Հայտարարություններ և հաղորդագրություններ
ԼՂՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Միջհամայնքային» ձևաչափն անընդունելի է
Ադրբեջանի իշխանությունները նորից ակտիվորեն արմատավորում են «միջհամայնքային» հասկացությունը, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելուն, ձևափոխելու հակամարտության փաստացի եռակողմ ձևաչափը պաշտոնական Բաքվին համար շահավետ երկկողմ ձևաչափի:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է ԽՍՀՄ կազմալուծման ընթացքում դեզինտեգրացիայի բնականոն գործընթացի հետևանքով առաջացած խնդրի լուծմանը քաղաքակիրթ մոտեցումներ ցույցաբերելու` պաշտոնական Բաքվի անընդունակության արդյունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ձևավորվել է` լիովին համապատասխանելով ինչպես այն ժամանակաընթացքում գործող օրենսդրությանը, այնպես էլ բոլոր միջազգային նորմերին, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի օբյեկտ է դարձել` ողղված ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկապես բնաջնջմանը: Անհաջողություն կրելով իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում` Բաքուն, դժբախտաբար, սկսել է հմտանալ քաղաքականության բնագավառում ինտրիգների և սադրանքների մեջ: Ղարաբաղյան հակամարտությունը որպես «միջհամայնքային» ներկայացնելու փորձերը պաշտոնական Բաքվի քարոզչական հնարքն են հանդիսանում, որը կոչված է միջազգային հանրությանը շեղել խնդրի իրական էությունից և հերթական անգամ վկայում է Բաքվի իշխանությունների մոտ հակամարտությունը խաղաղ կարգավորելու քաղաքական կամքի և ցանկության բացակայության մասին:
«Միջհամայնքային» ձևաչափը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, միակողմանիորեն վերադարձնել ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ` առանց լուծելու Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերի հարցը, նախկին «գաղութի» և նախկին «մետրոպոլիայի» խնդիրը ձևափոխել տարածաշրջանի բնակիչների միջէթնիկական խնդրիներով, այն դեպքում, երբ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքվի իշխանությունների ընդհանուր խտրական քաղաքականության հետևանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության գործոնի անտեսումը և կայացած ղարաբաղյան պետությունը ներկայացնելը որպես տարածք Ադրբեջանի կազմում` երկու համայնքների հավասար իրավունքներով: Վերջին հաշվով, Բաքվի հաշվարկներով վերոնշյալն ամբողջությամբ պետք է ընկած լինի «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման» ի սկզբանե անկենսունակ ձևաչափի հիմքում:
Ղարաբաղյան կողմը «միջհամայնքային» մոտեցումը ոչ միայն անհեռանկար, այլև չափազանց վտանգավոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի և վարկաբեկում է ինքնին խաղաղարության գաղափարը, լրացուցիչ լարվածություն և անվստահություն է մտցնում հակամարտության կողմերի հասարակությունների միջև:
Ադրբեջանական փոքրամասնությանը նշված կարգավիճակի արհեստականորեն տրամադրման փորձը զուրկ է որևէ իրավական հիմքից, մասնավորապես, հակասում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության ինքնուրույն կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը (1994թ.)` առանց «համայնքները» հիշատակելու: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չի եղել հայերի և ադրբեջանցիների փոխհամաձանյության առկայությունից: Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչները, ում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հնարավորություն էր տրվել մասնակցել քվեարկությանը և երկրի ճակատագրի որոշմանը, նախընտրել էին հեռանալ Ղարաբաղից և նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ դառնալ:
ԼՂՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչների միջև կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանորեն ճանաչումից հետո: Միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների ուղղակի բանակցություններն են ընդունակ կոնկրետ արդյունք ապահովել խնդրի համապարփակ լուծման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման առումով:
09.12.2011
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը
ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից վերջին նախաձեռնությունների և Բաքվի արձագանքի կապակցությամբ
2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անց կացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական հաջող դրսևորումը: Իշխանության մարմինները, որոնք ձևավորվել են, բազմաթիվ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քվեարկության միջոցով, կոչված են շարունակելու մեր հանրապետությունում ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպվածության բարձրացման, ինչպես նաև բաց և ժողովրդավարական հասարակության հիմքերի հետագա ամրապնդման մշտական գործընթացը:
ԼՂՀ քաղաքացիները օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրավունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատություն` չհիմնավորված և միջազգային հարաբերությունների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող:
Բացի դրանից, ԼՂՀ ԱԳՆ-ն տեղին է համարում Ադրբեջանին հիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման և քաղաքացիական հասարակության ամրապնդման իրավունքից զրկելու փորձերի դատապարտվածության մասին և միաժամանակ մտահոգություն է հայտնում հարևան հանրապետությունում նույնատիպ գործընթացների բացակայությամբ:
Նախարարությունը նաև դիմում է միջազգային հանրությանը կառուցողական և հետևողական վերաբերմունք դերսևորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հյուսիսային Կովկասում բաց և ժողովրդավարական հասարակության ձևավորմանը:
Հոկտեմբերի 1 , 2011թ.
