Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

15.04.2019

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Կողմերը կարևորել են գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերական անցկացումը` նշելով, որ դրանք կնպաստեն երկու հայկական պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Կողմերը ևս մեկ անգամ անդրադարձ են կատարել Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:

Նախարարները նաև մտքեր են փոխանակել հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հումանիտար միջոցառումներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Մասիս Մայիլյանը վերահաստատել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի և կողմերի միջև արդյունավետ երկխոսության ապահովման համար առանցքային է Արցախի Հանրապետության լիարժեք և ուղղակի ներգրավվածությունը։

Print Friendly, PDF & Email