Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին ուղղված բազմաթիվ շնորհավորական նամակներ են ստացվել

09.06.2020

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ուղղված իր շնորհավորական նամակում վստահություն է հայտնել, որ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները ի սպաս կդրվեն՝ հանուն Արցախի Հանրապետության անվտանգության և միջազգային ճանաչման։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորել են նաև Արցախի մի շարք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ովքեր նրան մաղթել են հետագա արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության:

Մասիս Մայիլյանին ուղղված շնորհավորական նամակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ երկու գերատեսչությունների ղեկավարների մակարդակով շարունակական երկխոսության միջոցով կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, մեծացնել կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ներգրավվածությունը և դրանով իսկ բարձրացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մասիս Մայիլյանին շնորհավորել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը արտաքին քաղաքականության և անվտանգության բնագավառներում։

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր շնորհավորական նամակում կարևորել է ազգային համախմբումն այժմյան դժվարին ժամանակահատվածում և նոր հաջողություններ մաղթել Մասիս Մայիլյանին։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր շնորհավորական ուղերձում կարևորել է Արցախի նորընտիր բարձրագույն իշխանության հետևողական հանձնառությունը՝ Արցախի միջազգային ճանաչման և պետականության կայացման հարցերում առկա գործընթացների շարունակականության ապահովմանը։ Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը համոզմունք է հայտնել, որ նախարար Մայիլյանը կշարունակի ակտիվորեն զարգացնել Արցախի և Ռուսաստանի միջև համագործակցությունը, ամրապնդել հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը, նոր ազդակ հաղորդել Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական համայնքի հետ հարաբերություններին։

Ռամկավար ազատական կուսակցության վարչության ատենապետ Մայք Խարապեանն իր շնորհավորական նամակում ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է նեցուկ կանգնել Արցախի արտաքին գործերի նախարարությանը՝ հանուն համահայկական շահերի իրականացման։

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների նախագահ Սերխիո Նահապետյանը Արգենտինայի հայ համայնքի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ Արցախի Հանրապետության դիվանագիտական բնագավառում նոր նվաճումներ արձանագրելու նպատակով։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հավաստիացրել է, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակելու է անվերապահ աջակցություն ցուցաբերել Արցախին և նրա ժողովրդին՝ հանուն Արցախի բարօրության և զարգացման, ինչպես նաև շարունակելու է համագործակցությունը՝ ուղղված եվրոպական տարբեր երկրների և Արցախի միջև հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը:

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն, Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևը իրենց շնորհավորական նամակներում բարձր են գնահատել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հետ առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ապագայում զարգացնելու կառուցողական երկխոսությունը երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ՝ ի նպաստ Արցախի և Սփյուռքի հետ կապերի հետագա ամրապնդման: Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը վերահաստատել է վճռականությունը՝ շարունակելու միջազգային տարբեր հարթակներում սատարել Արցախի Հանրապետությանը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված ջանքերում, ինչպես նաև զորակցություն է հայտնել Արցախին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածմամբ պայմանավորված մարտահրավերին դիմագրավելու գործում։

Մասիս Մայիլյանին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը», որտեղ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Արցախի նորընտիր իշխանությունների հետ։

Շնորհավորական նամակներ են ստացվել նաև ՀՀ մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև տարբեր երկրների հասարակական և քաղաքական գործիչների կողմից։

Print Friendly, PDF & Email