Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը կարգավորման գործընթացում փախստականների խնդրի վերաբերյալ «Արմինֆո» գործակալության հարցին

24.06.2020

Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հարցերից է։ Հարկ է նշել, որ տվյալ խնդիրն ի հայտ է եկել Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայաբնակ բնակավայրերում իրականացված զանգվածային կոտորածների և էթնիկ զտումների և դրանց հաջորդած՝ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի արդյունքում։ Այս փաստը շատ կարևոր է իրավիճակի համար պատասխանատվության հարցի, ինչպես նաև փախստականների և տեղահանված անձանց խնդրի լուծման մեթոդաբանության տեսանկյունից։

Ի տարբերություն Ադրբեջանի, որի իշխանությունները փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրը շահարկում են բացառապես քաղաքական կամ քարոզչական դիվիդենտներ ստանալու նպատակով, Արցախի Հանրապետության իշխանությունների համար առաջնային է նշված խնդրի մարդասիրական բնույթն ու այդ անձանց ինտեգրումը բնականոն կյանքին։

Կարևոր է նշել, որ այս հարցում Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության պատճառով մինչ օրս մեր պետությունը առանց որևէ միջազգային աջակցության է շարունակում միջոցներ ձեռնարկել՝ Արցախում ապաստանած շուրջ 30 000 փախստականների և ներքին տեղահանվածների համար անհրաժեշտ կենսական պայմանների ապահովման ուղղությամբ։

Անշուշտ, անընդունելի է, որ Արցախում բնակվող փախստականները և ներքին տեղահանված անձինք զրկված են միջազգային պաշտպանությունից և աջակցությունից, ինչը նրանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։ Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում՝ հրավիրելու միջազգային մասնագիտացված կառույցների ուշադրությունը և լսելի դարձնելու Արցախում բնակվող փախստականների և ներքին տեղահանված անձանց ձայնը։ Մասնավորապես՝ 2019 թվականի մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ ունեցած հանդիպմանը Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ պարտավորությունը՝ հանրապետության բնակիչների, այդ թվում՝ փախստականներն ու ներքին տեղահանվածների հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք իրացնելու հարցում՝ անկախ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելուց։ Այդ հանդիպմանը մասնակցել էր նաև Արցախում գործող Ադրբեջանից հայ փախստականների միության ղեկավարը, ով հնարավորություն ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնել Արցախում ապրող հայ փախստականների հետ կապված իրավիճակը։ Բացի այդ՝ տվյալ խնդիրը ներկայացվում է Արցախի ԱԳՆ փաստաթղթերում, որոնք տարածվում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և միջազգային այլ կառույցներում։

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են հետևողական քայլերը՝ հանրապետությունում բնակվող հայ փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքները, այդ թվում, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջ մղելու ուղղությամբ։

Print Friendly, PDF & Email