
Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի օկուպացված տարածքներում չի տարբերվում ցանկացած զավթիչի եւ բռնազավթողի պահվածքից. ոչնչացվում է տեղահանված հայ ազգաբնակչության մշակութային ժառանգությունը, կողոպտվում է ունեցվածքը: Սակայն այստեղ մենք նաեւ հստակ արտահայտված աշխարհաքաղաքական միտումներ ենք տեսնում: Մասնավորապես, ակտիվորեն ոչնչացվում են այն գործիչների հուշարձանները, որոնք ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակի եւ դարչնագույն ժանտախտից մարդկության փրկության գործում:
Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայտնի ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որի արժանիքներն ու գործերը ոսկե տառերով են գրված Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ: Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորի Թեւոսյանի հուշարձանը: Հենց Թեւոսյանի շնորհիվ է ԽՍՀՄ-ը կարողացել գրեթե առանց կորուստների տարհանել արդյունաբերությունը երկրի արեւմտյան շրջաններից Ուրալ՝ այդպիսով փրկելով ոլորտը, առանց որի անհնար կլիներ արդյունավետ թիկունք ստեղծել եւ հաղթել պատերազմը: Թեւոսյանը նաեւ առանցքային մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ատոմային նախագծի իրականացման գործում:
Մեծն մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենիքում` Հյուսիսային Արցախի Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները: Մեծ հայերի` Թեւոսյանի ու Բաղրամյանի արժանիքներն այնքան մեծ են, որ նրանց մասունքները զետեղված են Կրեմլի պատում: Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Նույն Հադրութի շրջանում ոչնչացվել է նավատորմի ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի հուշարձանը:
Թվարկված օրինակները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների գործողությունների պանթուրքական բնույթը: Ֆաշիզմի դեմ պայքարած մարդկանց հուշարձանների ոչնչացումն աջակցություն է ֆաշիզմին: Այս ամենն ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան հայ ժողովրդի, որքան բոլոր այն երկրների դեմ, որոնք մասնակցել եւ իրենց միլիոնավոր քաղաքացիների կյանքի գնով հաղթել են Երկրորդ աշխարհամարտում ու Հայրենական մեծ պատերազմում. առաջին հերթին` Ռուսաստանի:
Սակայն սեփական հանցավոր գործողություններից ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած հնարավորության պարագայում հոխորտում է Նժդեհի մասին, օգտագործում ցանկացած առիթ՝ հարձակումների համար: Մինչդեռ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բոլոր բնակավայրերում պղծվել են Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր հուշարձանները: Ամենալկտի գործողություններից մեկը հուշարձանի պղծումն էր Ավետարանոց գյուղում:
Մենք մեր պարտքն ենք համարում մեկ անգամ եւս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վանդալիզմի եւ նեոֆաշիզմի այս դրսեւորումների վրա: