Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Հարավային Օսիայի նորանշանակ ԱԳ նախարարին

16.08.2022

Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ախսար Ջոիևին։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հարգելի Ախսար Մուրատի,

Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Վստահ եմ, որ արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությամբ Դուք կշարունակեք միջազգային ասպարեզում հավուր պատշաճի պաշտպանել հանրապետության շահերը՝ ապահովելով երկրի խաղաղ զարգացումն ու բարգավաճումը։

Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը։ Համոզված եմ, որ մենք կշարունակենք էլ ավելի զարգացնել մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված շատ ջերմ ու սերտ կապերը, ավանդական գործընկերային հարաբերությունները՝ ամրապնդելով երկկողմ շփումները մեր երկրների միջև՝ ի շահ երկու եղբայրական ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, մեծ հաջողություններ և ձեռքբերումներ վստահված պատասխանատու պաշտոնում»։

Print Friendly, PDF & Email