Ստեփանակերտ
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
Ուսումնասիրելով <<Միջազգային ճգնաժամային խմբի>>`/ICG/ <<Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը>> զեկույցը` ակամայից հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին <<մեղմացնել>> դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:
Հայտնի է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումները բանակցային գործընթացում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այն մասով, որով ԼՂՀ-ն լիազորել է նրան: Սակայն, խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք, ինչպես նաև հասարակական հատվածը, որը շահագրգռված է ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության խաղաղ կարգավորման մեջ, այդ թվում նաև ICG-ին, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին:
Այլ հարց է` ինչքանով է օբյեկտիվ այն զեկույցը, որը գրվել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ զեկույցի հեղինակները ոչ մի անգամ, թեկուզ քաղաքավարության համար, չեն այցելել ԼՂՀ: Էլ չխոսելով այն բանի մասին, որ վերջին ժամանակներս <<Միջազգային ճգնաժամային խմբի>> եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հաստատվել է Ստամբուլում, որտեղ, հիմք ընդունելով ԶԼՄ-ի հրապարակումներն ու հաճախ իրականությունից կտրված տեղեկությունները, խորհուրդներ է տալիս հակամարտության կողմերին: Չէ որ նույնիսկ մեկ անգամ այցելելով ԼՂՀ, ոչ միայն կարելի է ըմբռնել հակամարտության էությունը, այլև համոզվել հանրապետության կայացած լինելու և կենսունակության մեջ:
Փաստորեն, ICG-ին առաջարկում է լուծել հակամարտության հետևանքները, այլ ոչ թե բուն հակամարտությունը, ինչը կողմերի հասարակությունների միջև ծայրահեղ լարվածության պայմաններում կրակի վրա յուղ է լցնում: Սաբինա Ֆրեյզերը, միգուցե առանց գիտակցելու, նոր ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, ինչին էլ հենց ձգտում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպեսզի, օգտվելով աղմուկից, փորձի լուծել հարցը իր ձևով: Պատահական չէ, որ Ֆրեյզերը Անկարային է վերագրում տարածաշրջանում հիմնական կարգավորողի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդի դերը: Այնպես որ, <<Միջազգային ճգնաժամային խմբին>> տեղին է անվանել <<Ճգնաժամերի ստեղծման խումբ>>:
Անշուշտ, Արցախում կիսում են ՄՃԽ-ի անհանգստություններն առ այն, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, և որ այն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ կործանարար հետևանքներ է ունենալու: Սակայն, նմանատիպ զեկույցներում հարկ է նշել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակների կոնկրետ մեղավորներին: Շփման գծում առկա լարվածությունը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակամետ քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանում սաստկացող ռազմական հռետորաբանության և ռազմատենչ տրամադրությունների աճի պայմաններում անհասկանալի է արտասահմանյան պետությունների միջնորդների և ներկայացուցիչների մեղմ դիրքորոշումը, որոնք արդեն վաղուց պետք է վճռականորեն դատապարտեին նախագահ Ալիևին` կոչ անելով նրան հրաժարվել սպառնալիքների քաղաքականությունից և բանակցությունների սեղանի շուրջ նստել հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: ՄՃԽ առաջարկությունները, ցավոք, չեն կարող լուծել սկզբունքային տարաձայնությունները: Մանր զիջումների մարտավարությունն ագրեսիվ կողմի օգտին պարզապես կբորբոքի նրա ախորժակը:
Պատերազմին պետք է հակադրել ոչ թե շրջանակային համաձայնության ստորագրումը և այլ կիսամիջոցներ, այլև ԼՂՀ ճանաչումը: Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ստորագրման արագացումը, առանց նրա բոլոր հիմնական դրույթների մանրակրկիտ ուսումնասիրման, << դանդաղ գործողության ական>> կդառնա ամբողջ խաղաղարար գործընթացի համար:
Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական բնույթի վստահության միջոցների արագ իրականացում: Միջազգային հանրությունը պետք է անմիջական հարաբերություններ հաստատի Լեռնային Ղարաբաղի հետ: ԼՂՀ ինտեգրումը միջազգային գործընթացներին գրեթե այն միակ գործիքն է միջազգային հանրության արսենալում` հակազդելու նոր պատերազմի տանող իրավիճակին: Միջազգային հանրության կողմից ԼՂՀ անտեսումը հօգուտ Ադրբեջանի պարզապես ուժեղացնում է վերջինիս վստահությունն առ այն, որ նա նոր ագրեսիայի իրավունք ունի:
Միջազգային հանրությունը չպետք է կրկնի 1990-ական թվականների սկզբին կատարած սխալը, երբ Ադրբեջանի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի համանման իրավունքի մերժումը ընկալվեցին Ադրբեջանի կողմից որպես քարտ-բլանշ ԼՂՀ դեմ լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելու և նրա ժողովրդի կամքը ճնշելու համար: Արդյո՞ք ժամանակը չէ դասեր քաղել անցյալից:
ք. Ստեփանակերտ,
18.02.2011
* * *
<<Հանուն Ղարաբաղի խաղաղության>> ստորագրահավաք Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների շրջանում
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված <<Հանուն Ղարաբաղի խաղաղության>> վերտառությամբ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը: Նախաձեռնության շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն էին, իսկ անմիջական ազդակը` հունիսի 18-ին Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունը:
ՀՀ Դեսպանության, Փարիզում ԼՂՀ ներկայացուցչության, ֆրանսհայ համայնքային կառույցների և Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համագործակցության արդյունքում 2010-ի տարեկեսից ձեռնարկված ստորագրահավաքը, ըստ ֆրանսիացի պատգամավորների, տպավորիչ արդյունք գրանցեց: Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ Հայտարարության տեքստի տակ դրված են ֆրանսիայի Ազգային ժողովի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին, և որ գործընթացը դեռևս շարունակվում է:
Ասուլիսին ելույթով հանդես եկան Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պատգամավորներ Ռընե Ռուքեն, Ժաք Ռըմիլիեն, Գի Տեսսիեն, նորերս պատգամավոր դարձած Մարի Էլեն Թորավալը, այլ պատգամավորներ:
Որոշվեց հայտարարության տեքստը և այն ստորագրած պատգամավորների ցուցակները ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ` ի գիտություն, ինչպես նաև այն տարածել ֆրանսիական լրատվամիջոցների շրջանում:
Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ 145 ֆրանսիացի պատգամավորներ, որոնց մեծ մասը ներկայացված է նաև ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում և այլ եվրոպական ներկայացուցչական մարմիններում, այս ակցիայով հստակորեն դատապարտեցին Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու գործողությունները և պաշտպան կանգնեցին սեփական կառավարության դիրքորոշմանը` քաղաքական երկխոսության միջոցով ԼՂ հիմնահարցին խաղաղ լուծում գտնելու վերաբերյալ:
Հայտարարության տեքստը
<<Հանուն Ղարաբաղի խաղաղության>>
Հարավային Կովկասում լարվածությունն ավելի ու ավելի է ուժգնանում։ Չնայած 2010թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ուրբաթ օրը՝ հունիսի 18-ին, ադրբեջանական բանակը նախահարձակ է եղել Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ: Ռազմական գործողության արդյունքում հայկական կողմը տվել է 4 զոհ, 4 վիրավոր, ադրբեջանականը՝ 1 զոհ։ Ադրբեջանի կողմից զինադադարի այս խախտումն անընդունելի է։
Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ջանքեր են գործադրում ԼՂ հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակներ գտնելու համար, չի կարելի թույլ տալ, որպեսզի Բաքուն երկակի խաղ խաղա` այն է` դիվանագիտական և ռազմական գործողությունների լեզվով։
Այս հարցը, սակայն, կարող է միայն քաղաքական լուծում ստանալ. տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող ցանկացած ռազմական միջամտություն պետք է բացառվի հիմնահարցի կարգավորման օրակարգից։ Խաղաղ ապագա ունենալու և ժողովրդավարություն կառուցելու համար Հարավային Կովկասում չպետք է տիրի բռնության մթնոլորտ։ Եվ անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, վերջին վերապրողները մի ժողովրդի, որոնց գոյությունը իրենց պապենական հողերի վրա նվազել է շագրենի կաշվի պես` 1915թ. ցեղասպանությունից ի վեր, դատապարտված լինի ապրելու մշտատև ռազմական ճնշման ներքո։
Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական և կառուցողական երկխոսության միջոցներով։
Մենք դատապարտում ենք զինադադարի ցանկացած խախտում, որպիսին եղավ հունիսի 18-ին` խլելով 5 մարդու կյանք։ Զենքի սպառնալիքի ներքո անհնար է վստահություն նախադրյալներ կառուցել։
Մենք հորդորում ենք ֆրանսիական կառավարությանը առավել ջանքեր գործադրել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ և դիմում ենք գլխավոր անձանց պատասխանատվության զգացողությանը` գտնելու համաձայնեցված, խաղաղ և երկարատև լուծում տարածաշրջանի համար։
