ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

24.04.2019

Ապրիլի 23-ին Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:

Այցի առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։

Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։

Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի անդամ, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Print Friendly, PDF & Email