Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը

27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսից ժամանած խորհրդարանականների պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի միջազգային կապերի ու տարբեր երկրների սուբյեկտների հետ համագործակցության հաստատման փորձը։ Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման, միջազգային գործընթացներում ներգրավվածության ապահովման և արտերկրում Արցախի մասին իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել՝ ջանքեր գործադրել Կիպրոսում, ինչպես նաև եվրոպական տարբեր կառույցներում Արցախի մասին իրական պատկերը ներկայացնելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ։

Print Friendly, PDF & Email