2016 թ․ ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։

Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն և բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի, ինչի մասին են վկայում հետևյալ փաստերը.

Ադրբեջանի ռազմականացումը և ռազմական ծախսերի աճը

Խախտելով ԵՍԶՈՒ մասին պայմանագրի պահանջները՝ ադրբեջանական կողմը հարձակողական սպառազինություններ է ձեռք բերել, որոնց քանակը զգալիորեն գերազանցում է թույլատրվող առավելագույն առաստաղը։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանի սպառազինման մեջ առկա է շուրջ 570 տանկ, 100 մմ և ավելի բարձր տրամաչափի մոտ 1140 հրետանային համակարգ, շուրջ 223 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա), 70 հարվածային ուղղաթիռ, այն դեպքում, երբ թույլատրված են՝ 220 տանկ, 285 հրետանային համակարգ, 135 ՀՄՄ, 50 հարվածային ուղղաթիռ։ Սովորական սպառազինությունների հիմնական տեսակներն Ադրբեջանը ներմուծել է վեց երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, Թուրքիայից և Հարավային Աֆրիկայից։ Սկսած 2010 թ. Ադրբեջանը կնքել է սպառազինությունների մատակարարման վերաբերյալ 13 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարքներ, որից մոտ 5 մլրդ՝ Ռուսաստանի1, 3 մլրդ՝ Թուրքիայի (60 հատ Տ-129 ATAK հարվածային ուղղաթիռի մատակարարման համար)2, 5 մլրդ՝ Իսրայելի3 հետ։ Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2015 թ. աշխարհում զենքի առևտրի մասին զեկույցի համաձայն` 2011-2015 թթ. ժամանակահատվածում սպառազինությունների ներկրման ծավալներով Ադրբեջանը առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում4։

Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ ձգտում են բազմակի ռազմական գերազանցության՝ հանկարծակի հարված հասցնելու և Լեռնային Ղարաբաղը զավթելու նպատակով։ 2015 թ. մարտի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը բավականաչափ տեխնիկա և զինամթերք է ձեռք բերում, որը բավարար է «առաջին իսկ հարվածով թշնամու 70%-ի ոչնչացման համար»։ Նրա խոսքով․ «Եկել է այդ ժամանակը․․․ դա անպայման տեղի կունենա, թող ոչ ոք չկասկածի»5։ 2015 թ. մարտի 19-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Հակամարտության կարգավորման համար, նախ և առաջ, մեր երկիրը, բանակը պետք է դառնան ավելի հզոր։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում։ Այսօր մենք շփման գծում լիակատար առավելության ենք հասել, թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցվում․․․»6։

Այլատյացության և հայատյացության քարոզչություն

Ի հեճուկս միջնորդների ու միջազգային հանրության հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի պատրաստելու կոչերին, Ադրբեջանում սերմանում են հայերի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք։

Հայերի դիվայնացումն ու դեհումանիզացիան (ապամարդկայնացում) դարձել են 2012 թ․ փետրվարի 28-ին Ադրբեջանի նախագահի կողմից հրապարակավ հնչեցված «աշխարհի հայությունը Ադրբեջանի հիմնական թշնամին է»7 կարգախոսի ներքո իրականացվող պետական քաղաքականության մի մաս։ Թե որքան հեռու են գնացել ադրբեջանական իշխանություններն ողջ հայության հանդեպ ատելության քարոզչության մեջ, վկայում են հետևյալ փաստերը․

  • Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում որպես ընդօրինակման կերպար է ներկայացվում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը՝ հանցագործ, որը ազգային ատելության հողի վրա կացնով գլխատել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ վերջինիս քնած ժամանակ։ Նրանք երկուսն էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում լեզվի ուսուցման դասընթացների էին մասնակցում։ Հունգարական դատարանի որոշմամբ Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թ․ օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջանին։ Նրան անհապաղ ներում շնորհվեց և տրվեց ավելի բարձր՝ մայորի կոչում՝ ազատազրկման մեջ անցկացրած 8 տարիների դիմաց ռոճիկի վճարմամբ։
  • 2010 և 2014 թթ․ ադրբեջանական գերության մեջ սպանվել են Հայաստանի սահմանամերձ գյուղերի երկու բնակիչներ՝ Մանվել Սարիբեկյանը և Կարեն Պետրոսյանը։ Ընդ որում, Կարեն Պետրոսյանը սպանվել է գերեվարման հաջորդ իսկ օրը։
  • Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, ով հրապարակայնորեն հանդես է գալիս հօգուտ հայերի հետ որևիցե հարաբերությունների հաստատման, ահաբեկման ու հալածանքի է ենթարկվում իշխանությունների կողմից, ինչպես դա տեղի ունեցավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ։
  • Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած հայ ադրբեջանական իշխանությունների կողմից դիտարկվում է որպես պոտենցիալ պատանդ։ Դրա վառ ապացույցն է ադրբեջանական իշխանությունների առաջարկը՝ փոխանակելու 2010 թ․ Հայաստանում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով կնոջ ու երեխաների հետ Ադրբեջան փախած Եղիշե Պետրոսյանի ընտանիքը Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հետ, որոնք 2014 թ․ գործած ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ անձի առևանգման ու սպանության համար ազատազրկման են ենթարվել ԼՂՀ-ում8։

Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, մասնավորապես ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում (CERD/C/AZE/CO/4, 2005 թ․ ապրիլի 14), Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ 2002 թ․ հունիսի 28-ի, 2006 թ․ դեկտեմբերի 15-ի, 2011 թ․ մարտի 23-ի և 2016 թ. մարտի 17-ի զեկույցներում, Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ 2003 թ․ մայիսի 22-ի և 2007 թ․ նոյեմբերի 9-ի կարծիքներում։

2016 թ․ մայիսի 13-ին ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից ռասայական ատելության ու հայերի հանդեպ ատելության հողի վրա տեղի ունեցող հանցագործությունների խրախուսման փաստի առթիվ։

Ադրբեջանի հրաժարումը հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներից

Ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն մերժել են ինչպես միջնորդների, այնպես էլ ԼՂՀ և Հայաստանի բոլոր առաջարկները ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովման վերաբերյալ։ Մասնավորապես, մերժվել են դիպուկահարների հետքաշման (2009 թ․) և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման (2011 թ․) վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկները, ինչպես նաև կողմերի և նրանց օպերատիվ շտաբների միջև ուղիղ կապի հաստատման (2001 թ․), ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման իրականացման (2004 թ․), կրոնական տոների ընթացքում ցանկացած սադրիչ գործողություններից զերծ մնալու (2012 թ.) վերաբերյալ ԼՂՀ նախաձեռնությունները։ Ադրբեջանը մերժել է նաև ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության աուդիո- և վիդեոհամակարգերի տեղադրման վերաբերյալ նախաձեռնությունը (2015 թ․), որին աջակցություն հայտնեցին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 80 անդամ։

Ադրբեջանի կողմից լարվածության հետևողական սրումը

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները մշտական բնույթ են ձեռք բերել։ Այդ խախտումները հետզհետե ավելի սպառնալից էին դառնում ինչպես իրենց բնույթով, այնպես էլ ծավալով։ 2014 թ․ հունվարից Ադրբեջանը դիվերսիոն պատերազմ է սանձազերծել ԼՂՀ դեմ, որն իր գագաթնակետին է հասել նույն թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի։ 2014 թ․ նոյեմբերին ադրբեջանական կողմը խոցել է շփման գծի մոտակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղաթիռը9։ 2015 թ․ հունվարից ադրբեջանական զինված ուժերն անցել են ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծմանն ականանետերով, սեպտեմբերից՝ խոշոր տրամաչափի հրետանիով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, դեկտեմբերից՝ տանկերի կիրառմամբ։

