1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվե:
Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել էին համապատասխան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի», որն ընդունվել էր 1991 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստի ընթացքում։ Նիստին հաստատվել էր նաև հանրաքվեի անցկացման օրը։
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ էր ստեղծել հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև ադրբեջանաբնակ բնակավայրերը: Մասնավորապես, հեռագիր էր ուղարկվել Շուշիի շրջանի ղեկավարությանը՝ շրջանի ադրբեջանական բնակչության մասնակցությունը հանրաքվեին կազմակերպելու խնդրանքով: Հանրապետության ադրբեջանաբնակ վայրեր էին ուղարկվել քվեաթերթիկներ:
Քվեաթերթիկները կազմվել են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պարունակում էին հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Համաձայն ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի՝ հանրաքվեի դրված հարցն ընդունված էր համարվում, եթե դրա օգտին քվեարկեր ընտրողների առնվազն 2/3-ը՝ 50%-ից ոչ պակաս մասնակցության դեպքում:
Հանրաքվեի անցկացման ընթացքին հետևում էր անկախ դիտորդների խումբը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամփոփեց համապատասխան Ակտում: Քվեարկության գործընթացի լուսաբանման համար ԼՂՀ էին ժամանել «Радио России», «Эхо Москвы», «Известия», «Московские новости», «Мегаполис-экспресс», «Столица», «Панорама», «Литературная газета», «Le Quotidien de Paris», «France-Presse», մի շարք այլ պարբերականների ու գործակալությունների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի հեռուստաընկերությունների լրագրողներ և թղթակիցներ։
ԼՂՀ ադրբեջանական բնակչությունը հրաժարվեց մասնակցել հանրաքվեին։ Փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային՝ ակտիվ մասնակցություն ունենալով դրանում։ Հանրաքվեի օրը Ստեփանակերտը և հայկական այլ բնակավայրեր ենթարկվեցին գնդակոծության, որի հետևանքով զոհվեց 10, վիրավորվեց 11 խաղաղ բնակիչ: