Կրոն

ԿՐՈՆ

Հայոց աշխարհում քրիստոնեության տարածումը հասնում է մինչեւ առաջին դարª առաքելական քարոզչության շրջան: Արցախում առաջին քարոզիչներ էին Քրիստոսի 72 աշակերտներից Դադոն եւ Եղիշեն, որոնք տարածեցին քրիստոնեության լույսը եւ ընկան տանջանալից մահով:

Քրիստոնեությունը 301թ. պետականորեն ընդունելուց հետո Արցախ-Աղվանքում եւս ստեղծվել են թեմեր, որոնք եւ հոգեւոր, եւ վարչական առումով մի միություն, ամբողջությունն են կազմել Հայոց եկեղեցու հետ:

Ելնելով պատմական հանգամանքներից Հայոց եկեղեցին իր առաքելությունը հարմարացրել է ժամանակի պահանջներինª ստեղծելով կաթողիկոսական առանձին աթոռներ: Դրանցից էր Աղվանից Կաթողիկոսությունը, որը միշտ ի հոգեւորս ենթակա էր Մայր Աթոռ Ս.Էջմիածնին: Կաթողիկոսական այս աթոռը տեղափոխվել է վայրից վայր եւ, 13-րդ դարից սկսած, հանգրվանել է Գանձասարի վանքում, որի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է ի պատիվ այդտեղ բերված Հովհաննես Մկրտչի գլխի:

1813թ. Արցախն ազատագրվեց պարսկական լծից եւ միացվեց Ռուսաստանին: 1815թ. ռուսական կառավարությունը կաթողիկոսությունը իջեցրեց միտրոպոլիտության կարգավիճակի:

1923թ. խորհրդային վարչահամակարգի սադրանքով Արցախը, Ուտիքը եւ Գանձակը բռնակցվեցին նորաստեղծ Ադրբեջանին, որը հայերին ծրագրավորված սկսեց դուրս մղել այդ տարածաշրջաններից, փակել վանքերն ու եկեղեցիները, աքսորվեցին եւ գնդակահարվեցին հազարավոր հոգեւորականներ: 1930թ. այստեղ չմնաց ոչ մի գործող եկեղեցի եւ հոգեւորական:

1988թ. սկսված ազգային-ազատագրական շարժման շնորհիվ հնարավոր եղավ վերաբացել պատմական Արցախի Թեմը: Առաջին վերաբացված եկեղեցին Գանձասարն էր /1989թ./:

Այսօր Թեմում կան 10 քահանաներ, վերանորոգվել եւ բացվել են 17 եկեղեցիներ, որոնցից մեկը նորակառույց է: Աշխատանքներ են գնում մնացած եկեղեցիների վերանորոգման եւ նորերի կառուցման ուղղությամբ:

Թեմի հոգեւոր կենտրոնը պատմական մեծ ավանդույթներ ունեցող Գանձասարի վանքն է, իսկ վարչական, առաջնորդանիստ կենտրոնըª Շուշի քաղաքը, մայր տաճարըª Ամենափրկիչ /Ղազանչեցոց/ եկեղեցին:


Թեմում գործում են.

ՙԳանձասար՚ աստվածաբանական կենտրոնը, որը հրատարակել է 50 անունից ավելի, արժեքավոր կրոնական, աստվածաբանական գրքեր, ՙԳանձասար՚ կրոնական ռադիոհաղորդաշարը,

Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնը, որը վերահսկում է կիրակնօրյա դպրոցների գործունեությունը եւ կրոնի ուսուցման գործընթացը Արցախի բոլոր դպրոցներում,

Շուշիի հոգեւոր դպրանոցը,

Թեմի լրատվական կենտրոնը,

Քրիստոնեական մշակութային կենտրոնը,

Մանկական քրիստոնեական թատրոնը,

Եկեղեցասիրաց մանկաց միությունը,

Եկեղեցասիրաց եղբայրակցությունը եւ այլն:


 Թեմի վերաբացման օրիցª 1989թ-ից ցայսօր, Թեմի առաջնորդն է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com