Մասիս Մայիլյանի հարցազրույցը 168.am լրատվական գործակալությանը

13.12.2019

Ադրբեջանը փորձում է իրեն վերագրել Արցախի նկատմամբ որոշ իրավունքներ, որոնք նա չունի․ Մասիս Մայիլյան

– Պարոն Մայիլյան, ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Բրատիսլավայում կայացավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Հատկանշական է այն հանգամանքը, որ հանդիպմանն ընդառաջ՝ պաշտոնական Բաքուն Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը, թեև նորություն չէր հայկական կողմի համար, սակայն մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում:Որպես եզրափակում՝ ադրբեջանական դիրքորոշման փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս, ինչն ըստ էության վերջնագիր է հայկական կողմերին: Նման դիրքորոշման հրապարակումը բանակցային ներկայիս փուլում, երբ կողմերը խոսում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման մասին, այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում, ինչի՞ մասին է խոսում: Ինչպե՞ս կարձագանքեք դրան:

– Պնդումները, թե դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի տարածած հուշագիրն իրենից ներկայացնում է վերջնագիր, չափազանցություն է։ Նմանօրինակ փաստաթղթեր ադրբեջանական կողմն ամեն տարի տարածում է տարբեր միջազգային կազմակերպություններում։ Հուշագրի դրույթները ներկայացնում են պաշտոնական Բաքվի հայտնի դիրքորոշումը, որին ադրբեջանական իշխանությունները հավատարիմ են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ամենասկզբից։ Ադրբեջանի նման ապակառուցողական դիրքորոշումը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը և խաղաղ կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտն է հանդիսանում։ Ադրբեջանի առաջարկությունները, ըստ էության, նշանակում են վերադարձ իրավիճակին, երբ սկզբնավորվեց հակամարտության ժամանակակից փուլը։ Ադրբեջանն ապարդյուն փորձեր է կատարում՝ իրեն վերագրելու Արցախի նկատմամբ որոշ իրավունքներ, որոնք նա չունի։ Որքան շուտ Բաքուն հրաժարվի այս՝ վաղուց արդեն հնացած և անիրատեսական մոտեցումներից, այնքան շուտ հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն։ Միջազգային ուժային կենտրոնները կարող են օգնել Ադրբեջանին ընդունել իրողությունները։

Անհրաժեշտ է նաև նշել, որ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, իր հերթին, միջազգային կազմակերպություններում տարածում է փաստաթղթեր, որոնցում ներկայացվում են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության պատճառները և հետևանքները, Արցախի իշխանությունների դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների վերաբերյալ, ինչպես նաև բերվում են փաստարկներ, որոնք հերքում են Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և կանխակալ կերպով մեկնաբանելու միջազգային իրավունքի նորմերն ու միջազգային փաստաթղթերի առանձին դրույթները։

 

– Թեև ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը պնդում են, որ առանց Արցախի ուղիղ մասնակցության՝ կարգավորման բովանդակային հարցերի շուրջ քննարկումներ չեն կարող լինել, բանակցությունները շարունակվում են Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: Նախադրյալներ տեսնո՞ւմ եք բանակցություններում Արցախի Հանրապետության ուղիղ ներգրավման համար, երբ Ադրբեջանը նման դիրքորոշում է հրապարակում:

-Նախ, ներկայումս, դասական առումով, չկա բանակցային գործընթաց, 1997 թվականից սկսած միջնորդների կողմից կիրառվում է մաքոքային դիվանագիտության (shuttle diplomacy) մեթոդը։ Այժմ ընթանում են խորհրդատվություններ, որոնց գլխավոր խնդիրն է՝ հակամարտության գոտում կայունության և կանխատեսելիության ապահովումը, ինչպես նաև հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը՝ ուղղված կարգավորման գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի անհրաժեշտությանը, ապա կարող ենք միանշանակ փաստել, որ այս հարցում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումները համընկնում են։ Եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնման հնարավորության մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ստեղծված իրավիճակում ականատես ենք լինում, որ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը հակազդում է ադրբեջանական կողմը՝ հանդես գալով անհիմն նախապայմաններով և առաջարկություններով՝ բացահայտ կերպով ի ցույց դնելով հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հարցում պաշտոնական Բաքվի քաղաքական կամքի և իրական պատրաստակամության բացակայությունը։

