Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարների հանդիպումը

05.01.2021

Հունվարի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արա Այվազյանի հետ։

Դավիթ Բաբայանը ողջունել է Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային այցն Արցախ՝ ընդգծելով նման փոխայցերի կարևորությունը՝ հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումների կազմակերպման և համատեղ անելիքների նախանշման նպատակով։ Արա Այվազյանն, իր հերթին, շնորհավորել է Դավիթ Բաբայանին՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ձեռքբերումներ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ։

Հանդիպմանը ԱԳ նախարարները քննարկել են սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում և հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և դրա հաղթահարմանն ուղղված դիվանագիտական միջոցները։ Այս համատեքստում Դավիթ Բաբայանը նշել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություն է մնում նրա անկախության միջազգային ճանաչումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական ճանապարհով խաղաղ կարգավորումը, ինչը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

Դավիթ Բաբայանը նաև ընդգծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքի զգալի մասի ռազմական օկուպացիայի դադարեցման, հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և Արցախի տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շուրջ և նշել միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման անհրաժեշտությունը՝ առաջացած խնդիրներին համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով։

Այս համատեքստում հատուկ ընդգծվել է ադրբեջանական վերահսկողության ներքո հայտված տարածքներից բոլոր հայ զոհերի աճյունների դուրսբերման, ռազմագերիների և պատանդների՝ առանց նախապայմանների ու հնարավորինս արագ ազատ արձակման անհրաժեշտությունը՝ ինչը պահանջվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով և բխում է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ադրբեջանական կողմի ստանձնած պարտավորություններից։

Կարևորվել է նաև հակամարտության գոտուց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Այցի շրջանակներում արտաքին գործերի նախարարները ստորագրել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Print Friendly, PDF & Email