Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հարցազրույցը «Ռեալիստ» ՏԳ-ին

08.07.2021

Վերջերս ակտիվ շահարկվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպե՞ս են Ստեփանակերտում պատկերացնում արդար հանգուցալուծումը:
Համաշխարհային պրակտիկայում ամենաբարդ հակամարտություններից մեկը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն է, որում միահյուսվում են աշխարհաքաղաքական, էթնիկ և ազգային բնույթի բազմաթիվ ասպեկտներ: Միևնույն ժամանակ, չնայած այս հակամարտության բարդությանը,  համապարփակ կարգավորման միայն մեկ ճանապարհ կա՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այլ տարբերակ պարզապես չկա:

Ադրբեջանի գլխավոր նպատակը Ղարաբաղի՝ որպես հայկական պետական կազմավորման ոչնչացումն է, բայց դա ոչ թե հակամարտության կարգավորում է, այլ դրա լուծում՝ ըստ «Կա Ղարաբաղ, կա խնդիր, չկա Ղարաբաղ՝ չկա խնդիր» բանաձևի:

Մինչդեռ մենք խոսում ենք կարգավորման մասին, որը կանխորոշում է  համապարփակ մոտեցում և հակամարտության քաղաքակիրթ լուծում:

Միամիտ մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչու Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հատկապես, որ Ղարաբաղը և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ  եղել են հարևաններ և կազմել ընդհանուր պետություն:  
Գիտեք, դա իրականության բավականին մակերեսային արձանագրում է, քանի որ էթնիկ քաղաքական գործընթացները պետք է դիտարկել պատմական շարժընթացի մեջ, հատկապես ներկայիս արագ զարգացող աշխարհում:
Նախ՝ Ադրբեջանը, որպես պետություն, առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին: Ընդ որում, դա իրադարձությունների բնական ընթացք չէր, այլ՝ Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում գլոբալ և տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական պայքարի արդյունք: Տարածքը, որտեղ այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը, մինչև 1918 թվականը պատմականորեն երբեք Ադրբեջան չի կոչվել: Թուրքիայի կողմից Ադրբեջան կոչվող պետության ստեղծումը տարածաշրջանի պատմության մեջ բեկումնային դարձավ, հիմքեր ստեղծեց նրա ժողովուրդների և պետությունների միջև բոլորովին այլ փոխհարաբերությունների համար:
Երկրորդ՝ ադրբեջանական ժողովուրդը որպես առանձին ազգություն առաջին անգամ հայտնվել է 1936 թվականին: Դրանից առաջ այդպիսի ժողովուրդ պարզապես գոյություն չուներ։ Ադրբեջանի ժողովուրդը ստեղծվել է աշխարհաքաղաքական նպատակներով  մի շարք թյուրքական, իրանական և կովկասյան ժողովուրդների ու ցեղերի արհեստական միավորմամբ, ինչը ևս բնական գործընթաց չէր:
Դա ոչ մի կերպ չի նսեմացնում ներկայիս ադրբեջանական ազգի մաս կազմած ժողովուրդների պատմական անցյալն ու մշակույթը: Նրանք իսկապես շատ հարուստ պատմություն և մշակույթ ունեն: Բայց նոր ազգի ձևավորումը  բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրողություններ ստեղծեց, որոնք արմատապես տարբերվում են մինչև ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջան պետության ստեղծումը եղած իրողություններից։
Այո, արցախահայությունը բավականին երկար ժամանակ գոյակցել է տարբեր թյուրքական, իրանական և կովկասյան ժողովուրդների հետ, այդ թվում նաև՝ միասնական պետական կազմավորումների շրջանակներում, ինչպիսիք են Պարսկական և Ռուսական կայսրությունները: Բայց այն ժամանակ այդ ժողովուրդներն ունեին այլ ինքնություն և դրա հետ կապված աշխարհայացք:
Հետաքրքիր է, որ 18-րդ դարում Ղարաբաղի հայերն Անդրկովկասի թյուրքերի հետ միասին կռվում էին Թուրքիայի դեմ. փաստ, որն այժմ աներևակայելի է թվում: Ի դեպ՝ 1921 թ. Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվել է իր կամքին հակառակ, ավելին՝ այդ ժամանակ, ինչպես արդեն նշվեց, դեռևս միասնական ադրբեջանական ժողովուրդ չէր ստեղծվել: Այս առանձնահատկությունը, ինչպես նաև սովետական պետության ինտերնացիոնալ բնույթը, հզոր պետական ապարատը, որի շնորհիվ անմիջապես չեզոքացվում էր ազգայնամոլության և ազգայնականության ցանկացած դրսևորում, Ադրբեջանին զրկում էին Ղարաբաղին ճնշելու բոլոր լծակներից:
Բացի այդ, միութենական հանրապետությունն իր կազմում եղած ինքնավար կազմավորումների նկատմամբ չուներ լիարժեք ինքնիշխանություն: Ղարաբաղի պետականության՝ որպես ինքնավար մարզի կարգավիճակն ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրության մեջ և չէր կարող փոփոխվել առանց Ղարաբաղի ժողովրդի ցանկության և Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունների համաձայնության, իսկ կառավարման որոշ ոլորտներ գտնվում էին կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո:
Ադրբեջանական ժողովրդի ստեղծմամբ իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել: Ադրբեջանական նոր էլիտայի գիտակցության մեջ տեղի ունեցավ արմատական բեկում, և Ղարաբաղը սկսեց ընկալվել որպես Ադրբեջանի ապագային սպառնացող հիմնական վտանգ: ԽՍՀՄ կառավարման կենտրոնական համակարգի թուլացման հետ մեկտեղ այն խթանեց Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրական քաղաքականությունը, շովինիստական ազգայնական ծրագրերն ու նպատակները: Հենց այդ պատճառով էլ  Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից այլընտրանք չուներ: Ադրբեջանի կազմում Ղարաբաղը չէր կարողանա պահպանել իր ինքնությունը և ունենալ ապահով ապագա:
ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի մեկնարկը և Ադրբեջանի անկախացումը հանգեցրին նրան, որ հայերի նկատմամբ ատելությունն արդեն բացահայտորեն դարձավ Ադրբեջանում պետականաշինության փիլիսոփայության հիմնաքարը: Հայերի ջարդերն ու ցեղասպանությունները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում, առաջին, երկրորդ և երրորդ ղարաբաղյան պատերազմները դրա վառ դրսևորումներն են։

