Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը

04.10.2019

Ողջունում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստասշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։

Հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ., միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների հարգման երաշխավորումը՝ հիմնված արդարության և հավասարության վրա, հանդիսանում են կայունության, զարգացման և տևական խաղաղության հիմքը։ Այս կապակցությամբ կարևոր ենք համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների օգտագործման համար՝ բոլոր ներգրավված կողմերի հետ շփումների միջոցով։ Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի քաղաքականացման բոլոր փորձերը պետք է խստորեն կանխարգելվեն։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները՝ ներառյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Print Friendly, PDF & Email