Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

04.03.2020

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ։

Պատասխան՝ Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան սատարել է ադրբեջանական կողմին:

Ավելին, 2016 թ. ապրիլին Թուրքիան բացահայտ կերպով աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես, միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։

Print Friendly, PDF & Email