Իրադրության անընդհատ թեժացմանը և լարվածության սրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հրապարակայնորեն ձևակերպվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից, ով հայտարարել է, որ ադրբեջանցի «զինծառայողը պետք է զօր ու գիշեր օգտագործի ամեն մի հնարավորություն թշնամուն ոչնչացնելու համար»10։ 2016 թ. ապրիլի 2-5 լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն ապրիլի 23-ին բարձրագույն հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պետք է պատրաստ լինի ցանկացած գնով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը. «այդ է ակնկալում պետությունը և պահանջում ժողովուրդը»11։

Նմանատիպ դիրքորոշում է հնչեցվել նաև հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից։ Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահը, այցելելով ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ, հայտարարել է, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները հավելյալ միջոցներ են հատկացրել սպառազինման համար։ «Եթե հայկական զինված ուժերը ապրիլյան մարտերից ճիշտ հետևություններ չանեն, ապա հետագայում դեռևս կլինեն հաջողված շատ գործողություններ»,- սպառնացել է Ադրբեջանի նախագահը12։

Ժողովրդական դիվանագիտության խաղաղարար նախաձեռնությունների մերժումը Ադրբեջանի կողմից

2014 թվականից ի վեր ադրբեջանական իշխանություններն ակտիվացրել են հետապնդումները քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ներգրավված էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելուն ուղղված ժողովրդական դիվանագիտության մեջ։ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալելով մի շարք ադրբեջանցի ակտիվիստների, այդ թվում՝ լրագրող Ռաուֆ Միրկադիրովին (2014 թ․ ապրիլի 20-ին) և իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսովներին (2014 թ․ հուլիսի 30), ադրբեջանական իշխանությունները խափանեցին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման փորձերը՝ նույնիսկ մարդկային շփման մակարդակով։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում կտրուկ սահմանափակվել է խոսքի ազատությունն, և գրեթե իսպառ բացառվել այլընտրանքային տեսակետ հայտնելու հնարավորությունը։ 2014 թ․ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահը կարգադրություն է ստորագրել ԶԼՄ-ներում և համացանցային ռեսուրսներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում ազգային անվտանգության ու պաշտպանության նկատառումներով հատուկ նշանակություն ներկայացնող օբյեկտների տեղաբաշխման ու նշանակության, զորամիավորումների ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային տեղակայման, զորամասերի կազմակերպական կառուցվածքի, անձնակազմի քանակի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև ռազմական ոլորտին վերաբերող պետական գաղտնիք հանդիսացող այլ տեղեկությունների տարածումը կանխարգելելու մասին։ Նույն կարգադրությամբ Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում նախապատրաստել և ներկայացնել «Ռազմական դրության մասին» օրենքի փոփոխված տարբերակը13։ Նման գործողությունները, այդ թվում տեղեկատվության նկատմամբ լիակատար վերահսկողությունը, բնորոշ են պատերազմի նախապատրաստվող երկրներին։ Հատկանշական է, որ նշված կարգադրությունը ստորագրվել է 2014 թ․ օգոստոսին ԼՂՀ վրա հարձակման Ադրբեջանի ձախողված փորձից մեկ ամիս անց և, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդել քողարկել ադրբեջանական բանակի իրական կորուստները։

Բանակցային գործընթացը վիժեցման Ադրբեջանի քաղաքականությունը

Երկար տարիներ ադրբեջանական իշխանությունները վարում էին բանակցային գործընթացի վիժեցմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի տապալմանն ուղղված քաղաքականություն։ Ծրագրված ու հետևողական կերպով Ադրբեջանը նախ հրաժարվել է ԼՂՀ-Ադրբեջան երկկողմ, ապա՝ ԼՂՀ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցություններից, 2014-2015 թթ․ վերջնականապես փակուղի է մտցրել Հայաստան-Ադրբեջան ձևաչափով բանակցությունները և, ի վերջո, 2015 թ․ վերջին ու 2016 թ․ սկզբին հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից։ 2016 թ․ մարտի 19-ին Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին Ադրեբջանի դեմ սադրանքի մեջ և հայտարարել, որ Ադրբեջանի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է14:

