Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը

28.06.2019

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում:

Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և Թրանսփարենսի ինթերնեշնլի միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանն ընդգծել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

Print Friendly, PDF & Email