Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունին

01.10.2019

Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ։

ԱԳ նախարարը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի հետևողական ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ միջև հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին։ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային համագործակցության բնագավառում ամերիկյան ուղղությունը կարևոր տեղ է զբաղեցնում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ներուժը և ԱՄՆ հետ հաստատված բարեկամական կապերը։ Կողմերն ընդգծել են շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Արցախի և ԱՄՆ քույր քաղաքների միջև, ինչպես նաև Արցախի և ԱՄՆ նահանգների հետ, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են հանրապետության անկախությունը սատարող բանաձևեր։

Կոնգրեսական Փալոնեի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած վերջին սադրանքներին։ Կողմերի գնահատմամբ՝ նշված միջադեպերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման հրատապությունը։

Print Friendly, PDF & Email