Իսկ ինչու՞ է Ադրբեջանն այդքան վախենում ճանաչել Արցախի ժողովրդի անկախության իրավունքը: Չէ՞ որ հրաժարվելով Ղարաբաղից՝  նա փաստորեն  ազատվում է դրա հետ կապված խնդիրներից:
Դա միայն առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում, Բաքվի նմանատիպ պահվածքի, Արցախի նկատմամբ ատելության հիմնական, եթե ոչ ամենակարևոր պատճառն այն է, որ ադրբեջանական ժողովրդի կազմավորման գործընթացը դեռևս չի ավարտվել: Մի շարք ժողովուրդներ ձուլվել են և կորցրել իրենց ազգային ինքնությունը՝ դառնալով միասնական ադրբեջանական ժողովրդի մաս: Բայց կան ժողովուրդներ, որոնք դեռ պահպանել են իրենց ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը: Դա իրանախոս թալիշներն են, ինչպես նաև դաղստական ժողովուրդների ներկայացուցիչները՝ ավարներն ու լեզգիները, որոնց ընդհանուր թիվը մեկուկես միլիոնից ավելի է: Ընդ որում, այս բոլոր ժողովուրդները բնիկ են, ապրում են առանձին իրենց պատմական հողերում և ունեն պետականության հարուստ պատմություն: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Բաքուն դաժան խտրական քաղաքականություն է վարում այս ժողովուրդների նկատմամբ:
Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը կամ նրա ինքնորոշման իրավունքը: Հասկանալի է, որ անկախ Ղարաբաղը կարող է նախադեպ և օրինակ դառնալ այս ժողովուրդների համար` իրենց ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման տեսանկյունից: Ի դեպ՝ թալիշները երկու անգամ՝ 1919 և 1993 թվականներին, ստեղծել են իրենց պետությունը, իսկ լեզգիները 1991 թվականին հռչակել են Լեզգիստանը: Բայց գործընթացը կարող է սրանով չսահմանափակվել: Այսօր ազգային փոքրամասնությունները կազմում են Ադրբեջանի Հանրապետության բնակչության գրեթե կեսը: Սա օբյեկտիվ իրականություն է, որն անտեսելն անհնար է և շատ վտանգավոր: Ուստի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող ապագա ունենալ, այն կվերածվի ռեզերվացիայի կամ համակենտրոնացման ճամբարի: Եվ ոչ մի երաշխիք, անգամ միջազգային բնույթի, չի կարող դա կանխել: Մեր ժողովուրդը հստակ գիտակցում է այս ճշմարտությունը, ուստի, Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի առնչություն մեզ համար բացարձակապես անընդունելի է: Մենք պաշտպանելու ենք մեր երկիրը այդպիսի հեռանկարից: Իսկ եթե չստացվի, ապա տեղի կունենա հայ բնակչության արտագաղթ պատմական հայրենիքից:
Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ակտիվորեն բորբոքում է նաև Թուրքիան, որը սեփական աշխարհաքաղաքական նպատակներն ու մտադրություններն ունի:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիան ինչպե՞ս է անդրադարձել Արցախի դիվանագիտության վրա։
Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախին պարտադրված պատերազմը մեր պետության համար դարձել է ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Այս հանցավոր միությունն իր առջև նպատակ է դրել ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին: Պատերազմը մեզ համար իսկապես ուժեղագույն հարված էր:
Առաջին հերթին, ունենք հազարավոր զոհված երիտասարդներ, բազմաթիվ վիրավորներ և Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների կողմից մեր տարածքի 80 տոկոսի օկուպացիա: Սա լրջագույն հարված է մեր անվտանգության համակարգին: Միգուցե մեկ ուրիշն արդեն խեղճացած և դիմադրելու կամքը կորցրած լիներ:
Բայց արցախահայությունը համառ ժողովուրդ է, և մենք ամեն ինչ անելու ենք մեր երկիրը պահպանելու համար: Սա Արցախի յուրաքանչյուր քաղաքացու առաքելությունն է: Բնականաբար, դա կազդի նաև մեր արտաքին քաղաքականության վրա: Պետք է համապատասխան փոփոխություններ կատարենք մեր մարտավարության և ռազմավարության մեջ, վարենք խորը մշակված և բազմակողմանի հավասարակշռված քաղաքականություն, լինենք հայրենասերներ և դրսևորենք բարձր արհեստավարժություն:

