ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1991թ. դեկտեմբերի 10-ից ԼՂՀ-ում էին գտնվում մի խումբ անկախ դիտորդներ` ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով:
Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվմանը:
Անկախ դիտորդները հավաստում են.
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումը իրականացվել են <<ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին>> համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են <<Խորհրդային Ղարաբաղ>> թերթում: Ընտրողների ցուցակներում ընդգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ:
Հանրաքվեի հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. <<Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ով ինքնուրույն կորոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ>>:
Երեք` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկները պարունակում են նշված հարցը և <<այո>>, <<ոչ>> բառերը /անցանկալին ջնջել/: Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը /ըստ ընտրողի ցանկության/ տրվել է անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ:
Դիտորդների կողմից չեն հայտնաբերվել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ:
Դիտորդները անհրաժեշտ են համարում նշել, որ հանրաքվեն անց է կացվել ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտ քաղաքի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել է 10, վիրավորվել` 11 հայ: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են մսուր-մանկապարտեզները, դպրոցները: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է ընկել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Պայթեցված է քաղաքային ջրատարը, չկա հաց, դեղորայք:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցածների գերակշիռ մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ են:
Քվեատուփերը բացելով` դրանցում հայտնաբերվել են 108.736 քվեաթերթիկներ, 95 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել:
Քվեարկության արդյունքները.
<<Այո>> - 108.615 /քվեարկության մասնկիցների թվի 99,89 տոկոսը/,
<<Ոչ>> - 24 /քվեարկության մասնակիցների թվի 0,02 տոկոսը/:
<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի>> համաձայն, հանրաքվեի առաջադրած որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է քվեացուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն են տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը: Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները, անկախ դիտորդները հայտարարում են.
ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ
ԱՄՆ, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանս-պրես, Կոտիդիեն դե Պարի /Ֆրանսիա/, Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, Մեգապոլիս էքսպրեսի, Իզվեստիայի, Մոսկովսկիե նովոստիի, Լիտերատուրնայա գազետայի, Ստոլիցայի, Պանորամայի, Ռադիո Ռոսիայի, Էխո Մոսկվայի լրագրողների ներկայությամբ:
10 դեկտեմբերի 1991թ
ք.Ստեփանակերտ