Ագրեսիայի առաջին օրը պաշտոնական Բաքուն նույնիսկ չէր թաքցնում, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը։ Մասնավորապես, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը 2016 թ․ ապրիլի 2-ին «Говорит Москва» ռադիոկայանին և «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարել է, որ Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը15։

Մի քանի ամիս անց՝ 2016 թ. նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով հայտարարեց որ ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա…»16։

Մեծացնելով իր ռազմական ներուժը, մերժելով բոլոր խաղաղարար նախաձեռնությունները, ձգտելով ամեն գնով մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը, այլատյացություն և քարոզելով թշնամանք ու ռազմամոլություն՝ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում նոր ագրեսիայի համար։ Ակնհայտ էր, որ հենց որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի մտադրությունները համընկնեն իրական հնարավորությունների հետ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումն իրականություն կդառնա, ինչը և տեղի ունեցավ 2016 թ․ ապրիլի 2-ին։

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ՝ ինչպես Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների հանդեպ։ Ագրեսիայի առաջին իսկ օրը ադրբեջանական բանակը հրետակոծել է Մարտունու շրջանում գտնվող դպրոցներից մեկը, ինչի հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ վիրավորվել։ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրագործվել է հայ ընտանիքի երեք տարեց անդամների դաժան սպանություն՝ նրանց դիակների խեղմամբ։ Խեղման են ենթարկվել նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ավելի քան երկու տասնյակ զինծառայողների մարմիններ. կտրել են գլուխները, դաստակները, մատներն ու ականջները։ Առնվազն չորս զինծառայողներ կտտանքների են ենթարկվել դեռևս կենդանության օրոք։ Ադրբեջանցի զինվորները նկարահանվել են կտրված գլուխները ձեռքներին և դրանք ցուցադրել մերձակա ադրբեջանական գյուղերի բնակիչներին։ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է ղարաբաղյան կողմին հանձնել երկու զինծառայողների կտրված գլուխները։

Այս փաստերը ցույց են տալիս, թե որքան հեռու են գնացել ատելությունն ու հայատյացությունն Ադրբեջանում, որտեղ միջնադարյան դաժանության նման դրսևորումներն ընկալվել են որպես խրախուսման արժանի արարք․ կտրված գլուխը տեսախցիկի առջև ցուցադրած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի կողմից։ Ադրբեջանի նախագահի նշված քայլը փարատում է բոլոր կասկածները, որ սա հենց այն արդյունքն է, որին ձգտում են Ադրբեջանի իշխանությունները՝ վարելով այլատյացության ու հայերի հանդեպ ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսման քաղաքականություն։

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին է փաստում նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ և զինվորականներ»17, և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին18։

Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ19 կրելով ՝ Ադրբեջանը հարկադրված էր ս. թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նրանք հաստատում են, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և շեշտում հրադադարի մասին 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

2016 թ․ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատել են 2016 թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն, չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է գործնական քայլեր ձեռնարկել դրանց կյանքի կոչման ուղղությամբ։

 


 

Ref

1. За пять лет Россия поставит в Азербайджан вооружений на 5 млрд. долларов. Contact.az, 14 հոկտեմբերի 2014 թ.
http://www.contact.az/docs/2014/Politics/101400093251ru.htm#.VyipcPl96hc

2. Turkey’s ATAK helicopter joins the Azeri army. Daily Sabah, 4 փետրվարի, 2013 թ․
http://www.dailysabah.com/money/2013/02/04/turkeys-atak-helicopter-joins-the-azeri-army

