ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումը պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

20.07.2018

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խորհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է դիվանագիտական անձնակազմին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով ԱԳՆ դերը Արցախի պետական կառավարման մարմինների արտաքին կապերի զարգացման ու ամրապնդման գործում։

Պետական նախարարն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմին ու արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչներին է ներկայացրել տնտեսության գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ու հետագա զարգացման միտումները։ Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է նաև հանրապետությունում ներդրումային դաշտի առանձնահատկություններին ու առկա ցուցանիշներին։

Երկուստեք կարևորվել է արտաքին ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու արտաքին տնտեսական կապերի ակտիվացումը։ Այս առումով ընդգծվել է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ու շահագրգիռ կառույցների համագործակցության կարևորությունը։

Հանդիպման վերջում Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։

Print Friendly, PDF & Email