Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Արցախի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը:

Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:

Ամերիկյան տասնմեկ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի.

  • 17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
  • 10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
  • 8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
  • 12 սեպտեմբերի, 2014 թ.՝ Բասկերի Երկրի խորհրդարանի բանաձև,
  • 3 մարտի, 2016 թ.՝ ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 29 մարտի, 2016 թ.՝ ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
  • 28 սեպտեմբերի 2017 թ․՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև,
  • 24 ապրիլի, 2019թ.՝ ամերիկյան Կոլորադո նահանգի Սենատի բանաձև
  • 24 ապրիլի, 2021թ.՝ ամերիկյան Այդահո նահանգի Սենատի բանաձև,
  • 30 հուլիսի, 2021թ.՝ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Սենատի բանաձև։

2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։

Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.

  • 23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
  • 20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։

1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:

2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդը ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։

Արցախի միջազգային ճանաչումը, լրացուցիչ խթան հանդիսանալով արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության կարգավորման վրա:

Այսօր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ձգձգումը միայն ավելացնում է ադրբեջանական կողմի՝ հարցը պատերազմական ճանապարհով լուծելու գայթակղությունը, որի ապացույցն էր նաև 2016 թ. ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կհանդիսանա նոր ադրբեջանական ագրեսիայի հնարավորության բացառման գործուն լծակներից մեկը:

Այդպիսով, միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիությունը և թույլ կտա կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա:

Print Friendly, PDF & Email