ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին

31.08.2020

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։

Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու աջակցել տարբեր հարթակներում նրանց իրավունքների և շահերի առաջմղմանը։

Մասիս Մայիլյանը կարևորել է համակարգված ջանքերի անհրաժեշտությունը հատկապես Ադրբեջանից հայ փախստականների և Արցախի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց միջազգային պաշտպանության և միջազգային աջակցության ապահովման գործում` ընդգծելով, որ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Print Friendly, PDF & Email