3. http://www.haaretz.com/israel-news/.premium-1.715293?utm_source=dlvr.it&utm_medium=twitter;
    http://www.pmo.gov.il/English/MediaCenter/Events/Pages/EventAzerbaijan131216.aspx

4. SIPRI Fact Sheet. Trends in international arms transfers, 2015

5. Министр обороны Азербайджана: «Мы уничтожим 70% врагов с первого же удара». APA լրատվական գործակալություն, 23 մարտի 2015 թ.
http://ru.apa.az/news/289110

6. «Речь президента Азербайджана Ильхама Алиева на общенародном веселье по случаю Новруз байрамы». Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք, 19 մարտի 2016 թ.
http://ru.president.az/articles/19436

7. Выступление президента Азербайджана Ильхама Алиева на конференции, посвященной итогам третьего года реализации «Государственной программы социально-экономического развития регионов Азербайджанской Республики в 2009-2013 годах». Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք, 28 փետրվարի 2012 թ.
http://ru.president.az/articles/4400

8. Азербайджан обратился к Красному Кресту с предложением по обмену заложниками с Арменией. Trend լրատվական գործակալություն, 22 օգոստոսի 2014 թ. http://www.trend.az/azerbaijan/karabakh/2304651.html

9. 10 օրվա ընթացքում ադրբջանական կողմը հրաժարվում էր երաշխավորել Արցախի և ԿԽՄԿ ներկայացուցիչների մուտքն այն տարածք, որտեղ ընկել էր խոցված ուղղաթիռը՝ անձնակազմի անդամների մարմինների տարհանման համար։ Ավելին, այդ տարածքը գտնվում էր ադրբեջանակ զինված ուժերի մշտական կրակի տակ։ 2014 թ. նոյեմբերի 22-ին Արցախի Պաշտպանության բանակը ստիպված էր հատուկ գործողություն իրականացնել, որի արդյունքում հաջողվեց դուրս բերել անձնակազմի անդամների մասունքները։

10. Министр обороны Азербайджана: «Мы уничтожим 70% врагов с первого же удара». APA լրատվական գործակալություն, 23 մարտի 2015 թ.
http://ru.apa.az/news/289110

11. Азербайджанская армия должна быть готова восстановить территориальную целостность страны любой ценой – глава Минобороны. Интерфакс-Азербайджан լրատվական գործակալություն, 23 ապրիլի 2016 թ.
https://interfax.az/view/670813

12. Речь Ильхама Алиева во время ознакомления с оперативными условиями в командном пункте управления, расположенном на передовой линии. Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք, 12 նոյեմբերի 2016 թ.
http://ru.president.az/articles/21707

13. Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրություն, 24 սեպտեմբերի, 2014 թ․
http://ru.president.az/articles/12963

14. «Речь президента Азербайджана Ильхама Алиева на общенародном веселье по случаю Новруз байрамы». Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք, 19 մարտի 2016 թ.
http://ru.president.az/articles/19436

15. «Говорит Москва» ռադիոկայան, 2 ապրիլի 2016 թ.
http://govoritmoskva.ru/news/74103/

16. Речь Ильхама Алиева во время ознакомления с оперативными условиями в командном пункте управления, расположенном на передовой линии. Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք, 12 նոյեմբեր 2016 թ.
http://ru.president.az/articles/21707

17. Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Meduza ինտերնետային թերթին
https://meduza.io/feature/2016/04/04/s-toy-storony-tolko-pole-i-voennye

18. Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություն
http://mod.gov.az/ru/news/rasporyazhenie-ministra-oborony-vooruzhyonnym-silam-12749.html

19. 2016 թ. ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի միայն մարտական տեխնիկայի կորուստները կազմել են 24 տանկ, 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, 6 զրահամեքենա, 1 ՀՄՄ, 1 ՏՕՍ-1Ա, 1 «ԳՐԱԴ» ՀԿՌՀ, 1 ինժեներական մեքենա։

Print Friendly, PDF & Email