Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի պատասխանները «NewArmenia.am» գործակալության հարցերին

29.08.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հուլիսի 24-ի հայտարարությունում հղում կա նույն համանախագահների անցած տարվա մարտի 9-ի հայտարարությանը, որտեղ նշված են հակամարտության կարգավորման հիմքում ընկած 3 սկզբունքներն ու 6 տարրերը: Այդ տարրերը 2007թ. Մադրիդյան փաստաթղթից են: Ո՞րն է ԼՂ պաշտոնական դիրքորոշումը համանախագաների այդ մոտեցման վերաբերյալ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքներն ու վեց տարրերն առաջին անգամ հնչեցվել են 2009 թ. հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ Իտալիայի Լ’Աքվիլա քաղաքում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում:

2009 թ. հուլիսին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։

Թե՛ տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե՛ արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված մոտեցումները հնացել են և վերանայման կարիք ունեն։

Հավելեմ, որ 2009թ. հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով հանրապետության իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդների հրապարակած մոտեցումների վերաբերյալ։ Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվել է բանակցային խեղված ձևաչափի վերանայման, բանակցային սեղանին որպես գործընթացի լիիրավ կողմ Արցախի Հանրապետության վերադարձի, ինչպես նաև կարգավորման շուրջ մոտեցումների փոխակերպման անհրաժեշտությունը։ Հաջորդած տարիներին պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս վերահաստատել է այս դիրքորոշումը. այն մինչ օրս մնում է անփոփոխ։

Հունիսի 19-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև/հանձնարարական, որով հանձնարարական է իջեցրել ԵՄ գործադիր կառույցներին՝ Եվրոպական Հանձնաժողովին ու Եվրոպական Խորհրդին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել 2009թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ընդունած Լ՛Աքվիլայի հայտարարության դրույթներով: Ի՞նչ վերաբերմունք ունի Արցախի ԱԳՆ-ն Եվրոպական Խորհրդարանի այդ մոտեցման կապակցությամբ:

Հավանաբար, խոսքը խորհրդատվական բնույթ ունեցող բանաձև-առաջարկի մասին է, որն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից հունիսի 19-ին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ բանաձևը հիմնականում վերաբերում է Արևելյան գործընկերության ապագային, որն առիթ դարձավ, որպեսզի Եվրոպական խորհրդարանը ներկայացնի համագործակցության գոտում դեպքերի զարգացման սեփական տեսլականը, այդ թվում՝ հակամարտությունների վերաբերյալ։

Բանաձևում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված Եվրոպական Խորհրդարանի դիրքորոշման առնչությամբ կարևոր է այն, որ Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնելու միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափ։ Նպատակը նույնն է՝ հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԽ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, խրախուսելով կողմերի միջև երկխոսությունը՝ զերծ մնալով կարգավորման ցանկացած հեռանկար սպառնալիքի տակ դնող սադրիչ հռետորաբանությունից։ Այսօրինակ մոտեցումները միայն կարելի է ողջունել։ Ինչ վերաբերում է բանաձևում հիշատակված դրույթներին, ապա նախորդ հարցի պատասխանում ես ներկայացրեցի Արցախի ԱԳՆ անփոփոխ դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ։

Նախագահական ընտրություններին Դուք զգալի աջակցություն ստացաք, հավաքելով պատկառելի թվով ձայներ: Ընտրություններից հետո հանդես եկաք դրանց վերաբերյալ քննադատական հայտարարություններով: Չնայած հրապարակային հնչեցրած քննադատությանը, այսօր Դուք Ձեր մրցակցի կառավարության կազմում եք: Այս կապակցությամբ երկու հարց. -Արդյոք հանդիպել ե՞ք Ձեր նախընտրական թիմի անդամներին, աջակիցներին՝ բացատրելու համար Ձեր որոշման պատճառները, և արդյո՞ք Ձեր այդ որոշումը դրական են ընդունել Ձեր կողմնակիցները: -Ձեր այս պաշտոնում ի՞նչ կոնկրետ քայլեր եք պատրաստվում անել՝ ընտրությունների ընթացքում Ձեր կողմից մատնանշած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Ընտրական գործընթացի երկու փուլերից հետո էլ դիմել եմ մեր ընտրողներին ու ներկայացրել իմ մոտեցումները: Ինչ վերաբերում է իմ վերանշանակմանը, ապա այդ հարցում վերջնական որոշում ընդունելուց առաջ խորհրդատվություններ եմ անցկացրել ինձ սատարած քաղաքական ուժերի, համախոհների ու համակիրների, հանրային տարբեր շրջանակների հետ։ Պատահական չէ, որ այդ ուժերի մեծամասնությունը հավանություն է տվել իմ որոշմանը, ինչը նաև արտահայտվել է արտգործնախարարի պաշտոնում իմ վերանշանակման կապակցությամբ հրապարակային շնորհավորանքների տեսքով։ Իսկ ինձ սատարած ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարի հետ ներկայումս համագործակցում ենք Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի շրջանակներում։