Ինչո՞վ կարող է Սփյուռքը այսօր օգնել Արցախին։
Մեր պետականության հիմնաքարերից մեկը Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնությունն է: Հայ ժողովուրդը, փաստորեն, սփյուռքի ժողովուրդ է: Պատմական հայրենիքից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում և Արցախում: Հայկական սփյուռքի կառուցվածքում, հատկապես Ռուսաստանում, արցախցիների թիվը, ըստ որոշ տվյալների, կազմում է մինչև մեկ միլիոն մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է Արցախի Հանրապետության բնակչության թվին:
Մեր հայրենակիցներն անտարբեր չեն Արցախի ճակատագրի նկատմամբ և միշտ օգնել են ինչպես իրենց պատմական հայրենիքին, այնպես էլ այնտեղ բնակվող հարազատներին: Անհնար է պատկերացնել Արցախի զարգացումն առանց Սփյուռքի մասնակցության ու աջակցության: Այդպես է եղել  առաջին ղարաբաղյան պատերազմից (1991-1994 թթ.) հետո, երբ ամբողջությամբ ավերված երկիրը ոտքի է կանգնել նաև Սփյուռքի ջանքերի շնորհիվ: Այնուամենայնիվ, Սփյուռքի հետ հարաբերությունների մասին խոսելիս, պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք: Սփյուռքը չպետք է ընկալվի որպես «կթի կով», որը պարտավոր է օգնել պատմական հայրենիքին: Անթույլատրելի է նաև խնամառուական վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ:
Հայրենիքը և Սփյուռքը հաղորդակցվող անոթներ են, և նրանց միջև կապերի խախտումը, առավել ևս խզումը, երկուսի համար էլ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Արցախը պետք է հիմնարար արժեք լինի Սփյուռքի համար, ազգային ինքնությունը պահպանող կատարելատիպերից մեկը, որը սնուցում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հպարտությունն ու նրանց մասնակցությունն ազգի ճակատագրին: Սա նույնպես շատ կարևոր է հենց Արցախի համար և նրա աշխարհաքաղաքական սուբյեկտայնության կարևոր բաղադրիչներից է:

Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ սպասում է, որ միջազգային հանրությունը ճանաչի իր անկախության պատմական իրավունքը: Սա ժողովրդի երազանքն է: Անձամբ Դուք ինչի՞ մասին եք երազում:
Միջազգային ճանաչման գործընթացը աշխարհաքաղաքականության, մեր աշխատանքի, մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակի ածանցյալն է:  Շատ բան մեզանից է կախված: Ես երազում եմ հոգեպես և քաղաքականապես ուժեղ Արցախի մասին: Մեր ժողովուրդը դրա համար համապատասխան որակներ ունի, պարզապես անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, անսասան հավատ և անսպառ լավատեսություն:

 

Print Friendly, PDF & Email