Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոսի քաղաքապետին

27.09.2019

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու երկրին, հանրապետությունում պետականաշինության գործընթացում, հատկապես՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։

Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով արտաքին կապերի հաստատումը՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և թե՛ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի քաղաքներից մեկի և Ստրովոլոս քաղաքի միջև մարդասիրական տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը, Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ Կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը։

Print Friendly, PDF & Email