Իրանի միջնորդական ջանքերը

ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը միջնորդական ջանքեր առաջարկեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնման համար:

1992 թ. փետրվարին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայաթին հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որոնց ընթացքում իրանական կողմը հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար ամենայն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց և հրավիրեց հայկական ու ադրբեջանական պատվիրակություններին Թեհրան՝ հետագա խորհրդակցությունների համար: Իրանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Վայեզիի՝ Հայաստանի նախագահի խորհրդական Վ. Փափազյանի և Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ա. Սալամովի հետ անցկացրած մի շարք բանակցությունների արդյունքում մշակվեց 14 կետից բաղկացած հայտարարության նախագիծ: Սակայն այն վերջնականապես այդպես էլ չընդունվեց՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող կետի հետ Ադրբեջանի նախագահի անհամաձայնության պատճառով1:

1992 թ. մարտից սկսած Իրանի միջնորդական առաքելությունն արտգործնախարարի տեղակալ Մ. Վայեզիի գլխավորությամբ բազմիցս այցելեց Բաքու, Երևան, Ստեփանակերտ և Նախիջևան ու հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Միաժամանակ, իր միջնորդական ջանքերում Ռուսաստանի աջակցությունն ապահովելու նպատակով իրանական պատվիրակությունն այցելեց Մոսկվա և խորհրդակցություններ անցկացրեց ռուսական կողմի հետ:

1992 թ. մարտի 21-ին Իրանի միջնորդությամբ հայտարարվեց ժամանակավոր հրադադար: Զինադադարի պահպանմանն ուղղված կողմերի ջանքերը համակարգելու համար Իրանից ներկայացուցիչներ ուղարկվեցին Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Սակայն հրադադարը անժամկետ հիմքերով երկարաձգելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին2:

Իրանի միջնորդության շրջանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և մասնակցությունը բանակցություններում շարունակում էին մնալ այն հիմնական հանգուցային հարցերը, որոնց կարգավորված չլինելը թույլ չէր տալիս իրական առաջընթացի հասնել բանակցային գործընթացում: Ադրբեջանական կողմը հրաժարվում էր ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններից:

Աճող լարվածության պայմաններում իրանական կողմն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու ևս մեկ փորձ ձեռնարկեց: 1992 թ. մայիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցավ Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յակուբ Մամեդովի եռակողմ հանդիպումը: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր:

Սակայն ռազմական գործողությունների թեժացումը և ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությունը Թեհրանի հանդիպմանը թույլ չտվեցին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունները:

1992 թ. հունիսին՝ նախագահական ընտրություններում Ադրբեջանի ազգային ճակատի հաղթանակից հետո, Իրանը հարկադրված էր դադարեցնել միջնորդական գործունեությունը, քանի որ Ադրբեջանի նոր նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը մերժում էր Իրանի ցանկացած միջնորդական նախաձեռնություն3:

 


 

Print Friendly, PDF & Email