Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

20.09.2019

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում գտնվող Իզերի նահանգապետարանի շենքի նիստերի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրել են Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն։ Այն տասնչորսերորդն է Ֆրանսիայի և Արցախի վարչատարածքային միավորների միջև ստորագրված համաձայնագրերի շարքում։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տարածաշրջանում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, նահանգի վարչակազմի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ:

Հովհաննես Գևորգյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերը կրթական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության հնարավորություն ընձեռելուց զատ ծառայում են որպես ժողովուրդների միջև բարեկամության կամուրջներ, որոնց շնորհիվ Արցախը ճեղքում է քաղաքական, տեղեկատվական և հոգեբանական այն շրջափակումը, որն Ադրբեջանն ամեն գնով փորձում է պահպանել:

Print Friendly, PDF & Email