Հայաստանը եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը չի առաջադրում՝ որպես նախապայման, շարունակում է իր կառուցողական մասնակցությունը խաղաղ գործընթացին, առաջ է տանում Արցախի Հանրապետության՝ բանակցությունների սեղան՝ որպես լիիրավ կողմ վերադարձի թեման, և ջանքեր է գործադրում գործընթացին Արցախի իշխանությունների ավելի լայն ներգրավվածության համար: Կարծում եմ՝ հայկական կողմերը բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման համար բավական ներուժ ունեն:

– Ինչպե՞ս եք գնահատում կայացած նախարարական հանդիպման արդյունքները, և ըստ Ձեզ՝ ի՞նչ հարցեր են նախարարները քննարկում այս փուլում ժամեր շարունակվող հանդիպումների ընթացքում:

-Այժմ ջանքերը հիմնականում ուղղված են խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը, մասնավորապես, շփման գծում կայունության ապահովմանն ու հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Այս ուղղությամբ կարևոր ենք համարում ս.թ. նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի ունեցած՝ Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերը։

Մեր տեսանկյունից արդիական են նաև հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ավելացման հարցերը, ինչպես նաև այլ նախաձեռնություններ, որոնք թույլ կտան բացառել հակամարտության ռազմական էսկալացիայի հավանականությունը:

– Դեկտեմբերի 3-ին Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսեց այն մասին, որ ԼՂ ապագան պետք է որոշի ԼՂ ողջ բնակչությունը, նա նաև նշեց, որ անհրաժեշտ է վերականգնել Ղարաբաղյան համայնքների միջև շփումները: Դուք տեսնո՞ւմ եք արդյոք նման հնարավորություն: Ինչո՞ւ է այս հարցն այսօր բարձրացվում:

– Առաջին հերթին՝ անհրաժեշտ է նշել, որ Արցախի ժողովուրդն իր քաղաքական կարգավիճակը որոշել է 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին: Տեղին է նաև ընդգծել, որ այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում Արցախի իշխանությունները ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ադրբեջանական բնակչության մասնակցության համար, որը, սակայն, ոչ միայն անտեսել է քվեարկությունը, այլ նաև աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին:

Ավելին, ո՛չ Արցախի քաղաքական համակարգը, ո՛չ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չեն կրել միջհամայնքային բնույթ: Հետևաբար՝ այսպես կոչված, «միջհամայնքային երկխոսության» գաղափարը, մեր խորին համոզմամբ, արհեստական օրակարգ է, որն առաջ է տանում ադրբեջանական կողմը՝ ի վնաս խաղաղ գործընթացի, քանի որ աղավաղում է հակամարտության բուն էությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Արցախի ներկայացուցիչները երբեք չեն մասնակցել այս ձևաչափով միջոցառումներին:

– Պարոն Մայիլյան, դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներից՝ ասելով, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հայկական կողմն իր պարզաբանումները պետք է ստանա և դեռ չի ստացել: Իսկ Դուք ձեր նախկին հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ Մարիդյան սկզբունքները համարում եք հնացած: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 4-ին տարածված փաստաթղթով հստակ գծագրեց իր դիրքորոշումը, իսկ ո՞րն է հայկական կողմերի դիրքորոշումը, ինչպիսի՞ քայլերի հերթականությամբ ենք մենք պատկերացնում կարգավորումը:

– Ինչպես բազմիցս ենք նշել, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

Բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բանակցությունների եռակողմ ձևաչափը՝ գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ՝ որպես հակամարտության լիիրավ կողմ։ Այս առումով հարկ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Միայն գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածության դեպքում է հնարավոր իրական առաջընթաց ապահովել։ Այդ մասին են վկայում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների արդյունքում շուրջ տասը երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, որոնք և ճանապարհ հարթեցին 1994 թ. մայիսի 12-ին՝ հրադադարի մասին, 1994 թ. հուլիսի 27-ին՝ հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը հաստատելու մասին, և 1995 թ. փետրվարի 6-ին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ձեռքբերման համար։

Առանցքային նշանակություն ունի նաև խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովումը, այդ թվում՝ շփման գծում հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ավելացման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման միջոցով։

Տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատման համար պարտադիր պայման է հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը:

Print Friendly, PDF & Email