* * *
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակը: Այդ կերպ են լուծվել Եթովպիայի և Էրիտրեայի, Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի միջև հակամարտությունները:
ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ է ընդգծում միջազգային հանրության դիրքորոշումը, որն անհրաժեշտ ճնշում է գործադրել Խարթումի կենտրոնական իշխանության վրա և հերթական անգամ աջակցություն է հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը` որպես պետական անկախության հռչակման և հետագա պաշտոնապես ճանաչման հիմք:
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքը կլինի երկարատև խաղաղության և կայունության հաստատումը, որը թույլ կտա ջանքերն ուղղել տարածաշրջանի երկրների միջև կառուցողական և փոխշահավետ համագործակցությանը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը աշխարհի տերությունների կողմից օբյեկտիվ և կայուն հետևողականություն է ակնկալում ադրբեջանա-ղարաբաղյան և նմանատիպ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում կիրառելու հարցում` միջազգային իրավունքի կիրառման ժամանակակից միտումների ոգով և 2009թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձևին համապատասխան: Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքից օգտվել է դեռևս 1991թ.-ին` անցկացված հանրաքվեով արտահայտվելով անկախության օգտին և իր կամքը հաստատել է 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը և միջազգային հանրության անգործությունը հանգեցրել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները ենթարկվել են էթնիկական զտումների և տեղահանումների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների զոհ են դարձել:
Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ժողովրդի արդեն իսկ կայացած կամարտահայտության արդյունքների միջազգային ճանաչումը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման և Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև քաղաքակիրթ հարաբերությունների կերտման համար պայմանների ստեղծման ամենակարճ ուղին:
ԼՂՀ ԱԳՆ-ն փաստում է, որ մարդկանց ազատությունն ու անվտանգությունը ժամանակակից աշխարհում բարձրագույն արժեքներ են հանդիսանում: Մարդու հիմնական իրավունքների իրացմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է դիտվի քաղաքական իրավիճակից անկախ և միջազգային հանրության կողմից միանշանակ և խիստ գնահատականի արժանանա :
ք. Ստեփանակերտ,
24 հունվարի 2011թ.
* * *
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում:
Երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ և աճող հետաքրքրության մասին:
Ցավոք, ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի և այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական և բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:
Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է ԱՀ և ԼՂՀ միջև փոխվստահության ձևավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար:
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից և իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները:
ք. Ստեփանակերտ
21 հունվարի 2011թ.
* * *
11-10-2010
ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և ստեղծագործական միությունները նամակով դիմել են ԵԱՀԿ Գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և Մինսկի խմբի համանախագահներին, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը.
ԵԱՀԿ Գործող նախագահ պրն. Սաուդաբաևին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.
դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ
դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն
դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն
Ձեզ դիմելու առիթը այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումն է եւ դրա հետ կապված մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները:
Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը` ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու՞ է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում:
Գնահատելով ձեր իրազեկվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել տարածաշրջանի ներկայիս հումանիտար իրավիճակի ձևավորման վրա ազդեցություն թողած որոշ փաստեր և իրադարձություններ.
Մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին սահմանվել է Ռուսաստանի կոմունիստական /բոլշևիկների/ կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի արձանագրությամբ:
Մինչ այդ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցի լուծումը վերապահել էր Փարիզի խաղաղության վեհաժողովին:
Այդուհանդերձ, միայն երկու տարի անց, 1923թ, ԼՂ հայ մեծամասնության ներկայացուցիչների և Խորհրդային Հայաստանի համառ պնդումներից հետո, Ադր. ԽՍՀ Կենտգործկոմը հռչակել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Մարզը, որի սահմաններից, սակայն, դուրս են թողնվել գերազանցապես հայաբնակ և պատմականորեն մեկ ամբողջության մաս կազմող շրջաններ, իսկ Շուշի քաղաքը` զրկվել է մայրաքաղաքի կարգավիճակից:
Սույն միակողմանի և ԼՂ հայ մեծամասնության շահերը ոտնահարող որոշումը խորհրդային իշխանության բոլոր տարիներին հարուցել է դժգոհություններ և բողոքներ, որոնք խորհրդային Ադրբեջանի կառավարության կողմից դաժանորեն բռնաճնշվել են և դարձել հայ բնակչության արտագաղթի պատճառ:
Բավական է ասել, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ընդամենը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիվը կրճատվել է 22 հազարով: Եվ դա այն դեպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչությունը նույն ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր:
Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն փաստը, որ 1941-45թթ. պատերազմի տարիներին գործող բանակ է զորակոչվել բնակչության ավելի քան մեկ երրորդը` 44 000 մարդ, որի ուղիղ կեսը զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ` մարդկային նման ահռելի կորուստներ կրել են միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական օկուպացիայի և էթնիկ զտումների: Համեմատության համար, կարծում ենք, արժե նկատել, որ ամբողջ Ադր. ԽՍՀ բնակչության միայն շուրջ 20 տոկոսն է զորակոչվել:
Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը <<արմատապես փոխել հօգուտ ադրբեջանցիների>>: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել:
Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի և ապրուստի հնարավորություն չունենալու պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:
Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թվականներին, Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածք և հարստություն են թողել այդ երկրում, չարժանանալով որևէ փոխհատուցման:
Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը և դիմեց բռնության: Մեզ այլ ելք չէր մնում, քան, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգային ինստիտուտներ և դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերի ու զրկանքների պատճառ է դարձել:
Մինչդեռ մարդկային այս, ինչպես նաև հակամարտության գոտու ադրբեջանցի բնակչությանը բաժին ընկած տառապանքներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանի իշխանությունները տեղաշրջանի հայ մեծամասնության մարդկային իրավունքների նկատմամբ ցուցաբերեին պարզ ընկալունակություն:
Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է: Ուստի և մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա:
Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է և այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով և ռազմատենչ հայտարարություններով:
Հակամարտող կողմերի միջև միջնորդություն ստանձնած կառույցը, հուսով ենք, գիտակցում է, որ նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այլև հրահրում է նոր պատերազմ:
Մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան և կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
<<Ազատ հայրենիք>> կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Հայ Յեղափոխական դաշնակցության Արցախի կազմակերպություն
Արցախի Արմենական կուսակցություն
ԼՂ կոմունիստական կուսակցություն
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների միություն
Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն
<<Հելսինկյան նածաձեռնություն-92>> ԼՂ կազմակերպություն
Արցախի գրողների միություն
Արցախի ժուռնալիստների միություն
ԼՂՀ նկարիչների միություն
Արցախի մտավորականների միություն
Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկների <<Վիտա>>կազմակերպություն
ԼՂՀ փախստականների միություն
Պատերազմի և աշխատանքի վետերանների միություն
ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա
ք. Ստեփանակերտ
11 հոկտեմբերի, 2010թ.
***
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ ազատագրված տարածքներում <<ԵԱՀԿ գնահատման առաքելության>> իրականացման մասին կայացված որոշման առթիվ ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների Խորհրդի անդամները անհրաժեշտ են համարում հայտարարել.
