Արցախի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

07.10.2019

Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը (ԱՀՀ), որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՀՀ ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԱՀՀ պատվիրակությունների ավանդական դարձած այցելություններն Արցախ, որոնք հնարավորություն են ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել հանրապետությունում իրողությունների և արձանագրված ձեռքբերումների մասին։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը և ընդգծել կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ԱՄՆ-ում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը, այդ թվում՝ Միացյալ նահանգների կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրման հարցում ակտիվ աջակցությանը։

Հյուրերի խնդրանքով արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են Արցախի իշխանությունների և Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը ։

Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ կապված Արցախում պետականաշինության գործընթացին, վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև երկրում սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Print Friendly, PDF & Email