Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «News.am» գործակալությանը

12.07.2019

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզարշավին՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու նպատակով։

Պատասխան. Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը զինված խմբի կազմում ապօրինի կերպով մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Հանցավոր խմբի անդամներն իրականացրել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց թվում են՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումը և սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վնասվածքների հասցնումը։ Նրանց նկատմամբ դատական գործընթացը եղել է բաց և իրականացվել է ազգային և միջազգային արդարադատության նորմերին համապատասխան։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ այս հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինվել և ուղարկվել է Արցախ՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, որը կասեցվել է Արցախի իրավապահ մարմինների կողմից։

Ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, այնպես էլ դիմելով միջազգային կազմակերպություններին՝ աջակցել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հարցում, ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի և իրավական պաշտպանության իրավունքի բացահայտ ժխտում և ոտնահարում։ Տվյալ քարոզարշավը հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պետական քաղաքականության մասն է կազմում, որն ուղղված է Ադրբեջանում հայատյացության հրահրմանը և հայերի նկատմամբ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Նման քաղաքականությունն ցուցադրում է, թե ինչպիսի արժեքների վրա է հիմնված ադրբեջանական պետականությունը։

Արցախի ԱԳՆ-ն բազմիցս իրազեկել է միջազգային հանրությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպություններում՝ ներառյալ ՄԱԿ-ՈՒՄ և ԵԱՀԿ-ում հուշագրերի տարածման միջոցով՝ Ադրբեջանի տվյալ քաղաքացիների կողմից իրագործված հանցագործությունների և դատական գործընթացի վերաբերյալ։

Print Friendly, PDF & Email