Որոնում:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին - MFA NKR

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին



2018-09-10 16:31

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ ղեկավարը ողջունել է Քերոլայն Քոքսի հերթական այցելությունն Արցախ՝ այն կարևորելով հանրապետությունում առկա իրավիճակին ու տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին ծանոթանալու առումով։ Նախարարը բարձր է գնահատել բարոնուհու ջանքերը՝ ուղղված արտերկրում Արցախի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև հանրապետությունում մարդասիրական խնդիրների լուծմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Արցախի միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com