Այստեղ հարկ է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Իմ ողջ աշխատանքային գործունեությունն առնչված է արտաքին քաղաքական ոլորտին, որտեղ ես կայացել եմ ու բավականին փորձ ձեռք բերել, ինչն ուղղակի պարտավոր եմ ի սպաս դնել ոլորտի հետագա զարգացմանը։ Ներքաղաքական զարգացումներում արտաքին քաղաքականության և հատկապես արցախյան կարգավորման սկզբունքային հարցերը նվազ ներքաղաքական ծանրաբեռնվածություն և առավել գոյաբանական նշանակություն ունեն։ Արցախյան հիմնախնդրի շուրջ կա հանրային կոնսենսուս, ինչն արտացոլված է Արցախի բոլոր առանցքային քաղաքական ուժերի դիրքորոշումներում, և սկզբունքային տարբերություններ չկան դրանցում, ինչն էլ, թերևս, իմ որոշման հենքն է եղել և, կարծում եմ, միանգամայն ընկալելի է։

Ինչ վերաբերում է երկրի ընդհանուր զարգացման հայեցակարգին, ապա Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագիրն է ընկած դրա հիմքում, որտեղ արտացոլված են նաև արտաքին-քաղաքական ոլորտում մեր առջև ծառացած խնդիրներն ու առկա հնարավորությունները։ Դրանց նորովի իմաստավորմանը, բնականաբար, մասնակցել է նաև իմ ղեկավարած գերատեսչությունը։ Երկրի ընդհանուր զարգացման հայեցակարգին առնչվող հարցերում ևս փորձում եմ հնարավորինս օգտակար լինել, առավել ևս, որ մտքերի ազատ ու անկաշկանդ փոխանակումը, ամենատարբեր հարցերի շուրջ շահագրգիռ քննարկումները ներկայիս կառավարության նախապատվություններից են։

Դուք եղել եք ԱԳ նախարար Բակո Սահակյանի կառավարությունում, հիմա Արայիկ Հարությունյանի կառավարության անդամ եք: Կա՞ արդյոք որևէ տարբերություն առաջնորդների մոտեցումների մեջ ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում: Եւ եթե կա՝ որո՞նք են դրանք:

Նախ և առաջ, կցանկանայի նշել, որ ես ծառայել և շարունակում եմ ծառայել իմ երկրին՝ Արցախի Հանրապետության ձևավորման պահից ի վեր: Արտաքին տեղեկատվական քաղաքականության հարցերով ես սկսեցի զբաղվել դեռևս 1992 թվականին՝ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի առաջարկով: Այնուհետև հրավիրվել եմ աշխատելու Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում: 1993 թ. հուլիսին Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրումից ի վեր տեղափոխվել եմ դիվանագիտական ծառայության՝ աշխատելով տարբեր ղեկավար պաշտոններում: Այս առումով ես ԱԳՆ ինստիտուցիոնալ հիշողությունը կրող սակավաթիվ անձանցից եմ:

Արցախի Հանրապետության իշխանությունների մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչ խոսք, էվոլյուցիայի են ենթարկվում՝ տարբեր ժամանակահատվածներում ծագող մարտահրավերներին և հնարավորություններին համապատասխան: Միևնույն ժամանակ, անփոփոխ է մնում հավատարմությունը մեր արժեքային կողմնորոշումներին, նպատակներին, ընտրված ուղուն և գաղափարներին, քանի որ դրանք հիմնված են արցախցիների խորքային շահերի վրա:

Ինչպես նշված է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թթ. ծրագրում, «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները այսուհետ ևս կառաջնորդվեն Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով՝ անկախությամբ և անվտանգությամբ, որոնք չեն կարող վտանգի տակ դրվել կամ ենթարկվել սակարկության»։

Հաշվի առնելով այս աներկբա հանգամանքը՝ հանրապետության իշխանությունները կշարունակեն նպատակաուղղված աշխատանքը, որը միտված է Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստի ճանաչմանը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացում Արցախի Հանրապետության ներգրավվածության բարձրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է լիարժեք և լիիրավ հիմունքներով մասնակցի հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացի բոլոր փուլերին:

Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման առանցքային հայեցակետերի վերաբերյալ ամրագրված է ԱՀ նախագահի վերոհիշյալ՝ 2020-2025 թվականների ծրագրում:

Հուլիսի 31-ին հանդիպել եք ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հետ՝ առաջնային համարելով Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը: Խնդրում եմ ասեք, Արցախի մասով Դուք ինչպե՞ս եք տեսնում Ձեր անելիքները, բնականաբար, բացի հրադադարի պահպանումն ու պատշաճ հռետորաբանությունը: Էլ ի՞նչ է անում կամ անելու Արցախը, որ նպաստի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն:

Հուլիսի 31-ի հանդիպմանը քննարկվել են միջոցառումներ, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար։ Մասնավորապես՝ նշվել է, որ այս նպատակին հասնելուն կնպաստեն հրադադարի ռեժիմի պահպանումը և ամրապնդումը, հակահայկական հռետորաբանության դադարեցումը, ինչպես նաև շփման գծում մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Հարկ է հատուկ ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, պատկերավոր ասած, «երկկողմ երթևեկությամբ ճանապարհ» է։ Այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը չի ցանկանում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից՝ ուղղված առճակատման խորացմանը և ընդլայնմանը, միամտություն է կարծել, որ Արցախի միակողմանի քայլերով հնարավոր կլինի խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի վերջին հարձակումը ցույց են տալիս, որ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի փորձերի բացառումը և այդ երկրի իշխանություններին կառուցողական դաշտ բերելը շարունակում են մնալ առաջնահերթ նպատակ։ Այս ուղղությամբ որպես առաջին քայլ ենք դիտարկում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Արցախի Հանրապետությունը, որպես հրադադարի պահպանման գործընթացում սեփական ներդրում, պատրաստ է միջազգային դիտորդներին տրամադրել տեսադիտարկման այն համակարգերի տվյալները, որոնք տեղադրված են Ադրբեջանի հետ սահմանին։

Ավելին՝ հայկական երկու պետությունների համար ընդհանուր սպառնալիքները մեր առջև խնդիր են դնում՝ նոր բովանդակություն հաղորդելու Երևանի և Ստեփանակերտի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը և զարգացնելու դրա իրավական հիմքերը։ Այդ հարցը նույնպես քննարկել ենք իմ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հուլիսի 31-ի հանդիպմանը։

Ինչ վերաբերում է միջնորդների կողմից առաջ քաշված՝ հանրություններին խաղաղությանը նախապատրաստելու թեզին, ապա մենք բազմիցս նշել ենք, որ տեղին չէ հավասարության նշան դնել մի կողմից՝ Հայաստանի ու Արցախի և մյուս կողմից՝ Ադրբեջանի հանրությունների շրջանում տիրող տրամադրությունների միջև։ Հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը, նախ, լրացնի այն բացը, որն առաջացել է պաշտոնական Բաքվի կողմից երկար տարիներ ի վեր իրականացվող պետական քաղաքականության արդյունքում՝ ուղղված հայերի հանդեպ այլատյացության արմատավորմանը, հայերի նկատմամբ ատելության հենքի վրա հանցագործությունների քաջալերմանը, նմանատիպ հանցագործություններ իրականացրած անձանց հերոսացմանը, հասարակական խաղաղարար նախաձեռնություններին խոչընդոտելուն, պատերազմի քարոզչությանը, Արցախի մեկուսացմանը և այլն։

Հենց հայերի և հայկական ամեն ինչի նկատմամբ Ադրբեջանում տիրող ատելության ընդհանուր մթնոլորտի պատճառով է, որ համատեղ խաղաղարար ծրագրերը բավականաչափ արդյունավետ չեն եղել: Դրանք կամ չեն հանգեցրել ակնկալվող արդյունքների, կամ Ադրբեջանի իշխանությունները դրանց վերաբերյալ հանդես են գալիս այնպիսի մեկնաբանմամբ, որը հակասում է վստահության ամրապնդման միջոցառումների բուն տրամաբանությանը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ սա բնավ չի նշանակում, թե արցախյան կողմը չի աջակցում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ միջազգային միջնորդների առաջարկություններին։ Ընդհակառակը՝ պաշտոնական Ստեփանակերտը տասնամյակների ընթացքում հետևողականորեն հանդես է եկել այս ոլորտում տարբեր նախաձեռնություններով: Այնուամենայնիվ, վստահության ամրապնդման միջոցառումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե որքան հաջողված կլինի Ադրբեջանում այլատյացության և ռասիզմի դեմ պայքարը: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները, որպես առաջին քայլ, դադարեցնեն ատելության քարոզարշավը և, հավանաբար, միջազգային աջակցությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկեն՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք ադրբեջանական հանրության շրջանում սկսել են արմատավորվել տարիներ շարունակ հայերի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու արդյունքում:

Print Friendly, PDF & Email