Մենք <<ԵԱՀԿ գնահատման առաքելությունն>> ընկալում ենք իբրև մի միջոցառում, որը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում և որից օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար:
Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից սպառնալիքներ են հնչում ԼՂՀ և նրա ժողովրդի հասցեին, և Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ սկսելու մասին, վերջին մի քանի ամիսներին ամեն օր գնդակոծվում է շփման գիծը և մարդիկ են զոհվում, չեն դադարում ադրբեջանական զինված կազմավորումների փորձերը` իրականացնել հետախուզական-դիվերսիոն գործունեություն ԼՂՀ տարածքում, երբ Բաքուն հավաստում է լոկ իր ագրեսիվ նպատակները` կտրականորեն հրաժարվելով դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, միջնորդները, փոխանակ զբաղվեն այդ հարցերի փաթեթով, կազմակերպում են մի առաքելություն, որը նման է ագրեսիվ կողմին խաղաղեցնելու փորձի:
Մեզ` Արցախի հասարակության ներկայացուցիչներիս համար, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը և Ադրբեջանի զինված կազմավորումների ագրեսիվ պահվածքը, ինչը սպառնում է վերածվել ծավալուն ռազմական գործողությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անուշադրության են մատնվում և չեն արժանանում նրա հասցեագրված գնահատականին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրները, որոնք ստանձնել են խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի կանխվեն բռնությունն ու ցանկացած որևէ արարք, ինչը սադրում է լարվածության ուժգնացում:
Ավելին, միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՀԿ գնահատման առաքելության աշխատանքի արդյունքները պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվելու են տեղեկատվական պատերազմի ընդլայնման նպատակով, նույն կերպ, ինչպես ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է շարունակում լկտիաբար շահարկել ԵԱՀԿ նախկին առաքելությունների աշխատանքի արդյունքները:
ԵԱՀԿ ենթադրվող գնահատման առաքելության միակողմանի բնույթը, մեր կարծիքով, չի կարող դրական լիցք հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:
Որպեսզի առաքելությունը կարողանա ներկայացնել ամբողջական պատկերը, այն միաժամանակ պետք է անցկացվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված` ԼՂՀ տարածքներում:
Գնահատման առաքելությունը պետք է հանրության ուշադրությունը սևեռի նաև այդ տարածքներում հայկական մշակույթի պատմական կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի վրա, որոնց նպատակն է` ոչնչացնել հայկական էթնոսին այդ հողերի պատկանելության ամեն մի պատմա-մշակութային ապացույց, այդ թվում` նշված տարածքները ադրբեջանական ազգության անձանցով բնակեցնելու միջոցով:
Մենք մեր բողոքն ենք արտահայտում` ընդդեմ միջնորդների կողմից հայ փախստականների և հարկադիր տեղափոխված անձանց իրավունքների քամահրման:
Դրանից բացի, հայրենիքից արդեն մեկ անգամ զրկված հայերը, ովքեր բռնագաղթել են Ադրբեջանից, իրենց գլխավերևում տանիք ձեռք բերել ազատագրված տարածքներում, դարձյալ պետք է հոգեբանական ճնշման ենթարկվեն` սթրեսի ձևով և չգիտես ինչու` բացատրեն այդ հողում ապրելու իրենց իրավունքը:
Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած որոշում պետք է կայացվի համահավասարության հիմքի վրա, ելնի իրավահավասարության և արդարության սկզբունքներից, հաշվի առնի հակամարտության մեջ ներգրավված բոլոր հասարակությունների կարծիքը, իսկ որ գլխավորն է` նպաստի լարվածության և բռնության բացառմանը, կայուն խաղաղության հաստատմանը:
7 հոկտեմբերի 2010թ.
***
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ <<...մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը>>:
Պարոն Ֆասյեն, լինելով փորձառու դիվանագետ, չի սխալվել ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով: Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ և ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ դիմակայության:
Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի միջև դիմակայության աստիճանը:
09.09.2010
***
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Միջազգային դատարանի Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման կապակցությամբ
Արդարադատության Միջազգային դատարանը ս. թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:
Այդ որոշումն ունի չափազանց կարևոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաև համընդհանուր նախադեպային նշանակություն և իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով:
Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին և դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:
Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու և կառուցելու, ինչպես նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան և հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում:
Հուլիսի 24, 2010թ.
