Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

19.02.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և Կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ:

Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի: 

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա ու ապագա մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերակատարությունը՝ պետության ռազմավարական ոլորտներում նվաճումներ արձանագրելու և պետականության կենսունակությունը ապահովելու գործում:

Դավիթ Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Արցախի միջև գիտական փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով արցախագիտության զարգացման անհրաժեշտությունը  Հայաստանի  առաջատար բուհերում:

ԱԳ նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին և տվել պարզաբանումներ:

Նախարարը նաև երախտագիտություն է հայտնել պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին և Կովկասագիտության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանին միջոցառումը կազմակերպելու համար՝ բարձր գնահատելով նրանց գիտական, հայրենանվեր առաքելությունը, Արցախի զարգացմանն ուղղված ջանքերը և նշանակալի ավանդը մատաղ սերնդի դաստիարակման գործում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Արցախի Մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Print Friendly, PDF & Email