ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

06.05.2020

Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ հասցեագրված կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ 1992 թ. փետրվարին ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները կեղծելու Ադրբեջանի չդադարող փորձերի կապակցությամբ:

Փաստաթղթում փաստարկներ են բերվում առ այն, որ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի գործողությունները՝ ուղղված գնդակոծությունների և Խոջալուում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կրակային դիրքերի չեզոքացմանը, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակմանը, պայմանավորված էին բացառապես ռազմական անհրաժեշտությամբ և համապատասխանում էին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին:

Հակառակը՝ ադրբեջանական կողմը վերը նշված իրադարձությունների ընթացքում կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես, ռազմավարական դիրքերի պահպանման նպատակով Ադրբեջանի իշխանությունները որոշում էին ընդունել չտարհանել քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանական զինծառայողների կողմից պատսպարվելու նպատակով խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այլև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի /բ/ կետի /xxiii/ ենթակետի համաձայն՝ հավասարազոր է ռազմական հանցագործության:

Հետևյալ հանգամանքների ողբերգական զուգադիպումը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միտումնավոր խախտումը, Ադրբեջանի ներսում իշխանության համար պայքարը և դրանով պայմանավորված՝ ադրբեջանական զինված ուժերում հրամանատարության միասնականության բացակայությունը հանգեցրին նրան, որ եղան մարդկային զոհեր` չնայած Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված պաշտպանական բոլոր միջոցառումներին, ներառյալ՝ գործողության մասին վաղօրոք նախազգուշացումը և մարդասիրական միջանցքի ստեղծումը:

Ադրբեջանը շարունակում է կեղծարարության և ապատեղեկատվության քաղաքականություն իրականացնել՝ ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կեղծ պնդումներ տարածելով՝ ադրբեջանական հանրության շրջանում հակահայկական հիստերիայի և հայերի հանդեպ ատելության արմատավորման նպատակով:

Print Friendly, PDF & Email