ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.12.2019

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ԱՀ օրենքի և ԼՂՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 30-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 559 որոշման՝ ԱՀ ԱԳՆ մրցութային - ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝

Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կցորդի պաշտոնի համար՝ 1 հաստիք:

Կցորդի պաշտոնային դրույքաչափը 124 հազար դրամ է:

Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.

 1) հայերենին և առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,

2) բարձրագույն կրթություն (համաձայն ԼՂՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 30-ի թիվ 559 որոշմամբ հաստատված մասնագիտությունների),

3) համակարգչային գիտելիքներ:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` ԱՀ Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացությունը, վերլուծական ունակությունները և լեզուների իմացությունը ստուգելու նպատակով գրավոր քննության ու հարցազրույցի ձևով:

Գրավոր քննությունն անցկացվելու է 2020թ․ փետրվարի 7-ին։

Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել գրավոր քննության առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

ա/ դիմում (լրացվում է տեղում),

բ/ անձնագրի պատճենը,

գ/ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,

դ/ բժշկական տեղեկանք ԼՂՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 30-ի թիվ 559 որոշմամբ հաստատված ցանկում նշված հիվանդություններով չտառապելու մասին,

ե/ ինքնակենսագրություն,

զ/ աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,

է/ զինապարտ լինելու դեպքում` զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամանակային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,

ը/ 4 լուսանկար` 3/4 սմ չափի: Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հաստատող այլ փաստաթղթեր:

Քաղաքացին փաստաթղթերի պատճենները ներկայացնում է բնօրինակների հետ միասին, անձամբ:

Վերը նշված փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է 2020թ․ հունվարի 8-15-ը՝ աշխատանքային օրերին:

Հեռախոս՝ 97 12 77:

Print Friendly, PDF & Email