1993 թ. հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ հիմնվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը։
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ստեղծվեց ծանր շրջանում, երբ դեռ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ, և արցախահայությունը ստիպված էր կյանքի ու ազատության իր իրավունքը պաշտպանել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Սակայն, չնայած պատերազմական ժամանակաշրջանի դժվարություններին, անկախ պետականության կայացման ընթացքում անհրաժեշտություն առաջացավ ստեղծել արտաքին քաղաքական գերատեսչություն, որը կոչված էր դիվանագիտական ոլորտում լիարժեքորեն ներկայացնել և պաշտպանել երիտասարդ հանրապետության շահերը, իրականացնել արդյունավետ և պատասխանատու արտաքին քաղաքականություն։ Արտաքին գործերի նախարարության ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև նրանով, որ շարունակվող ռազմական գործողություններին զուգահեռ բանակցություններ էին ընթանում հակամարտության կողմերի միջև, այդ թվում՝ 1992 թ. ձևավորված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
ԱԳՆ-ն իր ստեղծման առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն ունեցավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին՝ ինչպես Մինսկի գործընթացի շրջանակներում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով։ Նորաստեղծ ԱԳՆ-ն իր ներդրումն ունեցավ նաև 1994 թ. մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման գործում, որով վերջ դրվեց լայնածավալ ռազմական գործողություններին՝ դրանով իսկ հակամարտությունը տեղափոխելով քաղաքական հարթություն։
Այսօր ԼՂՀ ԱԳՆ գործունեության ուղղություններն են՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում,
- Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում՝ խաղաղ ճանապարհով,
- ԼՂՀ արտաքին անվտանգության ամրապնդում,
- Արտաքին քաղաքական հարթակներում հանրապետության շահերի ներկայացում և պաշտպանություն,
- Արցախի միջազգային կապերի զարգացում և խորացում,
- Հանրապետության կայուն տնտեսական զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովում,
- Արտասահմանում հայկական Սփյուռքի հետ համագործակցության ամրապնդում։
Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար նշանակվեց ԼՂՀ ՊՊԿ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը։
Հետագա տարիներին ԱԳՆ-ն ղեկավարեցին Նաիրա Մելքումյանը, Աշոտ Ղուլյանը, Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը (որպես նախարարի պաշտոնակատար), Կարեն Միրզոյանը, Մասիս Մայիլյանը, Դավիթ Բաբայանը։
2023 թ. հունվարից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Սերգեյ Ղազարյանն է։