Ստեփանակերտ
***
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
1988թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները իրենց վայրագությամբ և դաժանությամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնությանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մարմնացումը:
Ցավոք, փետրվարի 27-ից 29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխավոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրավում Ադրբեջանում: ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին տաբու դնել <<սումգայիթ>> թեմայի վրա` արհեստականորեն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացված ցեղասպանությունը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտոնական մակարդակով պաշտպանվեցին:
Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը հնարավոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հանրապետության ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ծավալումը: Ջախջախիչ պարտություն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, չի պատրաստվում դասեր քաղել ոչ հեռու անցյալից և այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորությունը:
Պաշտոնական Բաքվի` ճշմարտության աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի և Ադրբեջանի միջև վստահություն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծմանը:
***
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը
Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու և Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին և հրետակոծություններին, այդ թվում նաև <<Գրադ>> համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:
Ղարաբաղի բնակչության համար կենսականորեն կարևոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:
Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ:
<<Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ <<միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին>>,- գրել է ռուսական Նեզավիսիմայա գազետա-ն 1992թ. ապրիլի 2-ին: Օգոնյոկ ամսագիրն իր հերթին (N 14-15, 1992թ.) նշում է` <<…Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել>>:
Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիվորեն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների և բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա` տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում նաև կեղծ գաղափարներ ծնող <<Հեյդար Ալիևի Հիմնադրամ>>-ի կայքէջում(www.azerbaijan.az): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ և հենց որպես այդպիսին
` այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել մեկ հատուկ գերմանական և սերբական ու ալբանական ֆորումներում,
Նյու-Յորք թայմս հեղինակավոր հրատարակչության կայքէջում և այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը: Այսպիսով, փետրվարի 24-ին Երևանում կայացած
www.xocali.net նախագծի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է ադրբեջանական կողմից օգտագործվող մոտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի լուսանկարներ և այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են հայտնաբերվել, որոնք ներկայացվում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների և այլ պաշտոնական կառույցների կողմից: Կայքում ներկայացված են նաև թուրք-մեսխեթների հարցաքննությունների մասին տեսանյութեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն արգելել են ադրբեջանական իշխանությունների կողմից արհեստականորեն բնակեցված թուրք-մեսխեթների ընտանիքներին տարհանվել:
Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրև Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:
Սակայն Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների և լրագրողների արտահայտություններն ու գնահատականները ամբողջությամբ հերքում են պաշտոնական Բաքվի կեղծ դրույթները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. <<Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար>>/ ադրբեջանական Զերկալո թերթ, 1992թ. հուլիս/:Թամերլան Կարաևը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր /այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան/, վկայում է. <<Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները>>, կոնկրետ` <<վերևում նստածներից ինչ-որ մեկը>> /ադրբեջանական Մուխալիֆատ թերթ, 28 ապրիլի, 1992թ./ :Հեյդար Ալիևն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում <<մեղավոր է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը>>: Դեռևս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալության հաղորդագրության համաձայն, նա ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. <<Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա>>: Արդյո՞ք Ադրբեջանի <<հայրը>> այս խոսքերի համար պատասխանատվություն է կրել:Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրության պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս <<հայերի կողմից պղծված դիակները>>, էական տարբերություն է նկատել վերջիններիս վիճակում: Դեպքերից անմիջապես հետո լինելով դաշտում` Մազալովան դիակների վրա վայրագության որևէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար <<նախապատրաստված>> այլանդակված մարմիններ:
Ռուսական Մեգապոլիս-էքսպրես թերթը գրել է. << Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են <<Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված ցեղասպանությանը>>:
Ինչպես հայտնի է, դեռևս փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը` կանայք, մեկը` երեխա/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան` նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:
Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել` դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով:
Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաև այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով և իշխանության հասնելու համար:
Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների <<ցեղասպանությունը>> միֆ է, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաև հայ խաղաղ բնակչության և սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:
25.02.2010
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը` ի դեմս <<Ժողովրդավարություն>>, <<Հայրենիք>> եւ <<ՀՅԴ-Շարժում-88>> խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ:
Ստորեւ ներկայացվում է Հայտարարության ամբողջական տեքստը:
Քսան տարի առաջ պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց եւ սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ` կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին եւ բռնատեղահանվեցին:
Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արեւելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 եւ 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի եւ օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ:
Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված հակահայ բռնությունները, որոնց հետեւանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը, դրանք գնահատում ենք որպես.
-մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին` ապրելու իրավունքի զանգվածային խախտման փաստ,
-այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների` Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսեւորում,
-մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն` Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության` անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից:
Ի դրսեւորումն այդ օրինական եւ արդարացի նպատակադրման, մենք դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին.
-անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչեւ 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն եւ իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների եւ իրականացնողների գործողություններին,
-հավասարության նշան չդնել խաղաղ պայմաններում պետականորեն կազմակերպված հանցագործությունների եւ այն զրկանքների միջեւ, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով:
Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլեւ միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան <<ինտերնացիոնալ>> համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում`Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը:
Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից`Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր հազարավորները` փախստական: Հիրավի ֆաշիստական վայրագությունների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք:
Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ` հայոց հարցը լուծվեց թուրքական փորձված գործիքի` ցեղասպանության միջոցով: Եւ եթե Սումգայիթում խոհրդային զորքերը <<ուշացան>> 3 օրով, ապա Բաքվում` մի ամբողջ շաբաթով` քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել:
Բաքվի հրեշավոր ոճրագործությանը առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրավական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրվել: Հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից լռության մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշույլի բացակայությունը, դեռ ավելին, հայ ժողովրդի հանդեպ աճող սպառնալիքները հաստատում են, որ <<բաքուները>>, <<սումգայիթները>>, <<կիրովաբադները>> դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում: Եւ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստվում դասեր քաղել անցյալից. չէ որ հենց միջազգային հանրության թողտվությամբ է հնարավոր դարձել արյունալի վաքխանալիան, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքվում իր գագաթնակետին էր հասել 1990թ. հունվարին:
Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են հանդիսանում:
Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ իր վաղնջական իրավունքների ազատության ու պաշտպանության համար:
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.
ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:
Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման:
Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում:
15.07.2009
Ադրբեջանը շարունակում է շահարկել <<խոջալուի>> թեման
Ադրբեջանում ավանդական հակահայկական արշավ է սկսվել` կապված 1992 թ. Խոջալուի իրադարձությունների հետ: Ընդ որում, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նախկինի պես խտրություն չի դնում միջոցների մեջ` ողբերգության մեջ հայկական կողմին մեղադրելու համար` միջազգային հանարության եւ սեփական ժողովրդի գիտակցության մեջ ներարկելով հայատյացության թույնի նոր չափաբաժին: Դեռ ավելին, Բաքուն շարունակում է արդեն մերկացած կեղծիքներ տիրաժավորել:
Այսպիսով, անցած տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հասարակության ուշադրությունը հրավիրեց կեղծված լուսանկարին, որ տեղադրված էր մի շարք ադրբեջանական կայքէջերում, այդ թվում նաեւ Ադրբեջանում մեծ հարգանք վայելող <<Հեյդար Ալիեւի հիմնադրամ>> կայքէջում (www.azerbaijan.az): Նշվել է, որ հարեւան երկրի քարոզչական մեքենան փորձում է օգտագործել այն, որ բացի լուսանկարի առաջնային պլանում քաղաքացիական անձանց դիակների, ետնամասում երեւում է ինչ-որ բնակավայրի ծայրամաս: Այն,ըստ երեւույթին, պետք է ճշմարտություն հաղորդի Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին Բաքվի տարբերակին: Մինչդեռ վերոհիշյալ լուսանկարի գունավոր տարբերակը միանգամայն հերքում է այդ վարկածը` զոհվածների արտաքին տեսքի, նրանց հագուստի եւ այլնի առումով: Իրականում լուսանկարը անմիջականորեն առնչվում է Կոսովոյի հետ: Հենց այդ որակով բազմաթիվ այլ լուսանկարների հետ այն տեղադրվել է եւ հիշատակվում է սերբական, ալբանական, գերմանական, ինչպես նաեւ <<Նյու Յորք թայմս>> հեղինակավոր պարբերականի կայքէջերում:
Այնուամենայնիվ ցուցադրված բացահայտ կեղծիքը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ շատ ադրբեջանական կայքէջերում` մոլորության մեջ գցելով չտեղեկացվածներին: Ամբողջ աշխարհով մեկ նաեւ տարածվում են տվյալ կեղծիքով բուկլետներ:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել <<Ալազան>>, <<Կրիստալ>> եւ համազարկային կրակի <<Գրադ>> ռեակտիվ կայանքներից:
Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար կենսական անհրաժեշտություն էր:
Խոջալուում Օդանավակայանի ապաշրջափակումը եւ հակառակորդի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար կեսական անհրաժեշտություն էր: Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին եւս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու եւ պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:
Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվւմ էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:
Առայսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
Հատկանշական է, որ այդ ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով ու օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության եւ ատելության շիկացման համար:
Ցավոք, <<խոջալուի>> թեման շարունակում է մնալ Ադրբեջանի ներքին եւ արտաքի տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարը ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն