Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

31.08.2020

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթին, ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Ռոբերտ Սայֆրետին և Արցախում ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին:

Ռոբերտ Սայֆրետն ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է ներկայացրել Արցախում «The HALO Trust» կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինած Մայլզ Հոթորնին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության իշխանություններին համագործակցության և կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ականազերծման առաքելությանն օժանդակելու համար։

«The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթը ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների ընթացքին և ապագա ծրագրերին առնչվող մանրամասներ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «The HALO Trust»-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Print Friendly, PDF & Email