Ներդրումային գործունեությունը Արցախում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրումների խրախուսումը ԼՂՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է։

ԼՂՀ ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

  • ներդրումները կարգավորող կայուն օրենսդրական բազայի ապահովում,
  • օտարերկրյա և տեղական ներդրողների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովում,
  • ներդրողների համար արտոնյալ պայմանների սահմանում, ներդրումային գործունեության իրականացման ազատության ապահովում,
  • ներդրումների և ներդրողների շահերի պաշտպանության ապահովում,
  • ներդրումները կարգավորող միջազգային իրավական նորմերի,
  • միջազգային պրակտիկայի ընդունում ու կիրառում։

ԼՂՀ-ում օտարերկրյա ներդրումները երաշխավորվում են 1995 թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ԼՂՀ օրենքով, որով սահմանվում են ներդրումների աճի խրախուսմանն ուղղված որոշակի արտոնություններ և երաշխիքներ։

Օտարերկրյա ներդրումները կարգավորող ԼՂՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 10 տարվա ընթացքում, ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը։

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել ԼՂՀ-ում օտարերկրյա սեփականությամբ ձեռնարկություններ (այդ թվում ներկայացուցչություններ ու մասնաճյուղեր) հիմնադրելու, առկա ձեռնարկությունները գնելու կամ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով։

Օտարերկրյա ներդրումներն ազգայնացման ենթակա չեն։ Օտարերկրյա ներդրումները չեն կարող նաև բռնագրավվել պետական մարմինների կողմից։ Առգրավումը՝ որպես բացառիկ միջոց, թույլատրվում է միայն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում՝ դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ։

Օտարերկրյա սեփականության ձևի, ծավալի, մուտքերի ֆինանսական աղբյուրների և օտարերկրյա աշխատողների մուտքի առումով սահմանափակումներ չկան։ Օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն որպես սեփականություն ձեռք բերել հողատարածքներ (օրենքով նախատեսվում է երկարաժամկետ վարձակալություն), սակայն օտարերկրյա քաղաքացիների կողմից գրանցված իրավաբանական անձինք իրավունք ունեն հող գնել։

Երաշխավորվում է օտարերկրյա ներդրողի կողմից իր սեփականության, ներդրման արդյունքում ստացված շահույթի (եկամուտի) և ներդրումների արդյունքում կամ որպես աշխատանքի դիմաց վճար՝ օրինական ճանապարհով ստացված այլ միջոցների ազատ արտահանումը։

Աղբյուրը՝ Արցախի ներդրումային հիմնադրամ

Print Friendly, PDF & Email