար մարդ՝ հիմնականում տեղի մտավորականության ներկայացուցիչներ։

Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից հարուցվող բոլոր խոչընդոտներին՝ այս շարժումն ուժեղանում և ընդլայնվում էր, և արդեն 1965 թ. համանման մի խնդրագիր ստորագրեց 45 հազար մարդ: Զգալով իրադրության լրջությունը՝ 1966 թ. ԽՄԿԿ ԿԿ քարտուղարությունը հատուկ որոշում ընդունեց, որով Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական ղեկավարությանը հանձնարարվում էր համատեղ առաջարկություններ մշակել ԼՂԻՄ կարգավիճակի վերաբերյալ: Սակայն միակ «արդյունքը» դարձավ ճնշումների, ձերբակալությունների նոր ալիքը և մտավորականության առավել նշանավոր ներկայացուցիչների արտաքսումը ԼՂԻՄ-ից:

Զանգվածային ակտիվության նոր բռնկումը հնարավոր դարձավ 1977 թ., երբ նախաձեռնվեց ԽՍՀՄ նոր սահմանադրության համաժողովրդական քննարկումը։ Այդ շրջանակներում ԼՂԻՄ քաղաքացիների, կոլեկտիվների և կազմակերպությունների՝ ԽՄԿԿ ԿԿ-ին և ԽՍՀՄ Նախարարների խորհրդին ուղղված նամակներում ու դիմումներում բազմիցս բարձրացվում էր Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի հետ միավորվելու հարցը:

Այս ամենը վկայում է, որ «վերամիավորման գաղափարը, որպես պատասխան խտրականությանը, գոյություն ուներ ԼՂԻՄ բնակչության գիտակցության մեջ, այդ պատճառով այն արծարծելու չնչին հնարավորությունն անգամ իսկույն զանգվածային շարժման բնույթ էր ստանում, որը կրում էր օրինական և խաղաղ բնույթ»12։

 


 

Ref

1․ 1921 թ. նոյեմբերի 4-ին, 1922 թ. մարտի 20-ին և սեպտեմբերի 18-ին ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան շրջկոմը Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ուշադրությունն է հրավիրում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ստեղծման մասին որոշումը կատարելու անհրաժեշտության վրա: 1922 թ. դեկտեմբերի 14-ին Անդրկովկասի երկրամասային կոմիտեն նոր հատուկ որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության մասին որոշման կատարման մասին: 1922 թ. դեկտեմբերի 22-ին Անդրֆեդերացիայի Միութենական խորհուրդը համապատասխան որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմավորումն արագացնելու մասին: 1923 թ. մարտի 10-ին Անդրկովկասի երկրամասային կոմիտեն մեկ անգամ ևս Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունից պահանջեց անհապաղ լուծել Շուշի կենտրոնով Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը: (А.Мелик-Шахназаров. Факты против лжи. Москва. Волшебный фонарь, 2009. – С. 57-58)

2․ 2002 թ. հուլիսի 22-ին ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևը, խոսելով 1970-ական թթ. ԼՂԻՄ-ի հանդեպ իր վարած քաղաքականության մասին, հայտարարեց. «Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»: «Зеркало», 2002 թ. հուլիսի 23

3․ Б. Мирзоян. Нагорный Карабах. Размышление над статистикой. «Вестник публичных наук» Академии наук Армянской ССР, N7. 1988

4․ Ադրբեջանական իշխանությունների վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով հանրապետության ոչ ադրբեջանական բնակչության բաժինը նվազեց 37%-ից (1926 թ. մարդահամարի տվյալներով) մինչև 17% (1989 թ. մարդահամարի տվյալներով)

5․ Нагорный Карабах. Историческая справка. Академия Наук Армянской ССР. Ереван, 1988 г.

6․ Հեյդար Ալիև (10.05.1923 թ. - 12.12.2003 թ.) – խորհրդային և ադրբեջանական պետական, կուսակցական և քաղաքական գործիչ: Ադբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահ (1966-1969 թթ.), Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի ԿԿ 1-ին քարտուղար (1969-1982 թթ.), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1982 թ.), ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ՊԱԿ գեներալ-մայոր: 1990 թ. հուլիսին Մոսկվայից վերադառնալով Ադրբեջան՝ նա նախ ընտրվում է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Նախիջևանի ԻՀ Գերագույն Մեջլիսի նախագահ (1991-1993 թթ.), ապա՝ Ադրբեջանի նախագահ (1993-2003 թթ.):

7․ «Народное хозяйство Азербайжанской ССР к 70-летию великого Октября» ժողովածուի տվյալները, цитата по С. Золян. Нагорный Карабах: Проблема и конфликт. - Ереван. Издательство «Лингва», 2001

8․ Հիմնական ավտոճանապարհներն այնպես էին նախագծվում, որ ցանկացած շրջկենտրոնից Ստեփանակերտ կարելի էր հասնել միայն հարևան ադրբեջանական շրջանների միջով: Ընդ որում, ԼՂԻՄ ներսում գործնականում բացակայում էին ասֆալտապատ ճանապարհներ: Ստեփանակերտի օդանավակայանի նավիգացիոն ծառայությունները տեղակայված էին Աղդամում: Սարսանգի ՀԷԿ-ը և ջրամբարը, որոնք ամբողջովին գտնվում էին Մարտակերտի շրջանի տարածքում, ղեկավարվում էին Ադրբեջանի Միր-Բաշիր քաղաքից, որտեղ էլ որոշվում էր ջրաբաշխումը (գրեթե ամբողջը՝ մոտ 87%, ուղղվում էր ԼՂԻՄ-ին սահմանակից Ադրբեջանական ԽՍՀ շրջանների ոռոգմանը):

9․ 1930-ական թթ. փակվեց 118 եկեղեցի:

10․ Ադրբեջանցի պատմաբանների կազմած դասագրքերում հայերի հայտնվելը Ղարաբաղում թվագրվում էր 1828 թ.-ով: Ղարաբաղի մշակույթի ու դպրության բոլոր քրիստոնեական հուշարձանները հայտարարվում էին աղվանա-ադրբեջանական ժառանգություն:

11․ С. Золян, Нагорный Карабах: Проблема и конфликт.– Ереван. Изд. «Лингва», 2001

12. Ibid.

Print Friendly, PDF & Email