Գլուխ 9 Մարդու իրավունքների պաշտպանը

Հոդված 157. Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները

1. Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մար­- դու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտ­ված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունք­ներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելա­գործ­մանը:
2. Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայա­ցնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատու­թյուն­ների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունա­կել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկ­ներ:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտո­նատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրա­վունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկու­թյուններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:
4. Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահման­վում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

Հոդված 158. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով:
2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթու­թյուն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համա­պա­տասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

Հոդված 159. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները

1. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամա­վորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
2. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են պատգամա­վորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:
3. Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրակա­նաց­ման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
4. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:
5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
6. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիք­ները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: