Հոդված 1. Արցախի Հանրապետությունը
1. Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:
2. Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:
Հոդված 2. Ժողովրդի ինքնիշխանությունը
1. Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
3. Իշխանության յուրացումը հանցագործություն է:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
4. Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:
Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ օրենքներին:
3. Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. Օրինականության սկզբունքը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը
1. Արցախի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը
Արցախի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
Հոդված 10. Սեփականության երաշխավորումը
1. Արցախի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
Հոդված 11. Տնտեսական կարգը
Արցախի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը
Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
Հոդված 13. Արտաքին քաղաքականությունը
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը
1. Արցախի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Արցախի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Արցախի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են: 3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը:
Հոդված 15. Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը
1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:
2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։
Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը
Ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:
Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները
1. Արցախի Հանրապետությունում ճանաչվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին
Արցախի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի հետ կապերը
1. Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ իրականացնում է քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական խոր համագործակցությանը, համակողմանի կապերի և անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:
2. Արցախի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը:
Հոդված 20. Արցախի Հանրապետության պետական լեզուն
1. Արցախի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
2. Արցախի Հանրապետությունում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածումը:
Հոդված 21. Արցախի Հանրապետության խորհրդանիշները
1. Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղաձև զարդանախշով: Դրոշի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:
2. Արցախի Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:
Հոդված 22. Արցախի Հանրապետության մայրաքաղաքը
Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է: