Որոնում:

Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ ղեկավարի կողմից - MFA NKR

Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ ղեկավարի կողմից


2018-07-20 17:44

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է․

«Մոտ երեք տասնամյակ առաջ համայն հայությունը միահամուռ կերպով ոտքի կանգնեց՝ սատարելու ինքնորոշման իրավունքի իրացման ուղին բռնած Արցախի ժողովրդին: Տպավորիչ է, որ չնայած պատերազմի ծանր հետևանքներին և տնտեսական շրջափակմամբ պայմանավորված մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդն ապացուցեց իր վճռականությունը և կարողությունը՝ կառուցելու կենսունակ և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն՝ կյանքի կոչելով պայքարի գաղափարախոսների՝ հզոր և ինքնիշխան Արցախ կերտելու երազանքը։

Այս տարիների ընթացքում արցախահայությունը ստեղծել է կայուն պետականություն՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով, հասարակության, կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ հաստատել պետական գործուն կառույցներ, որոնցից է նաև արդեն քառորդդարյա հոբելյանը նշող Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Ի հեճուկս բոլոր սահմանափակումների, ճնշումների և մարտահրավերների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունն իր անձնակազմի ամենօրյա նվիրյալ աշխատանքի շնորհիվ հետևողականորեն կրում է իր կարևոր առաքելությունը՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, միջազգային հարթակում արցախահայության ձայնը լսելի դարձնելուն և երկրի անվտանգության ամրապնդմանը։ Մեր երկու գերատեսչությունների միջև հաստատված  սերտ համագործակցությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը միջազգային հարթակում արցախահայության շահերի պատշաճ ներկայացման առումով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս հոբելյանի առիթով և ցանկանում հավակնոտ ծրագրեր ու ապագային միտված առաջադեմ նախագծեր՝ ի բարօրություն ողջ արցախահայության»։   

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com